Քարոզարշավի շրջանակներում Նիկոլ Փաշինյանն այսօր Գեղարքունիքի մարզում է:
Ճամբարակ գյուղի բնակիչների հետ հանդիպմանը ՔՊ վարչապետի թեկնածուն հայտարարեց, թե ընդդիմադիր քաղաքական ուժերը այս ընտրապայքարը վերածել են դասակարգային պայքարի: Նա ասաց, որ իրենք կոտրել են ընտրությունների կազմակերպման նախկին համակարգը:
«Մենք ասում ենք, որ այդ համակարգը վերացված է եւ ՀՀ քաղաքացուն այլեւս որեւէ մեկը չի կարող պարտադրել, որեւէ ընտրություն: Հայաստանի ազատ քաղաքացին իր ազատ կամքով կատարելու է իր ընտրությունները: Եվ հիմա Հայաստանում սկսվել է ընտրական պրոցես, նախընտրական պրոցես, որը զուգորդվում է ընտրակաշառք տվողների ձերբակալություններով: Եվ այդ ձերբակալությունները շարունակվելու են: Եվ նրանք բոլորը, ովքեր ժողովրդի կամքի վրա ընտրակաշառքով ապօրինի ազդեցություն են ուզում գործել, նրանք հայտնվելու են ճաղերի հետեւում: Իսկ նրանք, ովքեր, այնուամենայնիվ ապօրինի ազդեցություն կփորձեն գործել, բայց քրեական օրենսգրքի գիծը չեն անցնի, բայց քաղաքական եւ էթիկայի օրենսգրքի գիծը կանցնեն, այդ մարդկանց գործողություններին ընտրությունների հենց հաջորդ օրվանից կտրվի քաղաքական գնահատական: Եվ այդ քաղաքական գնահատականի ձայնը դուք կլսեք: Էդ պաշտոնյաները չեն մնալու իրենց տեղերում: Անկախ նրանից, պետական, տեղական ինքնակառավարման, թե մասնավոր հիմնարկի ղեկավարներ կփորձեն ժողովրդի կամքի ազատ արտահայտման վրա ներգործություն ունենալ, էդ մարդիկ չեն մնալու իրենց գործերում, իրենց պաշտոններում: Եվ այս առումով նրանք ազատվելու են: Զանգվածային ազատումներ են լինելու բոլոր այդպիսի աշխատողների: Եվ ես ձեզ կոչ եմ անում, ժողովուրդ, հունիսի 20-ին գնալ ընտրական տեղամաս եւ մեզ տրված թավշե մանդատը փոխարինել պողպատե մանդատով, որպեսզի մենք ձեր անունից Հայաստանի Հանրապետությունում պողպատե մանդատով հաստատենք օրենքի եւ իրավունքի դիկտատուրա»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ