Aravot.am-ի տեղեկություններով, այսօր՝ հունիսի 12-ին, Հայաստանի երկու քաղաքացի տրակտորներով Սյունիքի Տեղ համայնքի վարչական տարածքից հատել են սահմանային գոտին եւ անցել ադրբեջանական կողմի հսկողության տակ գտնվող տարածք։
Հակառակորդը, վերցնելով տրակտորները, բնակիչներին թույլատրել է վերադառնալ։ Իսկ մոտ երկու ժամ անց բանակցությունների արդյունքում վերադարձվել են նաեւ տրակտորները։
Մեր աղբյուրի փոխանցմամբ, վաղը՝ կիրակի օրը Տեղ համայնքում հենց սահմանագծին նախատեսվում է անցկացնել բողոքի ակցիա։
Տեղեկությունը փորձեցինք ճշտել Տեղ համայնքի ղեկավար Ներսես Շադունցից։ Վերջինս տեղյակ չէր միտինգներից եւ հորդորեց՝ չապակայունացնել իրավիճակը, ավելորդ լարվածություն չստեղծել։ «Լաչինի միջանցքի խոտհարքների տարածքում է եղել միջադեպը։ Մարդիկ եկել էին խոտհունձ անելու եւ սխալմամբ նրանց տարածքն էին մտել։ Բանակային կորպուսի, ռուս խաղաղապահների միջնորդությամբ միջադեպը հարթվեց»,–ասաց Շադունցը։
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ անցած կիրակի օրվանից Ներսես Շադունցին հաջողվել է ռուսական կողմի հետ պայմանավորվածություն ձեռք բերել, որպեսզի բնակիչները կարողանան հնձել Լաչինի միջանցքի տարածքում գտնվող խոտհարքները։
Արմեն ԴԱՎԹՅԱՆ