Պատերազմի ավարտից հետո Խծաբերդի հատվածում գերի ընկածների հարազատներն այսօր Գյումրիում «Ազատական» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանից հարցրեցին, թե ինչպես պետք է լուծվի տղաների հայրենադարձման հարցը։ Նրան նաև հարցրեցին, թե ով պիտի պատասխան տա, որ տղաներին տարան Խծաբերդ ու հայտնվեցին Բաքվի բանտերում։
Սամվել Բաբայանն ասաց․«Ես չեմ կարող ասել, զինվորականները պետք է պատասխան տան՝ ով է հրաման տվել, տանեն էնտեղ, բայց տղաների հարցը պետք է փոխանակում լինի։ Եվ երբ որ ես ասում եմ արագ բանակ, արագ այս խնդիրները լուծեք կամ այլ քաղաքական ձևով ՝ տասը մի անգամ, տասը Ռուսաստանին կտան, տասը՝ Ամերիկային, տասը եվրոպացիք կխնդրեն, կամաց-կամաց պիտի բերեն, ուրիշ ձև չկա։
Չեմ կարա ստեմ ձեզ, ասեմ ուրիշ ձև կա։ Մենք հնարավորություն ունենք շատ լավ ժամանակում գերի վերցնենք և փոխանակենք, հենց էդ տարածքներից, որտեղ իրենք մտել են մեր Հայաստանի պետական տարածքներ», -ասաց Սամվել Բաբայանը։
Ըստ նրա, երբ ասում է ձայն տվեք «Ազատական» կուսակցությանը, նպատակը ոչ թե վարչապետ դառնալն է, այլ ռազմական գերատեսչությունը վերցնելը, այն հզորացնելը, որպեսզի չգնան Ադրբեջանի դուռը ծեծեն, այլ Ադրբեջանը նստի, բանակցի ու գերիներին փոխանակի։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ