Այսօր «Հայ ազգային կոնգրես» կուսակցության ներկայացուցիչները Վանաձորի Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատում հանդիպեցին իրենց համակիրների հետ:
Կուսակցության փոխնախագահ Լեւոն Զուրաբյանը վանաձորցիների հետ հանդիպման ընթացքում ասաց, որ իր համար զարմանալի է այն, որ դեռ կան մարդիկ, որոնք շարունակում են հավատալ Նիկոլ Փաշինյանին. «Ժողովուրդն այնքան երախտապարտ է Նիկոլ Փաշինյանին՝ ռոբասերժական այդ ճորտատիրական կարգերից նրանց ազատելու համար, որ չի ցանկանում լքել Նիկոլ Փաշինյանին անգամ այս աղետալի սխալներից հետո»,- ասաց Զուրաբյանը:
Կուսակցության պատգամավորի թեկնածուն ասաց, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ու «Հայաստան» դաշինքը դիմել են Երեւանի քաղաքապետարան՝ իրազեկելու ընտրություններին հաջորդող 4 օրերի ընթացքում մայրաքաղաքում հանրահավաքներ անցկացնելու մասին. «Էդ օրերին պլանավորված են 2 կողմից քաղաքացիական ընդհարումներ: Երկու ուժերն էլ ցույց են տալիս, որ հանուն իշխանությունը պահպանելու կամ հանուն իշխանությունը վերցնելու նրանք պատրաստ են գնալ բառիս բուն իմաստով քաղաքացիական պատերազմի»,- ասաց Զուրաբյանը՝ նշելով, որ հետընտրական բախումները կարող է կանխել միայն իրենց կուսակցությունը. «Ինչքան շատ ձայն կարողանա հավաքել Լեւոն Տեր-Պետրոսյանը եւ ՀԱԿ-ն այս ընտրություններում, այդքան քիչ հավանական է լինելու քաղաքացիական պատերազմի սկիզբը Հայաստանում»:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ