«Հայաստան» դաշինքն այսօր Դիլիջանում ամփոփելով Տավուշում անցկացրած քարոզարշավը, նշեց, որ հունիսի 20-ին ժողովուրդը կորոշի փակել այս խայտառակ էջը և բացել նոր, հզոր էջ։
«Այս ընտրությունները ամենաճակատագրական ընտրություններն են։ Այո, այս ընտրությունը պետություն ունենալ և չունենալու ընտրությունն է։ Հետևաբար այս ամեն ինչին պետք է մոտենանք այս վճռականությամբ։ Ես վստահ եմ, որ դուք և բոլոր քաղաքացիները, որոնք այստեղ չեն, գիտակցում են, որ որոշելու են ստեղծված իրավիճակի ելքը և համատեղ ուժերով հունիսի 20 -ին քշելու ենք չարիքի կառավարությանը և սկիզբ դնենք ուժեղ և հզոր Հայաստանի կերտմանը»,- ասել է դաշինքի թեկնածուներից Իշխան Սաղաթելյանը։
Սաղաթելյանն ընդգծեց, որ երկիրն այս պահին ունի երեք գլոբալ խնդիր՝ անվտանգություն, տնտեսություն, կայունություն և ներազգային համերաշխություն.
«Մենք այս երեք ուղղություններով ներկայացնել ենք մեր ծրագիրը և ասում ենք, որ կարճ ժամանակահատվածում ձեր օգնությամբ մենք ունենալու ենք հաջողություն»։
Կարդացեք նաև
Դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանն էլ իր խոսքում ընդգծեց, որ Դիլիջանը առողջարանային կայացած քաղաք է և իրենց նպատակը քաղաքի նկատմամբ նոր հետաքրքրություններ ստեղծելն է.
«Պետք է նոր հնարավորություններ ստեղծել Դիլիջանի բնակիչների համար։ Ձեր քաղաքի բարեկեցությունը ուղղակի կապված է երկրի վիճակի հետ։ Լարված, անկայուն և անկանխատեսելի երկիր տուրիստները չեն գալիս։ Մյուս կողմից տնտեսական ճգնաժամում գտնվող երկրում ներքին տուրիզմը չի զարգանում, քանի որ մարդկանց եկամուտներն են պակասում։
Հետևաբար դուք այն քաղաքացիներն եք, որոնք պետք է շահագրգռված լինեն երկրում կայունություն հաստատելու համար։ Փոփոխությունը վայրկենական ազդելու է ձեր քաղաքի բարեկեցության վրա։ Ընդհանրապես հնարավոր չէ երկրում ինչ-որ կետ զարգացնել, եթե երկիրը ճգնաժամի մեջ է, իսկ մենք ունենք անվտանգության առումով պրոբլեմատիկ երկիր, ունենք տնտեսական ճգնաժամ, գործազրկության և արտագաղթի աճ»։
Քոչարյանը առանձնացրեց հատկապես սփյուռքահայ տուրիստներին՝ նշելով, որ պետք է երկիրը դարձնել նորից հպարտանալու երկիր.
«Մեր տուրիստական հոսքերում էական տեղ են զբաղեցնում մեր սփյուռքահայերը, թե նրանք ինչ տպավորություն ունեն Հայաստանից, դա այն երկիրն է, որով հպարտանում ես և ցանկանում ես քո արձակուրդն անցկացնել այնտեղ։ Հայաստանը այն երկիրն է դարձել, որ մի քիչ այլ շրջապատում չեն ուզում ասել, որ դու պարտված երկրի հայրենակից ես։ Ուրեմն բոլոր առումներով մենք պետք է անենք ամեն ինչ, որ երկիրը ունենա հուսալի պաշտպանվածություն, որ երկրի սահմանները լինեն վստահելի ձևով պաշպանված, որ մենք հաղթահարենք տնտեսական ճգնաժամը, կանգնեցնենք արտագաղթը և անենք ամեն ինչ, որ յուրաքանչյուր հայ նորից սկսի հպարտանալ իր երկրով, որովհետև պարտված և հաղթած պետությունների կեցվածքը այլ է»։
Պետք է հաղթահարենք երկրում առկա կառավարական ճգնաժամը, բանիմաց ու փորձառու թիմ բերենք իշխանությանը և դրա հնարավորությունը ընտրությունները տալիս են»։
Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ