Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Մենք բացարձակ իշխանության զոհերն ենք` թե՛ հեղափոխությունից առաջ, թե՛ հեղափոխությունից հետո». Էդմոն Մարուքյան

Հունիս 13,2021 13:02

«Եթե Հայաստանը նոր պատերազմի պոտենցիալ ունենար, կարծում եմ, Սյունիքի մարզի այս ներխուժումը կարող էր վերածվել պատերազմի: Բոլոր նրանք, ովքեր կասեն, որ կարող ենք գալ եւ ընտրություններից հետո պատերազմով նրանց հանել այնտեղից կամ նոր պատերազմ սկսել, բնականաբար, կամ արկածախնդիր պետք է լինեն, կամ` ստախոս»,- այսօր Երեւանում նախընտրական քարոզարշավի մեկնարկին, լրագրողների հետ զրույցում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Էդմոն Մարուքյանը` պատասխանելով նոյեմբերի 9-ի փաստաթղթի չեղարկման մասին հարցին:

Նա նաեւ հավելեց, որ թե՛ փաստացի, թե՛ իրավաբանորեն այդ փաստաթուղթն իրագործված է հայկական կողմից, մինչդեռ Ադրբեջանի կողմից իրագործված չէ, ու Ադրբեջանը պարտավոր է այն կատարել եւ վերադարձնել ռազմագերիներին` բոլորին բոլորի դիմաց․ «Ոչ թե մեզանից ուզի ականապատման քարտեզ, ճանապարհ, դելիմիտացիայի հանձնաժողովի մասին փաստաթղթի ստորագրում»:

Սահմանների ապաշրջափակման համատեքստում Մեղրիի միջանցքի մասին հարցին ի պատասխան էլ Էդմոն Մարուքյանն ասաց, որ ՀՀ-ն սահմանների ապաշրջափակմանն այլընտրանք չունի, բայց իրենք չեն հասկանում, թե ինչո՞ւ է Ադրբեջանն ուզում առանձին սուվերեն ճանապարհ, քանի որ ապաշրջափակումը նշանակում է բոլորի կողմից ճանապարհների բացում, երբ բոլորն օգտվում են բոլորի ճանապարհներից:

Այս իմաստով ԼՀԿ-ում գտնում են, որ քանի դեռ ՀՀ օրենսդրությունն ամբողջությամբ չի փոխվել եւ չի հարմարեցվել սահմանների բացմանը, չի կարելի այդ քայլին գնալ. չի կարող Թուրքիայի կամ Ադրբեջանի քաղաքացին ուղղակի կամ միջնորդավորված ձեւով ՀՀ-ում գնել որեւէ բան, ինչը մեր ազգային անվտանգության համատեքստից դուրս է: «Սուվերեն տարածք, միջանցք, բացառված է, չպետք է տրվի, իսկ ճանապարհների ապաշրջափակմանը Հայաստանը միշտ էլ կողմ է եղել»,- ասաց նա` հավելելով, որ Հայաստանի կողմ լինելն էլ եղել է զուտ հայտարարություն, քանի որ 20 տարի այդ մասին խոսել են տարբեր պաշտոնյաներ, բայց օրենսդրությունը չի հարմարացվել գործնական քայլերին, այդ թվում նաեւ 2008-ի հայ-թուրքական արձանագրությունների ստորագրումից հետո:

Խոսելով ԼՀԿ-ի ծրագրերից եւ պատասխանելով հարցին` ինչո՞ւ պետք է մարդիկ իրենց ընտրեն, Էդմոն Մարուքյանն ասաց. «Որովհետեւ ԼՀԿ-ն նոր ուժ է, չի եղել Հայաստանի քանդարար թալանի մեջ, չի եղել Հայաստանի վերջին երեք տարիների ձախողումներ մեջ, որպես խորհրդարանական ընդդիմադիր ուժ` անընդհատ քննադատել ենք եւ խորհուրդներ տվել` փորձելով օգնել պետական շինարարության գործին. երբ լսել են` լավ է եղել, երբ չեն լսել` լավ չի եղել: ԼՀԿ-ին պետք է ընտրել, որովհետեւ միակ ուժն է, որը քարոզում է ներքին հաշտություն, խաղաղություն, միավորում եւ ազգային համաձայնության կառավարության ստեղծում»:

Ըստ նրա, հազարավոր մարդիկ սպասում են, որ եթե գործող իշխանությունը վերընտրվի` արտագաղթեն, հազարավորները նաեւ սպասում են, որ եթե նախկինները վերադառնան` էլի արտագաղթեն, ուստի ԼՀԿ-ին պետք է ընտրել, որպեսզի չարտագաղթել: «Ոչ մի ուժ Հայաստանում չպետք է ունենա բացարձակ իշխանություն: Մենք բացարձակ իշխանության զոհերն ենք`թե հեղափոխությունից առաջ, թե հեղափոխությունից հետո»,- ասաց Էդմոն Մարուքյանը` հավելելով, որ բալանսավորված իշխանությունը պետք է ներառի նաեւ Սփյուռքի ներուժը, որպեսզի երկիրն այս իրավիճակից հնարավոր լինի դուրս բերել, իսկ ԼՀԿ-ն կարող է լինել այդ «մերանը»:

ԼՀԿ-ն այսօր քարոզարշավը կշարունակի Նոր-Նորքի զանգվածում. կուսակցության խմբերը տարբեր ուղղություններով կշրջեն նաեւ Դավիթաշեն համայնքում եւ կներկայացնեն կուսակցության ծրագրերը: Երեկոյան, կուսակցության քարոզչական խմբերը կլինեն նաեւ Արմավիրի մարզում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930