Հայ 15 գերիների վերադարձը ոչ միայն լուսավոր կետ հանդիսացավ այս անզիջում ու միմյանց ոչնչացնող քարոզարշավում, այլեւ թարմացրեց ընդհանրապես գերիների վերադարձման, փոխանակման պայմանների թեման:
Մի քանի օր առաջ «Դեբատ» բանավիճային ակումբում Aravot.am-ը Հովիկ Աղազարյանին հարց էր ուղղվել, թե ինքը կհամաձայնե՞ր իր որդուն փոխանակել Ադրբեջանում գերության մեջ գտնվող տղաների հետ, ինչին ի պատասխան իմքայլական պատգամավորը ասել էր «այո», եթե ինքը որոշող մարդ լիներ եւ իր որոշումից բան կախված լիներ. «Եթե ծնողները ասեին՝ պարոն Աղազարյան, դու անշնորհք մարդ ես, չես կարողանում հարցեր լուծել եւ այլն, եւ այլն, եւ այլն: Ես կարող եմ էդ դեպքում գնալ էդ քայլին: Ես համաձայն չեմ, ինքս ինձ հետ հաշտ չեմ լինի, բայց ես էլ եմ պատրաստ»:
Հարցին պատասխանելու, ավելի ճիշտ, Նիկոլ Փաշինյանի հայտարարության բովանդակությունը մեկնաբանելու ցանկություն հայտնեց բանավիճող կողմ՝ ԱԺԲ-ին աջակցող Արա Պապյանը: «Ես կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանի այդ հայտարարությունը քրեական պատասխանատվության ենթակա տարրեր ունի իր մեջ, որովհետեւ ինքը խոսում է թրաֆիքինգի մասին: Ինքը ՀՀ քաղաքացի Աշոտ Փաշինյանին ինչ-որ օտար երկրի հանձնելու պատրաստակամություն է հանձնում: Աշոտ Փաշինյանը ո’չ ճամպրուկ է, ո’չ էլ Նիկոլ Փաշինյանի սեփականությունն է: Աշոտ Փաշինյանը ՀՀ քաղաքացի է` 18 տարին լրացած, եւ ծնողները իրավունք չունեն որոշելու եւ որեւէ առաջարկություն անելու: Ընդհանրապես, որեւէ քաղաքացու հանձնելը օտար երկրին, պարզ թրաֆիքինգ է, քրեական հոդված է: Կրկնում եմ, այդ հայտարարությունն իր մեջ քրեական պատասխանատվության տարրեր է պարունակում: Միջազգային բոլոր փաստաթղթերը միանշանակ հստակորեն գրում են, որ ռազմագերիները անվերապահորեն եւ անմիջապես պետք է վերադարձվեն եւ դրա համար որեւէ նախապայման պետք է դրված չլինի»,-ասել էր Արա Պապյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ