Այսօր Վանաձորի Արցախ պուրակում հանրահավաքի ժամանակ «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանն ասաց, որ իշխանության գալու դեպքում դաշինքը ծրագրեր է նախատեսել, որոնց արդյունքում Վանաձորը կդառնա տուրիստական կենտրոն:
Նա միաժամանակ նշեց, որ քաղաքը որոշ ոլորտներում հետ է մնացել մյուս քաղաքներից. «Մենք այստեղ պետք է բազմաթիվ ծրագրեր իրականացնենք, որ Վանաձորը դառնա լուրջ տուրիստական կենտրոն։ Ինձ ասում են, որ այստեղ մի սար կա, որը կարող է երկրորդ Ծաղկաձոր դառնալ Հայաստանի համար։ Այդ սարով ես չեմ քայլել, չգիտեմ սարի պոտենցիալը լեռնադահուկային հանգստավայր դառնալու համար»,- ասաց Քոչարյանն ու նշեց, որ իրենք պատրաստ են ներդրողներ գտնել. «Խոստանում եմ ձեզ՝ եթե այդ պոտենցիալը կա, ապա ներդրողներ կգտնենք եւ կփորձենք երկրորդ լեռնադահուկային կենտրոնը սարքել»:
Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ