Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը
ՀՀ ԿԸՀ-ն բավարարել է Արմավիրի մարզում հայտնաբերված ընտրակաշառքի միջնորդության գործով պատգամավորության թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու դատախազության միջնորդությունները։
Տեղեկացրել էինք, որ դաշինքի օգտին քվեարկելու նպատակով ընտողներին առերևույթ ընտրակաշառք բաժանելու համար 9 մլն դրամ գումարի փոխանցման պահին բռնվել էին Արմավիր քաղաքի նախկին քաղաքապետը և Ջանֆիդա գյուղի մի բնակիչ, որոնք բերման էին ենթարկվել Ոստիկանության բաժին և ձերբակալվել։
Նախապատրաստված նյութերով դեպքի առթիվ Արմավիրի մարզի դատախազությունում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-154.2-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանշներով, որով նախաքննությունն իրականացվում է ՀՀ ՀՔԾ-ում:
Հաշվի առնելով, որ Արմավիրի նախկին քաղաքապետը նաև ընդգրկված էր ընտրություններին մասնակցող դաշինքի պատգամավորության թեկնածուների ցուցակում՝ քրեական գործի նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազն օրենքով սահմանված կարգով դիմել էր ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով՝ նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու միջնորդեւթյուններով:
Կարդացեք նաև
Այսօր կայացած նիստի արդյունքում ՀՀ ԿԸՀ-ն տվել է համաձայնությունը:
ԿԸՀ որոշումներն ուղարկվել են վարույթն իրականացնող մարմնին և հանձնարարվել է անձին առաջադրել մեղադրանք և կատարել մյուս անհրաժեշտ դատավարական գործողությունները։
Քրեական գործով մյուս ձերբակալված անձին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-154.2-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանցագործություն կատարելու համար։ Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու համար։
Ավելորդ չեմ համարում կրկնել դատախազության կոչն առ այն, որ ամեն ինչ արվելու է նմանատիպ հանցավոր ցանկացած արարքի կանխարգելման, իսկ կատարվելու դեպքում՝ բացահայտման ուղղությամբ: Հետևաբար անհրաժեշտ է զերծ մնալ ապօրինի գործողություններ կատարելուց, քաղաքացիների ազատ կամարտահայտման վրա ապօրինի ճնշում գործադրելու որևէ փորձից։