Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայաստանի վրա մեկ փամփուշտ արձակելը հավասար է ՀԱՊԿ-ի եւ ՌԴ-ի վրա փամփուշտ արձակելուն». ԱԺԲ անդամ

Հունիս 12,2021 20:31

«Արդար, թափանցիկ ընտրություններ արդեն իսկ հիմիկվանից չեն կայանում, իսկ ինչպիսի ընտրություն կլինի, այդ մասին դեռ մեր արձագանքը կլինի… Կամ մեր ժողովուրդը կազատագրի մեր պետությունը այս ժամանակում, կամ այսպես թե այնպես կազատագրենք յուրաքանչյուր ճանապարհով, որը տանում է դեպի ազատություն»,- Ազգային-ժողովրդավարական բեւեռի՝ Դավթաշեն համայնքում կայացած քարոզարշավի ժամանակ ասաց  ԱԺԲ անդամ Արեգ Կյուրեղյանը:

«Ցավոք, պետությունը չի գտնվում ազատ, անկախ վիճակում, իշխանությունը ոչ թե պատկանում է հայ ժողովրդին, այլ արտաքին ուժերին, եւ այս իրավիճակը ստեղծում են հենց արտաքին ուժերը: Այս իրավիճակն աղետալի է, եւ Հայաստանի Հանրապետությունը կորստի առաջ է կանգնած»:

Ինչ վերաբերվում է, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի թեմային, նշեց, որ այդ թեմայով արդեն կտրուկ արտահայտվել են, ու պետք է լինի ոչ թե միջանցք, այլ ճանապարհ:

«Հայաստանի Հանրապետությանը մեր այսպես կոչված դաշնակիցը դավաճանեց, եւ այն պարտավորությունները, որ  կային Հայաստանի Հանրապետության հանդեպ, թե ՀԱՊԿ-ը, թե Ռուսաստանի Դաշնությունը կրում էին, չեն կատարել»,-ընդգծեց նա:

Արեգ Կյուրեղյանը կարծում է, որ Հայաստանը պետք է հրաժարվի նման դաշնակիցներից եւ ձեռք բերի նոր դաշնակիցներ, որոնք, նրա ձեւակերպմամբ, արդեն իսկ առաջարկել են իրենց օգնությունը՝ թե՛ տնտեսական, թե՛ ռազմական առումով. «Այդպիսի դաշնակիցներ կարող են լինել, օրինակ, Ֆրանսիան, ԱՄՆ-ը, Չինաստանը, Իրանը… Մինչդեռ մեր բոլոր պայմանագրերը կապված են ՀԱՊԿ-ի հետ: Հայաստանի Հանրապետության  սահմանը հատելը, ագրեսիան, Հայաստանի վրա մեկ փամփուշտ արձակելը հավասար է ՀԱՊԿ-ի եւ ՌԴ-ի վրա փամփուշտ արձակելուն:

Իսկ մենք տեսանք, թե պատերազմի ժամանակ ինչ եղավ, թուրքական կողմից խոցվեց հայկական ինքնաթիռը, ռմբակոծվեց Դավիթ Բեկը՝ հենց իրենց կողմից ճանաչված Հայաստանի Հանրապետության տարածքներում, եւ ոչ մի արձագանք չեղավ մինչ այժմ,  երբ ներխուժել են Հայաստանի Հանրապետության իրենց կողմից ճանաչված տարածքներ, գերեվարվել են հայ զինվորներ, սպանվել: Այդ ուժերից օգնություն ակնկալելը բանականությունը չի համապատասխանում, պարզ է, որ մեր եւ նրանց շահերը չեն համընկնում»,- շեշտեց ԱԺԲ անդամը:

Նա վստահեցրեց, որ իրենք միշտ էլ  դրական ազդակներ են ստացել հանրությունից դեռեւս 2016 թ. ապստամբության ժամանակվանից. «Հայ ժողովուրդը այդ ապստամբությունն արդարացրել  եւ ողջունել է: Այդ ապստամբության նպատակը հիմա էլ ողջունելի է մեր ժողովրդի կողմից»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930