Լրահոս
Օրվա լրահոսը

Եռակողմ ծուղակի մեջ

Հունիս 13,2021 15:37

Հարցազրույցի սկիզբը՝ այստեղ։

Լեւոն Սարգսյան – Նվաստացուցիչ համաձայնագրով մեր երկրի սահմանները փոքրանում են, իսկ կախյալությունը` մեծանում: Ինչո՞վ է ավարտվելու այս ամենը: Դուք Ձեր բանաստեղծություններից մեկով կարծես պատասխանում եք այդ հարցին` հայը իր պետականությունը դժվարությամբ կերտում է, Սիզիփոսի պես հերթական անգամ այն վար գլորելու համար: Ցավով պետք է ասեմ, որ այս անգամ պետականությունից բացի վտանգված է նաեւ մեր գոյությունը որպես հայ էթնոս: Հինգ հազար երիտասարդ կյանքեր նահատակվեցին, շատերը գերեվարված են կամ անհայտ կորած: Փոխարենը ամեն օր նոր կուսակցություններ են ծնվում հայրենիքի փրկության վերամբարձ խոստումով, բայց առանց որոշակի ծրագրի կամ գաղափարի: Այս մասին ի՞նչ է մտածում Սփյուռքը: Որպես հոգեբան եւ որպես բանաստեղծ Դուք անձամբ ինչպե՞ս եք վերաբերվում համահայկական այս մղձավանջին, հեղափոխության այս ձախողմանը: Հնարավո՞ր էր արդյոք խուսափել այս աղետից:

Սոնա Վան – Ես վաղուց խոստովանել եմ, որ պատերազմից ու քաղաքականությունից ոչինչ չեմ հասկանում, իսկ այն օրը, երբ իմացա, որ դրանք ոչ մի կապ չունեն ժողովրդի, երջանկության ու բարոյականության հետ – որոշեցի երբեք չխառնվել: Այնուամենայնիվ, Նուբարը (սիրելիս էր իմ քաղաքական վերլուծաբանը, իսկ նրա մահվանից հետո ես լսում եմ օտար միջազգային վերլուծաբանների, նաեւ ARTN հեռուստաընկերության մշտական վերլուծաբան Արմեն Չիբուխչյանին) ինձ մի քանի բանալիներ է տվել իրավիճակները գնահատելու համար:

Օրինակ՝ եթե ուզում ես իմանալ, թե ո՞վ է սահմանի վրա հրահրել անկայունությունը, փորձիր հասկանալ, թե ո՞ւմ է ձեռնտու կամ ո՞վ է շահելու դրանից: Պարզվում է աշխարհում կատարվող ողբերգությունների մեծ մասը հնարավոր կլիներ կանխել եւ մինչեւ իսկ բնական աղետները իրենց ներսում կրում են վտանգը կանխելու մեխանիզմ – նախքան կարմիր գծին հասնելը: Հարկավոր է սովորել բնությունից` ասում էր: Քառասունչորսօրյա պատերազմը արդեն հետեւում է, որը նշանակում է, որ կարմիր գիծը խախտված է ու հիմա անհրաժեշտ է ընտրել պարտության հետ գործակցելու ձեւը: Վարվել այնպես` ինչպես Գերմանիա՞ն: Ինչպես Իսրայե՞լը … թե՞ … Յուրաքանչյուր ցնցում ողջախոհությունը վերագտնելու նոր հրավեր է: Հարկավոր է ճիշտ գնահատականներ տալ այն ամենին, ինչը մեզ հասցրել է այս հանգրվանին եւ անցնել առաջ: Ըստ բոլոր միջազգային օրենքների 5+2 տարածքների վերադարձնելը անխուսափելի էր ագրեսորի պիտակից եւ դրա հետեւանքներից ազատվելու համար:

Այն, ինչ փորձում էր հասկացնել Լեւոն Տեր Պետրոսյանը եւ ինչի պատճառով էլ հեռացավ` նախքան կարմիր գիծը հատելը եւ «դավաճանի» տիտղոսի արժանանալը: Հաջորդները նախընտրեցին մնալ եւ ամրագրել «ոչ մի թիզ հող թշնամուն» կարգախոսը, այն նույնացնելով հայրենասիրության ու հերոսականության հետ, ապահովելով իրենց հերոսական կերպարը եւ վերարտադրվելու (իսկ հիմա նաեւ վերադարձի) հնարավորությունը – հողի պահպանության օրինականորեն անհնարին պարտականությունը թողնելով մեր բանակի` այսինքն ուրիշների տղաների ուսերին: Խաբկանք, որի արդյունքում այսօր մեզ հետ չեն հերոսական հինգ հազար տղաները: Ըստ նշածս վերլուծաբանների Արցախյան հարցը առավել հեշտությամբ հնարավոր կլիներ լուծել պատերազմի հաղթանակից անմիջապես հետո: Հիշենք, որ այն ժամանակ մեր բանակին թույլ չտրվեց գրավել Բաքուն, որը այն ի զորո՛ւ էր անել, իսկ հիմա թշնամու բանակին չթույլատրվեց գրավել Ստեփանակերտը, երբ նրա՛նք էին կարող անել այդ:

Լևոն Սարգսյան

Ինչ-որ մեկին կարծես ձեռնտու չէ այս հարցի վերջնական լուծումը, մինչդեռ մեծացող կախյալությունը, անկայունությունը սահմանի վրա եւ սահմանից ներս, ժողովրդի անհուսությունը չափազանց ձեռնտու է այդ ինչ-որ մեկին: Հիմա, երբ հստակ ուրվագծվել են բոլոր այն կողմերը, որոնց ձեռնտու է այդ իրավիճակը, հարկավոր է լրջորեն կենտրոնանալ այն ամենի վրա, ինչը բացառապես մե՛զ է ձեռնտու ու միայն մեզ: Այսօր բոլորը փորձում են այս եռակողմ ծուղակից դուրս գալու ելք փնտրել եւ Քրիստոսի ձկների պես բազմապատկվող կուսակցությունները դրա արդյունքն են: Չգիտեմ, դա լա՞վ է, թե՞ վատ:

Նրանք բոլորն էլ ցանկանում են վարչապետի հեռանալը, բայց ցավոք հստակ ծրագիր չունեն, որով հնարավոր կլինի փրկել հայրենիքը, ետ վերադարձնել գերիներին: Հարցնում ես` իսկ գիտե՞ք, թե ինչպես եք փրկելու: Պատասխանում է` գիտեմ, բայց չեմ ասի: Ուզում եմ սյուրպրիզ լինի: Ինձ ընտրեք` կտեսնեք: Մեկ ուրիշը միեւնույն հարցին պատասխանելու համար նախընտրում է «զանգ ընկերոջը» տարբերակը ու միանգամից կապվում Մոսկվա, որտեղ իր կարծիքով պահվում է հայ ժողովրդի փրկության միակ բանալին: Իսկ ժողովուրդը նայում է փրկարարներով լի հրապարակին ու մտածում – եթե այսքան շատ փրկող կա, ես ինչո՞ւ եմ այսքան կորած զգում: Զոհի հոգեվիճակը խրախուսվում է պետականորեն, ժողովրդին անվերջ հիշեցնելով այն ամենը, ինչ նա չունի. նպաստավոր աշխարհագրություն, հարուստ ընդերք, նավթ, գազ, վստահելի հարեւաններ, հզոր բանակ եւ այլն, թույլ չտալով, որ նա երբեւէ անդրադառնա իր ունեցածին եւ պատասխանի, թե ինչպե՞ս է վարվել դրանց հետ. իր ժառանգած մշակութային գանձերի ու լեզվի հետ:

Իրեն բաժին ընկած ընդերքի հետ: Իր ունեցած ջրի հետ, որ ավելի թանկ է, քան նավթը: Իր օդի հետ: Իր անտառների հետ: Իր կառուցած գործարանների ու ենթակառուցվածքների հետ: Իր գիտության ու կրթության հետ: Իր պայծառ ուղեղների հետ, (ովքեր այսօր ծաղկեցնում են մոլորակի բոլոր սիլիկոնե հովիտները): Իր Սփյուռքի հետ, որը միանձնյա կարող է կոմպենսացնել վերոհիշյալ բոլոր պակասությունները միասին վերցրած: Պատասխանը մեկն է` մսխել ենք: Կոտրել, աղտոտել, թունավորել, վաճառել, փչացրել, արժեզրկել կամ նվիրել, փոխարենը ապահովելով սեփական աթոռի երկարակեցությունն ու անհատական շահը, մեծացնելով երկրի կախյալությունն ու պարտքը – թշնամիների ու դաշնակիցների բուռն ծափահարությունների ներքո: Այսօր իսկական ժամանակն է, որ մեզանից յուրաքանչյուրը կշռի իր սեփական մեղքի բաժինը այս ամենի մեջ եւ համախմբվի ոչ թե անհատի, այլ գաղափարի ու արժեհամակարգի շուրջ, ընտրելով ոչ թե իշխանավոր, այլ ապագա – հայրենիքի ու եկող սերունդների համար:

«Լավ իշխանություն» ասվածը իլյուզիա է: Իշխանություն բառը ինքնին նշանակում է ուժ եւ գերակայություն: Ոչ թե լավ իշխանավոր, այլ լավ օրենքներ են պետք ամրագրել, որոնք ցանկացած իշխանավորի կպահեն պատժի ու պարտավորության, պատասխանատվության ու ամոթի միջեւ: Այս համատեքստում հեղափոխությունը ոչ թե պարտվել է, այլ պարզապես ձախողվել ու ոչ միայն աշխարհագրության պատճառով, այլ նաեւ անգիտության, մեծամտության, անհեռատեսության, հարցերի հրատապությունը ճիշտ չկանոնակարգելու, սխալ կադրային ընտրության եւ անփորձ ոգեւորությանը հատուկ այլ պատճառներով: Հարկավոր էր հավատարիմ մնալ ոչ թե թավշին, այլ արդար ու երջանիկ հայրենիք ունենալու երազին: Ժողովրդի մեջ գտնվող ներքին շփոթը պայմանավորված է նաեւ նրանով, որ նրանցից շատերը դեռեւս դժվարանում են հեղափոխությունը պարտված համարել, ենթագիտակցորեն իմանալով, որ դա կնշանակի արժանապատիվ ու անկախ պետականության վերջ: Մեր անպատեհություններից ամենամեծը այն է, որ մենք շրջապատված ենք բռնապետություններով ու ես հոգուս խորքում միշտ էլ վախեցել եմ, որ հեղափոխությունը մեզ չի ներվելու:

Այսքանով հանդերձ ես հակված եմ հավատալ, որ պարտություն թե հաղթանակ` մենք որպես ազգ թեւակոխել ենք էվոլյուցիոն նոր փուլ, որտեղ ստրկամտորեն առաջ թեքված մեջքը, թաքուն տալ-առնելու արվեստը այլեւս չի աշխատում: Ինչպես կենսաբանության գրքերից հայտնի դարվինյան սանդղակը, հայ էթնոսը իր մեջքը ուղղելու էվոլյուցիոն գործընթացի մեջ է եւ դա այլեւս հետաձգել հնարավոր չէ – մինչեւ իսկ այնպիսի ճնշման ներքո, ինչպիսին շռայլորեն մատուցվում է թե՛ արտաքին եւ թե ներքին «փրկարարների» կողմից: Վերջին պատերազմը խնամքով ծրագրավորված էր «հայ մեջքը» վերջնականորեն այնպես կոտրելու համար, որ անգամ էվոլյուցիոն անհրաժեշտության ուժը չկարողանա ուղղել այն, եւ հայ մարդու ու պետականության համար չի լինելու ավելի հարմար առիթ ցույց տալու, թե ինչի է ընդունակ զտարյուն հայը: Ես ցավով եմ դիտում փողոցներում ծավալվող պատանի հանդիսատեսի թատրոնը, մտացածին սահմանների մեջ ու կեղծ մակերեսի վրա ըստ նախնական ծրագրի շարունակաբար ծամծմվող Հայաստանը, ինչպես երեք արնախում գամփռների միջեւ ընկած խաղալիք, որ նախատեսված է ատամները սուր պահելու համար:

Ժամանակն է, որ սեփական կաշին փրկելը հայրենիքի փրկության հետ խառնող մարդիկ նախ փորձեն փրկել իրենց հոգիները եւ գոնե մեկ անգամ հայրենիքի ու պետականության շահը նախընտրեն սեփական շահից: Ճիշտ այնպես, ինչպես ռուսը, ինչպես թուրքը, ինչպես ադրբեջանցին – փրկելով իրենց միտքը ինքնախաբեությունից, իսկ հոգին` կրակներից: Ո՞ւմ համար է գաղտնիք, որ վերջին 30 տարիների ընթացքում ոչինչ այնքան անհաղորդ չի եղել իր ժողովրդի կյանքին, երազին ու տառապանքին, որքան Հայաստանի իշխանությունները եւ ինչպիսի՞ երեւակայություն էր պահանջվում նրանց երկրորդ գալուստի հնարավորությունը պատկերացնելու համար: Բայց պարտված հայրենիքը դեռեւս մեռած հայրենիք չէ:

Պատմության անիվը շարժվում է` ամեն վայրկյան նոր կորուստ կամ նոր հաղթանակ խոստանալով: Աշխարհում ամեն օր ինչ-որ տեղ սահման է խախտվում կամ վերագծվում: Այս հարցում մերը բոլորովին էլ ուրիշ չէ: Կարեւորը խախտողների տրամաբանությունն ու ախորժակը նախապես իմանալն ու դրան պատրաստ լինելն է: Ժամանակն է, որ Սփյուռքը որպես ռեսուրսների ռեսուրս, պարզ ստնտուից վերածվի ակտիվ քաղաքական գործոնի, որը կմասնակցի հայրենիքին ու պետականությանը վերաբերող բոլոր գործընթացներին: Այնպես, ինչպես անում են հրեաները: Սփյուռքի ինքնակազմակերպման հրամայականը երբեւէ ավելի ուժեղ չի եղել: Դա մեծ ու հզոր բանակ ունենալուն համազոր ռեսուրս է եւ նրանք, ովքեր զլանում են օգտագործել այն, կամ փորձում են վարկաբեկել, կասկածի տակ դնել համահայկական նշանակության որեւէ ծրագիր ( ինչպես օրինակ Հայաստան հիմնադրամը) գործում են ընդդեմ պետական շահի – քնում են թշնամու հետ:

Սփյուռքն այսօր հինգ անգամ ավելի մեծ բնակչություն ունի, քան Հայաստանը եւ Արցախը միասին ու մենք դեռ շարունակում ենք հապաղել: Հետհեղափոխական ոգեւորության ալիքը, որը միավորել էր ՍՓՅՈՒՌՔԸ, ԱՐՑԱԽՆ ու ՀԱՅԱՍՏԱՆԸ, իր էներգետիկ ներուժով ի զորու էր կառուցել ոչ միայն ծովից ծով, այլ օվկիանոսից օվկիանոս ձգվող վիրտուալ նոր ՀԱՅ ԱՇԽԱՐՀ, եւ այն էլ ոչ թե վեց օրում, այլ չորս: Լավ` թող լինի հինգ: Սիրո եւ համերաշխության այս յոթերորդ ալիքը եւս մսխվեց: Այն վարպետորեն հողակցվեց, եւ այս հարցում մեղավորները միայն նախկինները չեն: Սա կարելի է համարել մեր երբեւէ ամենամեծ կորուստներից մեկը:

Այսօր Հայաստանը գտնվում է եռակողմ ծուղակի մեջ, թե՛ դաշնակիցների եւ թե ներքին ու արտաքին թշնամիների համագործակցությամբ: Շատ հարցեր կարող են լուծվել դրանք ժամանակին միջազգայնացնելու միջոցով, որի գործիքները գտնվում են նաեւ արտերկրում, ինչը եւ փորձ է արվում վիժեցնել: Սա բազմաշերտ ու նուրբ դիվանագիտության, դաշնակիցների դիվերսիֆիկացման, հնարավորությունները ճիշտ եւ նպատակային օգտագործելու, յուրայիներին եւ թշնամիներին վերագնահատելու ժամանակն է եւ դրան պիտի ծառայի օվկիանոսից օվկիանոս ձգվող համահայկական ողջ միտքն ու ռեսուրսը: Եթե Հայաստանի կառավարությունը անկարող է ապաքինվել միաստվածությունից եւ դավանել մեկից ավելի դաշնակիցների, ապա այդ միակը ՍՓՅՈՒՌՔՆ է ու թող որ մեզ առաջնորդի Աստվածածինը:

Հ.Գ. Գրասեղանիս Միքելանջելոյի Ռոնդանինի Պիետա քանդակն է: Քրիստոսն է` հենված Մարիամին: Նրա ամորֆ մարմինը – քարից դուրս եկած ու կրկին դեպի քարը գնացող իր հավերժական շարժման մեջ: Դեմքի վրա չկա դժգոհության ոչ մի նշույլ: Աստված իմ, մի՞թե սա մահվան հետ հաշտվածի հայացքը չէ: Թե՞ սա հայացքն է նրա, ով չի կասկածում իր հարությանն ու իր հավերժությանը:

Լևոն ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել