Լրահոս
Օրվա լրահոսը

Քաջ Նազարն ու Քեֆչի Հասանը՝ որպես մենեջերներ, Անբան Հուռին՝ աշխատակից. Ինչ դասեր կարող են քաղել գործարարները հեքիաթներից

Հունիս 12,2021 20:18

«Հաճախ ենք լսում, երբ գործատուները ասում են՝ մեր կոլեկտիվում մի ընտանիքի պես ենք: Երբ ընտանիքում կինը հղիանում է, դա մեծ ուրախություն է, նշելու առիթ,  բայց տեսե՞լ եք տնօրենի դեմքը, երբ աշխատակիցը գործատուին ասում է, որ հղի է: Միանգամից կադրերի պետին են կանչում ու ասում են՝ այսինչին փոխարինող գտեք, այս ի՞նչ անելանելի իրավիճակում հայտնվեցինք, այնքան են ընկնում բիզնեսի հետեւից, որ նույնիսկ մոռանում են շնորհավորել, աչքալուսանք տալ: Բայց իրականում, հատկապես՝ երկարաժամկետ եւ հեռանկարային բիզնեսների դեպքում երեխայի ծնունդը պետք է դիտարկեն որպես նաեւ իրենց բիզնեսի շարունակության երաշխիք, քանի որ այդ երեխաներն ապագայում դառնալու են աշխատակիցներ: Այսինքն՝ եթե նույնիսկ չոր բիզնեսի տեսանկյունից էլ նայես, այդ լուրը բիզնեսի համար էլ է ուրախալի եւ շահավետ»,-«Խելքով մարդը» բիզնես դասընթացի ժամանակ իր ելույթում ասաց ապահովագրության ոլորտի փորձագետ, կառավարման խորհրդատու Արտակ Մարտիրոսյանը:

Նախագիծը, որը բիզնեսի ու հայկական հեքիաթների համադրությամբ դասընթաց էր, անցկացվում էր առաջին անգամ: Նախագծի հեղինակները, որոնք նաեւ դասընթացավարներն էին, ուսումնասիրել էին հայկական հեքիաթները եւ եկել այն եզրակացության, որ երկու երեւույթները՝ բիզնեսն ու հեքիաթը համատեղելի են:

Թե ի՞նչ կապ ունի բիզնեսը հեքիաթի հետ, Aravot.am-ի հետ զրույցում Արտակ Մարտիրոսյանն ասում է՝ հեքիաթներում իմաստնություն կա, եւ եթե բիզնեսի կառավարիչները հեքիաթներ կարդան, արդյունավետ կառավարման գործիքները կգտնեն նաեւ հեքիաթներում, դրանց տողատակերում. «Ցանկացած բիզնես հեքիաթ է, սակայն հեքիաթային կառավարում իրականացնելու համար նախ պետք է հեքիաթներ կարդալ: Հետո այդ նույն հեքիաթները փորձել ընկալել կառավարման տեսանկյունից, հետո փորձել մտովի ասոցացնել բիզնես գործառույթների հետ, կառավարման ոլորտների հետ, շատ խորանալու դեպքում նույնիսկ հնարավոր է շատ նեղ մասնագիտական բացահայտումների հանդիպել: Որովհետեւ բիզնեսը միտված է հաճախորդների կարիքների բավարարմանը, նաեւ ապահովում է բաժնետերերին շարհույթով, հեքիաթային կառավարման դեպքում արդյունքները նույնպես կլինեն աննախադեպ հեքիաթային»:

Արտակ Մարտիրոսյանը անդրադարձավ հայտնի եւ ընդգծված բնավորության գծերով հերոսների կերպարներին՝ Քաջ Նազարին ու Քեֆչի Հասանին՝ որպես մենեջերներ,  որոնց միջոցով ներկայացրեց խոսքի եւ գործի առավելությունները, թերությունները եւ դրանց ճիշտ համադրության չափաբաժինները:

«Հեքիաթները մեզ հուշում են, որ ցանկացած կոնֆլիկտ, բողոք, անախորժություն անհրաժեշտ է հնարավորինս սաղմնային փուլում կառավարել, կանխարգելել, զսպել, հարթել և անցնել առաջ, ինչու չէ նաև որոշ զիջումների հաշվին, քանի որ երկարաժամկետ առումով զիջման և ապագա կորուստների հետևանքներն անհամեմատելի կարող են լինել: Այսինքն խնդիրները, թաքցնելու, շրջանցելու, կարևորություն չտալու դեպքերը ի վերջո հանգեցնելու են անդառնալի հետևանքների, իսկ «Մի կաթիլ մեղրը» հեքիաթը կարդացածներն հաստատ հասկացան, թե ես ինչ նկատի ունեմ  եւ նույնիսկ արդեն մտաբերեցին մի քանի այլ նույնաբովանդակ հեքիաթներ և զուգահեռներ անցկացրեցին իրենց բիզնեսում հանդիպած նմանօրինակ իրավիճակների հետ»,-ասաց նա:

Դասընթացավար, HR Վարդուհի Հարությունյանը մարդկային ռեսուսրների կառավարման խնդիրները ներկայացրեց «Անբան Հուռի» հեքիաթի մոտիվներով: Խոսեց հանդիպող սխալների մասին նաեւ առաջարկեց լուծումներ:

«Խելքով մարդը» միջոցառման խոսնակներից Ավետ Բարսեղյանը ներկայացրեց  «Խոսքի ուժը» հեքիաթներում: Եվ այն մասին՝  դասընթացն ինչ կարող է փոխել շարքային գործարարի կյանքում եւ թե հեքիաթային կառավարումն իրական կյանքում որքանո՞վ է իրատեսական: Ըստ նրա, բոլոր ժողովուրդների ու նաեւ հայկական հեքիաթները ահռելի իմաստություն ունեն. «Հեքիաթն ինքնին ծնված է մեր իրականությունից, պարզապես հետաքրքիր զգեստավորում է տրված ու մի փոքր կախարդանք»:

Ավետ Բարսեղյանը ներկայացրեց նաեւ, թե ինչպես հեքիաթը բերել բիզնես ու ինչպես հեքիաթից գնալ դեպի իրականություն: Դասընթացավարների խոսքով, միջոցառմանը պատրաստվելիս հասկացել են, որ հայկական հեքիաթներում չունենք իդեալական հերոս, որին կարելի է նմանվել: Հիմնականում Որսկանը սուտլիկ է, Հուռին անբան է, Փանոսը՝ ձախորդ է եւ այլն, եւ մեր ազգային խնդիրները նաեւ այդտեղից են գալիս, քանի որ ժողովուրդը նմանվում է իր հերոսին:

Իսկ թե ինչ կարող են հուշել հեքիաթները մարտահրավերների առաջ կանգնած գործարարին, դասընթացավարների կարծիքով, ինչպես հեքիաթում, բիզնեսում էլ մարտահրավերները շատ են եւ ինչպես հեքիաթներում են հերոսները դրանք հաղթահարում, այնպես էլ՝ իրական կյանքում յուրաքանչյուր բիզնեսմեն կարող է անել այն, ինչ՝ հեքիաթների հերոսները:

Միջոցառմանը ներկա էին սկսնակ բիզնեսի ներկայացուցիչներ, իրավաբաններ, կայացած բիզնեսների պատասխանատուներ:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930