«Ուղիղ մեկ տարի առաջ Սևանում ընկերոջս և իր որդու հետ էի, ով թրաշով էր։ Ընկերներով սկսեցին ասել` Գրիգոր ջան, չես վախենում քեզ բռնեն նախարար դարձնեն»։
Հենց այս պատմությունով այսօր Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավին իր խոսքը սկսեց դաշինքի ղեկավար Ռոբերտ Քոչարյանը։
Վերջինիս խոսքով իր բերած օրինակը շատ տիպիկ է ներկայիս իշխանության գործելաոճին, քանի որ այդ սկզբունքով էին կառավարում երկիրը և պատասխանատու տեղերում պաշտոններ նշանակում.
«Մարդիկ, որոնք բացարձակ գաղափար չունեն ոչ մի ոլորտից սկսում են հավատալ, որ իրենք այդ ոլորտի առաջնորդն են ու սկսում են իրենց որոշումներով քայքայել եղածը։ Ինձ նաև զարմացնում է այն քարոզարշավը, որը տեղի է ունենում Հայաստանում։ Սովորաբար քարոզարշավների ժամանակ իշխանությունը պտտվում է համայնքներում և հաշվետվություն ներկայացնում իր արած չարածների համար։ Մինչ այս քարոզարշավը ես փորձեցի վերհիշել, թե ինչ կարգախոսով է այս ուժը եկել իշխանության։ Մի հատ նայեք ինչ են ասել, ինչ են արել՝ զրո արդյունք։ Այսպիսի արդյունքներով նրանք պետք է ամաչեն մարդամեջ դուրս գան։ Քանի որ չկա ասելիք, և չկա աշխատանքի արդյունք, բնականաբար պետք է ուրիշների վրա հարձակվեն և բոլոր մեղքը ուրիշների վրա թափեն, պետք է գոռան, ճվան, լաչառություն անեն, պետք է մատ թափ տան, կապիկություններ անեն։ Այս հարցում իրենք վարպետ են առանց գրիմի»։
Կարդացեք նաև
Քոչարյանը հավաքվածներին հավաստիացրեց, որ իրենց թիմի իշխանության գալու դեպքում իրենք կկատարեն մինչև այսօր տված իրենց խոստումները.
«Մենք գալիս ենք լուրջ ծրագրով, մենք ունենք փորձառու թիմ, մենք վճռական ենք, և մենք միշտ մեր խոստումների տերն ենք։ Մենք համոզված ենք, որ այս իշխանությունն այլևս չկա, այն պարզապես ուրվական է և փորձում են ժողովրդին մոլորացնելու ևս մեկ փորձել անել, բայց մենք դրան ասում ենք ոչ և դիմում ենք ձեզ՝ ժողովրդին։ Դուք պատրա՞ստ եք ձեր ձայնը տալ այն իշխանությանը, որը ոչ մի խոստում չի կատարել։ Ուրեմն մերժեք այս իշխանությանը, և ձեր ձայնը տվեք փորձառու, վճռական մեր թիմին, որին ասում եմ չեմպիոնների թիմ, քանի որ թիմի անդամներից ամեն մեկն իր ոլորտում ապացուցել է, որ փորձառու է»։
Քարոզարշավին ՀՀ պաշպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն էլ իր ելույթում անդրադարձավ Հայաստանին սպասվող սպառնալիքներին.
«Մենք պետք է տեսնենք, թե ինչ իրավիճակ է ստեղծվել Հայաստանում, Արցախում և նրա շուրջը։ Բավականին բարդ իրավիճակ է։ Ես չեմ ուզում այսօր անդրադառնալ անվտանգության խնդրին, բայց կանդրադառնամ սպառնալիքներին։ Սպառնալիքները այսօր ոչ միայն Սյունիքում և Սևանում են, այլ նաև մոտենում է Տավուշի սահմանին։ Այսօրվա իշխանությունների խոսքերով՝ Տավուշի մարզում կարևոր ճանապարհները՝ Ազատամուտի և Ոսկեպարի հատվածում, պետք է անցնեն Ադրբեջանին, որովհետեւ Ադրբեջանական են։ Մենք իհարկե դա թույլ չենք տալու, որովհետև հունիս 20 – ից հետո այս իշխանությունները չեն լինելու։ Նույնիսկ այդ նախընտրական փուլի ժամանակ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը որևէ ծրագրային դրույթ չի ասում և նորից այս ընտրարշավի ժամանակ էլ մնում են ընդդիմություն։ Նրանք իշխանություն լինելով ընդդիմություն են եղել հայոց պետականաշինությանը և քանդել են բոլոր արժեքները, որոնք գոյություն են ունեցել մինչև այդ»,- ասել է Սեյրան Օհանյանը։
Սաթենիկ ՀՈՎՍԵՓՅԱՆ