ԱՄՆ-ն ողջունում է Ադրբեջանի կողմից 15 հայ ձերբակալվածների ազատ արձակումը և նրանց վերադարձը Հայաստան՝ իրենց ընտանիքների մոտ: Այս մասին ասվում է Վրաստանում ԱՄՆ դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ:
«Մենք նաև ողջունում ենք Հայաստանի որոշումը՝ Ադրբեջանին տրամադրել կարևոր տեղեկատվություն, որը կհեշտացի մարդասիրական ականազերծումը և թույլ կտա հետագայում խուսափել զոհերից»,- ասվում է հաղորդագրության մեջ:
ԱՄՆ-ն նաև շնորհակալություն է հայտնել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիին և Վրաստանի կառավարությանը՝ փոխանակման գործում իրենց ունեցած կարևոր դերակատարության համար:
«ԱՄՆ-ն ուրախ է աջակցել այդ քայլերին և հույս ունի, որ դրանք հիմք կծառայեն լրացուցիչ գործակցության համար: Մենք շարունակում ենք կոչ անել վերադարձնել բոլոր ձերբակալվածներին և պատրաստակամ ենք մնում աջակցելու տարածաշրջանի երկրներին՝ համագործակցությունը շարունակելու և միմյանց միջև առկա խնդիրները լուծելու իրենց ջանքերում: Մենք նաև կոչ ենք անում Հայաստանին և Ադրբեջանին վերսկսել սուբստանտիվ բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ներքո՝ հասնելու հակամարտության համապարփակ քաղաքական կարգավորման»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ