Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ պետական սահմանը պահպանող հայ զինվորի մարտական ոգին բարձր է, տրամադրվածությունը՝ վճռական (ֆոտոշարք)

Հունիս 12,2021 19:50

Երեկ ՊՆ-ի եւ ԳՇ-ի նախաձեռնությամբ մի խումբ լրագրողներով եղանք Հայաստանի Հանրապետության արեւելյան սահմանի պաշտպանության մարտական մի քանի դիրքերում, որպեսզի մեր աչքով տեսնենք անմիջապես պետական սահմանին կանգնած մեր դիրքապահ զինվորների ոգին, ծառայության պայմանները:

Հենց սկզբից ասենք, որ որոշ հատվածներում մեր ու թշնամու զբաղեցրած դիրքերը երբեմն հաշվված մետրերի տարբերությամբ են: Սակայն միմյանց ֆիզիկապես այդքան մոտ գտնվելը բացարձակապես որեւէ կերպ չի ազդում մեր զինվորների եւ հրամանատարական կազմի մարտական ոգու, արժանապատիվ ինքնատիրապետման վրա: Շատերի հետ զրուցելու հնարավորություն ունեցանք: Բոլորն էլ ինքնավստահ են, վճռական, պատրաստ անհրաժեշտության դեպքում կատարել ցանկացած մարտական առաջադրանք, թշնամուն պարտադրել իրենց կամքը, ցույց տալ նրանց իսկական տեղը:

Զորամիավորման հրամանատարի բարոյահոգեբանական ապահովման գծով տեղակալ, գնդապետ Հայկ Պետրոսյանը լրագրողներին ասաց. «Մեր մարտական դիրքն այս պահին գտնվում է Հայաստանի Հանրապետության պետական սահմանի վրա: Ադրբեջանական դիրքը տեղադրվել է նոյեմբերի 9-ից հետո, եւ այս բնագիծը, որ տեսնում եք, Հայաստանի Հանրապետության պետական սահմանն է: Մեր տղաները ներկա պահին իրականացնում են պետական սահմանի պահպանություն: Նշված հատվածում մենք այս պահին պաշտպանական խնդիրներ չենք իրականացնում, քանի որ հակառակորդի կողմից որեւէ սադրանք այս պահին, այս հատվածում չկա եւ առկա չի եղել»:

Ճշտող հարցին, թե վերջին օրերին տեղի ունեցած իրադարձությունները՝ վեց գերիներ եւ այլն, ա՞յս տարածքում են եղել, թե մի այլ, գնդապետ Պետրոսյանը պատասխանեց. «Ոչ, այս տարածքում չեն եղել։ Դրա վերաբերյալ պետական պաշտոնական տեղեկությունը հրապարակված է»: Եվ այդ բնույթի հնարավոր այլ հարցերը կանխելու նպատակով ավելացրեց. «Նոյեմբերի 9-ից հետո այն հատվածում, ուր մենք այցելել ենք, հակառակորդի կողմից որեւէ շարժ չի նկատվել, որեւէ խախտում չի արձանագրվել»:

Մեր խնդրանքով գնդապետ Պետրոսյանը պատմեց նաեւ, որ տվյալ հատվածում նախկինում խրամատներ չեն եղել եւ միայն հիմա են ինժեներական աշխատանքներ կատարվում: «Մենք այսօր մեր պաշտպանական բնագիծը կահավորում ենք: Կահավորման առումով լավ-վատ դիրքեր հասկացությունը պայմանական արտահայտություն է, ինչը հաճախ թյուրիմացության մեջ կարող է գցել հատկապես ծնողներին: Ուստի հորդորում եմ ձեզ, որպեսզի այդպիսի անվանումներ տալուց զերծ մնաք: Կան մարտական դիրքեր, որոնք անհրաժեշտ միջոցներով ապահովված են: Ինժեներական ամրակառույցների մասով, որոնք են կացարանները, ճանապարհային ենթակառուցվածքները, խրամուղիները, խրամատները, կրակակետ-դիտակետերը եւ այլն, ձեզ հավաստիացնում եմ, որ բնագիծը կահավորվում է եւ այդ աշխատանքները ինտենսիվ իրականացվում են: Դրանք այսօր ինքներդ կտեսնեք»,- ասաց նա:

Մենք նաեւ տեղեկացանք, որ չնայած դիրքերի մոտիկությանը, կողմերի միջեւ շփումներ բացարձակապես չեն լինում: «Շփվում են միայն զորամիավորման, բրիգադայի հրամանատարական կազմերը՝ անհրաժեշտության դեպքում»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930