«Մենք ամեն ինչ անելու ենք, որ Չարենցավանը արդյունաբերական կենտրոնի իր երբեմնի փառքը վերանվաճի»,- Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում քաղաքացիների հետ հանդիպման ընթացքում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը:
Նա հայտարարեց, որ Հայաստանում ձևավորվելու է նոր գիտական էլիտա. «Այն երիտասարդությունը, որը էներգիայով լի է, ուզում է երկրին ծառայել, մենք այդ երիտասարդ գիտնականների համար ստեղծելու ենք բոլոր պայմանները: Նաև ավագ սերնդի գիտնականների համար, որոնք իրոք ծառայում են գիտությանը, և ոչ թե կոռումպացված համակարգերին, նրանք, ովքեր իսկապես գիտնական են, և ոչ թե եղել են Ռոբերտի կամ Սերժի նախընտրական քարոզարշավի նախընտրական միմոսներ: Այդ նախընտրական քարոզարշավի միմոսներին մենք վռնդելու ենք գիտական էլիտայից, ուղարկենք իրենց տները, թո՛ղ գնան իրենց թոռներով զբաղվեն: Իրենք այլևս այս ժողովրդի առաջ կանգնելու իրավունք չունեն, որովհետև նրանք գիտությամբ զբաղվելու փոխարեն զբաղվել են կոռուպցիայով, կոռումպացված համակարգը ժողովրդից պաշտպանելով, ժողովրդին պատկանող իշխանությունը բռնազավթելով: Եվ մենք լավ բան ենք անելու նրանց համար, ասելու ենք՝ գնացեք ձեր տները, ձեր թոռների հետ մաթեմատիկա պարապեք, վե՛րջ, էդ է ձեր անելիքը»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ