Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխատանքից ազատվելը շահարկումների թեմա՞․ տնօրենը հորդորում է ապատեղեկատվություն չտարածել

Հունիս 12,2021 21:35

«Արեւիկ» ազգային պարկի տնօրեն Գագիկ Գեւորգյանը աշխատանքից չի ազատվել քաղաքական հայացքների, առավել եւս այն բանի համար, որ Մեղրիի համայնքի ղեկավարի ընկերն է։ Այլ ազատվել է աշխատանքային օրենսգրքի հիման վրա»,–Aravor.am-ի հետ զրույցում ասաց շրջակա միջավայրի նախարարության «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տնօրեն Արման Մկրտչյանը։

Նշենք, որ Մեղրիի համայնքի ղեկավար Մխիթար Զաքարյանը հայտարարել է, որ իր ընկեր Գագիկ Գեւորգյանին աշխատանքից ազատել են միայն այն բանի համար, որ «Մխիթարի ընկերն է, ես էլ ընդդիմադիր եմ»։

Ըստ «Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տնօրեն Արման Մկրտչյանի՝ 57 օր, այս տարվա փետրվարի 22-ից մինչեւ ապրիլի 19-ը Գագիկ Գեւորգյանը գտնվել է չվճարվող արձակուրդում։ Գործող օրենսդրությամբ, աշխատողին տարեկան չվճարվող արձակուրդ տրվում է 60 օր․ 3 օր Գեւորգյանը շուտ էր վերցրել։ ԱՄՆ-ից Գեւորգյանը դիմում է ուղարկում՝ խնդրելով  ապրիլի 20-ից 26-ը  իրեն հատկացնեն վճարովի արձակուրդ։ Ապրիլի 26-ից հետո էլ էլեկտրոնային փոստով ամերիկյան կլինիկաներից մեկից տեղեկանք է ուղարկում, որ առողջության խնդիրների պատճառով չի կարելի ինքնաթիռ նստել եւ տեղաշարժվել։ Համալիրի տնօրենը զեկուցում է վերադասին, վերադասն էլ տեղեկանքը ուղարկում է առողջապահության նախարարություն։

Նախարարության մասնագետները պատասխանում են, որ տեղեկանքում ներկայացված «բուժումը սիմպտոմատիկ բուժում է, չի համարվում  սիրտ-անոթային հիվանդության որեւէ ադեկվատ բուժում եւ չի կարող արգելք հանդիսանալ մարդու տեղաշարժման համար»։ Այս մասին տեղեկացնում են Գագիկ Գեւորգյանին, որը մեկ այլ կլինիկայից նոր հիվանդության մասին է տեղեկանք ուղարկում։ Այս անգամ էլ առողջապահության նախարարությունը եզրահանգում է, որ մարդը կարող է ազատ տեղաշարժվել։ Արդյունքում, 40 օր՝ ապրիլի 26-ից մինչեւ հունիսի 4-ը, աշխատանքի չներկայանալու պատճառով, Գագիկ Գեւորգյանին հունիսի 4-ին ազատում են աշխատանքից։

Գեւորգյանը Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ պատրաստվում է դիմել դատարան։ Նրա խոսքով, արցախյան վերջին պատերազմի մասնակից է, ԱՄՆ-ում գտնվող ժամանակահատվածում առողջական վիճակը վատթարացել է, ինչի համար էլ դիմել է կլինիկա։ «Իմ ներկայացված տեղեկանքները, կարծում եմ, կարիք չկար ստուգելու առողջապահության նախարարությունում։ Գտնում եմ, որ անհիմն են ազատել ինձ աշխատանքից»,-ասում է Գեւորգյանը։

Տարածված այն տեղեկությունները, որ Գագիկ Գեւորգյանը անձնական որոշ հարցեր կարգավորելու համար է ԱՄՆ-ից վերադարձել Հայաստան ու շուտով մշտական բնակության է մեկնելու Ամերիկա՝ նա չհաստատեց։ Այն հարցին, թե տարիներ առաջ նրա նշանակման համար արդյո՞ք միջնորդել է Մխիթար Զաքարյանը՝ Գեւորգյանը հերքեց։ «Նա իմ մանկության ընկերն է ու չի խառնվել իմ նշանակմանը»,–ասաց նա։

Ի դեպ, նկատենք, որ վերջերս պաշտպանության նախարարի հրամանով ծառայությունից ազատել են Մեղրիի եւ Մեհրաբի զորամասերի հրամանատարներին։ Մեղրիի համայնքի ղեկավարը այդ ժամանակ էլ հայտարարեց, որ ազատման պատճառը ինքն է, քանի որ հրամանատարներ Արգամ Գեւորգյանն ու Արտակ Թադեւոսյանը նրա ընկերներն են։

«Զանգեզուր» կենսոլորտային համալիրի տնօրեն Արման Մկրտչյանը մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում խնդրեց  բոլորին՝ ապատեղեկատվություն չտարածել ու աշխատանքից ազատելու հանգամանքը  տարբեր շահարկումների թեմա չդարձնել։

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930