Լրահոս
Օրվա լրահոսը

«Չկա մի համակարգ, որ Նիկոլ Փաշինյանի կողքին կանգնած լինի»․ Արամ Մանուկյան

Հունիս 12,2021 18:39

Այսօր Գյումրու Տեքստիլագործների ակումբում ՀԱԿ փոխնախագահ Արամ Մանուկյանն ասաց, որ 21-րդ լուսավոր դարում մենք պետականությունը կորցնելու վտանգի առջև ենք։

«Ցավալիորեն 21-րդ դարում, այս լուսավոր դարում, երբ որ ամեն ինչ պետք է լիներ ավելի հանգիստ, լուսավոր, կանխատեսելի, մենք կորցնում ենք մեր պետականությունը։ Սրանք բացարձակ խոսքեր չեն, սրանք իրականություն են, որովհետև այս դաժան պարտությունը, սրան նախորդած 20 տարվա թալանը, պետության և բանակի ոչնչացումը  մեր անկախությունը մկրատել է, կերել է։ Մեր պետականությունն էսօր ցեցը կերել է։ Եվ մենք հիմա կանգնած ենք մի ճամփաբաժանի առաջ, որ ժողովուրդը կամ տեր պիտի կանգնի մեր պետականության մնացորդներին կամ մենք ոչնչով լավը չենք, քան քրդերը, քան ասորիները, որոնք չկարողացան պետություն ստեղծել, չունեն պետություն։

Ամենևին սովորական վիճակ չէ, մի մասն անգամ չի զգում այդ վտանգը, շատ քիչ մարդիկ են, որ բնազդով,նյարդերով, ֆիզիկապես զգում են սեփական պետականության կորուստը։ Մեր սահմաններն այսօր պաշտպանված չեն, մեր անվտանգության համակարգը չի աշխատում պետության անվտանգության համար։ Եկեղեցին պետության դեմ է, ուսումնական հաստատությունները պետության դեմ են,դատարաններն ամբողջությամբ բոյկոտում են Նիկոլի իշխանությանը, չկա մի համակարգ, որը պետության կամ իշխանության կողքին կանգնած լինի։ Սա է պետականության կորուստը։

Եվ սա ցավալիորեն շարունակվում է և շարունակվելու է արագացված տեմպով, եթե Նիկոլ Փաշինյանը մնա իշխանության»,- ասաց Արամ Մանուկյանը։

Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանը պառլամենտի 88 հոգանոց մեծագույն իր ֆրակցիայով ոչ մի հարց չի կարողանում լուծել։

Նա քննադատեց Փաշինյանին նախկին թալանչիներին ճանապարհ տալու ու նորից իշխանության բերելու համար։ Ըստ նրա, եթե Նիկոլ Փաշինյանը գա իշխանության․ չարիքն անխուսափելի է։

Նա ասաց, որ երկիրը փրկելու համար պիտի դուրս գալ  «անփորձ, ֆեյսբուքով ապրողների իմպերիայի դեմ»։

Ըստ նրա, երկիրն այս վիճակից միայն կարող է Լևոն Տեր-Պետրոսյանը հանել, նրան պետք է հետևել, աջակցել, որպեսզի պրծնենք սպասվող արհավիրքից։

Բագրատ Ասատրյանն էլ  նշեց, որ մոտեցել ենք կործանման սահմանին և այն պահն է,  որ յուրաքանչյուրս  ամեն ինչ պիտի անենք այս վիճակից դուրս գալու համար։

Ըստ նրա, Հայաստանն այսօր տնտեսապես կիսաքայքայված վիճակում է, պրոբլեմները դեռ ջրի երես դուրս չեն եկել, բայց շատ արագ կարող են ի հայտ գալ։

«Տեսեք նախընտրական փուլ է, ծրագրերը հաստափոր, բազմաէջանոց, մեծ խոստումներով և այլն, և այլն, կեղծիք է սա, սուտ է սա։ Այսօր պետությունն այն վիճակում է գտնվում, էնքան պարտականություններ ունի, որ ի վիճակի չէ լուծել։ Բոլորս էլ գիտենք՝ սահմանը բաց է, այդ սահմանները պետք է պաշտպանել, պաշտպանվելը հենց էնպես չի լինում, դրանք միջոցներ են, ծախսեր են, մենք գիտենք սոցիալական ինչ խնդիրների առաջ ենք կանգնած բոլորս՝ վիրավորներ, զոհվածեր, պետությունը սոցիալական պարտավորություններ է ստանձնել»,- ասաց Բագրատ Ասատրյանը։

Նա իրատես լինելու, սթափվելու կոչ հնչեցրեց։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Armen says:

    Նաև՝ չկա մի համակարգ, որտեղ նախկինների մնացուկները կոռուպցիայի խաթեր ինչերի ասես պատրաստ չլինեն(սովորույթը սրանք երբեք չեն մոռանա):

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930