Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե Ադրբեջանը մտնի ԵԱՏՄ,  Հայաստանն այդտեղ ի՞նչ է անելու, պիտի դուրս գա»․ Սամվել Բաբայան

Հունիս 13,2021 20:07

«Ազատական» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող Արցախի պաշտպանության նախկին նախարար Սամվել Բաբայանն այսօր Գյումրու Տեքստիլագործների ակումբում հանդիպեց համակիրների հետ՝ ընտրելով հարցուպատասխանի ֆորմատը։

Նա ասաց, որ փողոցներ չեն գնում, միտինգներ չեն անում, մարդկանց չեն հավաքում, որովհետև իմաստ չկա։ Հասարակության մեջ կան կուտակված հարցեր, որոնց հետ հանդիպելով  պիտի պատասխանել։

Մասնակիցներից մեկը՝ անկուսակցական Ցոլակ Մարտիրոսյանը միանգամից մի քանի հարց ուղղեց Սամվել Բաբայանին։

Հարցերից մեկը վերաբերում էր Ադրբեջանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու հրավերին։

Ցոլակ  Մարտիրոսյանն ասաց․ «Տեսնում ենք, որ արդեն դիտարկվում են ռուս-ադրբեջանական բարիդրացիական հարաբերությունները, չենք կարող ասել՝ ինչ հողի վրա են այդ լավագույն հարաբերությունները։ Պարոն Բաբայանը և իր կուսակցությունն անցնելու դեպքում ի՞նչ դիրքորոշում  կհայտնեն Ադրբեջանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու ժամանակ, մինչդեռ Շուշին ու Հադրութը դեռ օկուպացված վիճակում են գտնվում, Ադրբեջանը կարո՞ղ է լինել ԵԱՏՄ անդամ, թե՞ոչ»։

Սամվել Բաբայանը պատասխանեց․ «Ես բազմիցս հայտարարել եմ և հիմա նորից կրկնում եմ, Ռուսաստանը համարում է, որ հայկական  տարածքների, հայկական կողմի նսեմացման հաշվին կարող է Ադրբեջանին տանել ԵԱՏՄ և այլն, և այլն։ Ես ձեզ վստահեցնում եմ, որ Ադրբեջանը չի գնալու առաջինը։ Ադրբեջանի ղեկավարությունն այսօր շեյխի դերում է, չեմ գտնում, որ ինքնաբավ, նավթով, գազով, ֆինանսական որևէ խնդիր չունենալով՝ մտնի Ռուսաստանի տակ։
Ռուսաստանն ամեն գնով փորձում է  մեր իսկ հաշվին  քայլեր անի, որ Ադրբեջանը մտնի այնուամենայնիվ այդտեղ, սպասենք, կտեսնենք։ Ես գտնում եմ, որ ոչ, չի մտնելու, սա մեկ։

Եվ եթե Ադրբեջանը մտնի ԵԱՏՄ, դու այդտեղ ի՞նչ  ես անելու, Հայաստանը պիտի դուրս գա այնտեղից՝ պարզ, հստակ։ Երկրորդը,  երբ որ դուք ասում եք Հադրութ, Շուշի, մյուս օկուպացված տարածքները հետ վերադարձնեն, ինչքան դուք եք 27 տարի 7 շրջանները հանձնել, էդքան էլ իրենք են հանձնելու։

Էդ միֆերին քիչ հավատացեք, զբաղվեք պետության հզորացմամբ՝ տնտեսական և ռազմական հզորացմամբ, դուք ինքներդ եք անելու, ուրիշ մեկը ձեր փոխարեն չի անելու։ Աշխարհը մի հազարամյակ ուժի վրա է հենված, ևս մի հազարամյակ ուժի վրա կլինի հենված․ ուժեղի մոտ թույլը մեղավոր է։

Եվ 4,5 տարի հետո Ադրբեջանը հարց է դնելու ռուսական զորքերի՝ Ղարաբաղի տարածքից դուրս բերման։ Մենք՝ որպես Հայաստան, Հայաստանի պետություն ո՞նց ենք պատկերացնում այդ հարցը։ Մենք պատկերացնում ենք, որ հույսները պետք չէ դնել որևիցե այլ պետության վրա, ստեղծել հզոր բանակ, հզոր պաշտպանություն, պատրաստ լինել ցանկացած  գործողությունների, խոսք գնում է պրոֆեսիոնալ  բանակի մասին, այլ ոչ թե դիլետանտ։ Սա  է մեր մոտեցումն այդ հարցում։

Չնայած ես և մեր թիմը վստահ ենք, որ Ադրբեջանը չի գնալու դրան, այդուամենայնիվ կապ չունի՝ կգնա, թե չի գնա, մենք պիտի հզոր բանակ ունենանք, սա է մեր դիրքորոշումը»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930