Այսօր Գյումրիում «Ազատական» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանը կրկնեց բազմիցս արտահայտած իր այն միտքը, որ մենք բանակ չունենք, այն 20 տարի «լափել են»։
«Մենք պիտի պատրաստվենք բանակ ունենանք։ Հենց այդ բանակն ունենանք, մեր խնդիրները լուծվելու են, այսինքն՝ ոչ թե պատերազմ, այդ ադրբեջանցին պիտի տեսնի, որ հայերը նորից ոտքի են կանգնել, գնա փոխզիջման։ Քո ուժը պիտի ցուցադրես, եթե այսօր Հայաստանի Հանրապետության սահմանը չես կարող պահել, դիմում ես երրորդ պետության, որ գա, քո տեղը պահի։ 25 տարի պետության գումարը տարել, մտցրել եք այդ բանակը, ասել եք, որ մենք հզոր բանակ ունենք, պարզվել է՝ բանակ ընդհանրապես չունենք»,-ասաց Սամվել Բաբայանը։
Նրան անկուսակցական Ցոլակ Մարտիրոսյանը հարցրեց․ «Այսինքն, այս 3 տարին բավարա՞ր չէր իշխանությանը, որ նոր տեխնիկա բերեր, սպառազիներ բանակը»։
Վերջինս ասաց, որ 6 «Պանցիր» զենքի նորացված տեսակը բավարար էր, որ ողջ Արցախի օդը փակվեր և պաշտպանվեին Հայաստանի որոշ սահմանները։
Կարդացեք նաև
«90 միլիոն դոլար չգտնվեց Հայաստանի Հանրապետության բյուջեում, որպեսզի պաշտպանվեր Արցախի օդը, և մեր զինվորն ավելի անվտանգ լիներ, ճիշտ մարտ վարեր, բայց պարգևավճարների համար միլիոնավոր դոլարներ ԱԺ-ով, քաղաքապետարաններով, վարչական տարածքներով, էլ չեմ ասում ՊԵԿ-ով ու քարտուղարուհիներով գտնվե՞ց, արդյո՞ք բարոյական է այսօրվա իշխանության արածը »,-ասաց Ցոլակ Մարտիրոսյանը։
Սամվել Բաբայանը նշեց, որ ինքը ո՛չ ՔՊ-ի անդամ է, ո՛չ էլ կառավարության։
«2018 թվականին «Տոր-Մ» էր պատվիրել Ռուսաստանին, Ռուսաստանը տվել է 200 միլիոն կրեդիտ, որ էդ «Տոր-Մ»-ը տա մեզ, ճի՞շտ է։ Վեց «Տոր» ուղակել է մինչ պատերազմը, վեցը ուղարկել էր պատերազմից 7 օր մնացած, էն վեցն էլ հլա ուղարկում են, պատվերը եղել է 2018 թվականին, և պատվիրել է էն մի իշխանությունը, ոչ թե էս մյուսը»,-ասաց Սամվել Բաբայանը։
Նա ասաց, որ ՌԴ-ից Հայաստանին տրամադրելու համար նախատեսված 6 տեխնիկայից հինգը փչացած է եղել։
«Ռուսաստանը ամսի 21-ին ասում է՝ մեզանից մարդիկ ուղարկեք, որ գան , բուկ համակարգի վրա պատրաստվեն, հետո ամսի 27-ին պարզվում է բուկ համակարգի վեց տեխնիկայից հինգ փչացած է, պետք է որ ամսի 3-ին գա, ամսի 3-ին վերականգնեն, ամսի 10-ին մեզ տան։
Հասկանում եք ի՞նչ եմ ասում, ամսի 27-ին մեզ պիտի տային, իրենք չգիտեի՞ն, որ դա փչացած է, հետո ասին՝ ամսի 3-ին մասնագետները գալու են, ուզում եմ ամսաթվերով ասել, որ դուք լավ կողմնորոշվեք։ Այսինքն, դուք որ ասում եք վաղը տարանք փողը տվինք, թող տան, չեն տալիս», – ասաց Սամվել Բաբայանը։
Նա թվարկեց, թե 2013 թվականին ինչ զինատեսակներ է գնել ու մի ցուցակ է տվել իշխանություններին։
«Ձեր գովաբանած իշխանությունները ինչի՞ չեն առել։ Էն մեկը պատերազմ անցած էր, պիտի հասկանային, էս մեկը չգիտի դրա մասին։ Էն մեկը խի չի առե՞լ, մենք միշտ պատճառաբանություններ ենք գտնում։ Վերջին տաս տարում ովքեր ղեկավարներ են ՝ սկսած գործողից՝ վերջացրած մնացածով, պարտավոր են պատասխան տալու։ Գեներալիտետն էլ, քաղաքական ղեկավարներն էլ, ամենքն էլ իր մասով, եթե քո գեներալը, շտաբի պետը զեկուցագիր չի գրում իր քաղաքական ղեկավարին այ էդ ձեր ասած «Պանցիր»-ները, որ անհապաղ պետք են, պիտի վճարենք, բերենք, որովհետև պատերազմը պարտվում ենք։
Կամ ասում է՝ ես երրորդ օրը հասկացա, վիճակը լավ չէ, մենք պարտվում ենք, բայց ոչ հրաժարական է տալիս, ոչ բան, տեղից չի շարժվում, նստում է, ասում է՝ Նիկոլ, բան արա դու, կռիվը կանգնեցրու, ոնց որ Նիկոլն է կռիվը սկսել, Նիկոլը պիտի կանգնեցնի։ Նիկոլը սկի իրան չի կարում կանգնեցնի, մնաց կռիվը կանգնեցնի։ Հասկանում եք, ձեռ են առնում, 25 տարի պատրաստել ենք բանակ, որից հետո հասկացել, որ բանակ չունենք, պարտվում ենք ու աթոռից էլ չես ելնում, որ ուրիշն անի»։
Նա նաև նշեց, որ իրենից կախված ամեն ինչ անելու է, որպեսզի պատերազմի բոլոր մեղավորները պատժվեն, դատվեն, պատասխան տան, ամեն ինչ բացահայտվի։ Ըստ նրա, արդեն երեք անգամ եղել է քննչականում։
«Չեմ գտնում, որ իր երեխան, իմ թոռը պետք է այդ գեներալներին կամ էդ ղեկավարներին թոշակ տա՝ 500-600 հազար, նրանք էլ լավ զգան։Ես ասում եմ՝ հետևողական գնալու եմ, որ էդ մարդկանց պագոնները պոկվեն, էդ մարդկանց մեդալները ու իրենք Վարդաշենում հանգստանան։
Ես երեկ իմ ելույթի մեջ ասել եմ Հայաստանի երրորդ նախագահին, որ նա էլ նստի պադվալում, իր հերթը գալու է ու մնացածի, ովքեր մասնակից են»,-ասաց Սամվել Բաբայանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ