Կուսակցությունների ցուցակներում կան նաեւ վարորդներ, վարսավիրներ, դիմահարդարներ ու «Ֆաբերլիկի» աշխատող
«Առավոտը» փորձել է պարզել, թե կուսակցությունների եւ դաշինքների՝ կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված ընտրական ցուցակներում ովքեր են ներգրավված: Օրինակ, «Արդար Հայաստան» ցուցակում 14 հոգի չի աշխատում, մեկը թոշակառու է, ի թիվս այլոց, կան կրթության ոլորտի ներկայացուցիչներ:
ՀԱԿ-ի ընտրական ցուցակում 30 հոգու անվան դիմաց գրված է չի աշխատում, 7 հոգի թոշակառու է, այստեղ եւս կրթության ոլորտի մարդիկ կան, նաեւ վարսահարդար եւ նկարիչների միության մեկ անդամ:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակում 14 հոգու անվան դիմաց գրված է՝ չի աշխատում, այստեղ է «հանգրվանել» նաեւ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանի անունը:
Կարդացեք նաև
«Ազատություն» կուսակցության ցուցակում ներկայացվածներից 14 հոգի չի աշխատում, այս ուժի ցուցակում վարորդ, մանկավարժ, հոգեբան ու լրագրողներ կան:
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության ցուցակում չաշխատողները 32-ն են, մեծամասնությունը փաստաբաններ են:
«Պատիվ ունեմ» դաշինքի ցուցակում 83 հոգի չի աշխատում, իսկ «Միասնական հայրենիք» կուսակցության 88 հոգանոց ցուցակում`39-ը: Վերջինիս ցուցակում մեկի անվան դիմաց գրված է «վալանտիոր»:
Համահայկական ազգային պետականություն կուսակցության 48 հոգու աշխատավայրի տողը դատարկ է, ցուցակում կա վաճառող, կահույքագործ վարպետ, փականագործ, կոսմետոլոգ, դիմահարդար եւ ուսուցիչ:
«Լուսավոր Հայաստանն» ունի 13 չաշխատող, ի թիվս այլ մասնագիտությունների ներկայացուցիչների, ատամնաբույժ ու ծրագրավորող:
«Մեր տունը Հայաստանն է» կուսակցության ցուցակում 24 հոգի չի աշխատում, այստեղ եւս կան թոշակառուներ, նաեւ ճաշարանի վարիչ, գուսանական անսամբլի ներկայացուցիչ եւ 2 պրոֆեսոր:
«Հանրապետություն» կուսակցության ցուցակում 41 հոգի չի աշխատում: «Հանրապետությունն» ունի կանանց կոնսուլտացիայի բաժնի վարիչ, ունի «Ֆաբերլիկի» ներկայացուցիչ, նաեւ կրթության ոլորտի ներկայացուցիչներ:
«Հայոց Հայրենիքի» ցուցակի կեսից ավելին` 50 անդամ չի աշխատում, այս ցուցակում խանութի մենեջեր կա, բուժքույր, մաշկավեներաբան:
«Ազատ հայրենիքում» 8 հոգու անվան դիմաց նշված է` չի աշխատում, 12-ի անվան դիմաց` ինքնազբաղված:
«Բարգավաճ Հայաստանի» ցուցակում 32 հոգու անվան դիմաց գրված է չի աշխատում, ԲՀԿ-ի ցուցակում պարային համույթի ղեկավար կա, «Երեւան սիթի»-ի հսկիչ, դասախոսներ, գործավարուհի ու անգամ ՀԷՑ տեսուչ, Հայաստանի դեմոկրատական կուսակցության ցուցակում չաշխատողներ չկան, փոխարենը կա միջնակարգ կրթությամբ թեկնածու, իրավաբաններ, թոշակառու ու լեզվաբան:
5165 ազգային պահպանողական շարժում կուսակցության ցուցակում չի աշխատում 19 անդամ: Այստեղ կան առողջապահության, կրթության ոլորտի մարդիկ, մաքսային տեսուչ, թանգարանի ֆոնդապահ ու մարզիչ: Քաղաքացու որոշում սոցիալ-դեմոկրատական կուսակցության ցուցակում 18 չաշխատող կա, նաեւ ինքնազբաղվածներ, մանկապարտեզի դաստիարակչուհի, ֆիլհարմոնիկի երաժիշտ:
Շիրինյան- Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի ցուցակում 28 չաշխատող կա, գեղասահքի մարզիչ, բժիշկ-ստոմատոլոգ, իսկ «Ազգային օրակարգ» կուսակցության ցուցակում չի աշխատում 26-ը, այստեղ եւս ներգրավված են հաշվապահ, բուժքույր ու վարսահարդար:
«Վերելք» կուսակցության ցուցակում կա 2 անաշխատունակ, ազատ իրավաբան, 22 չաշխատող, նաեւ թոշակառուներ:
Ազատական կուսակցության ցուցակում 31 հոգի չի աշխատում, այստեղ կա գեղեցկության սրահի տնօրեն, մանկապարտեզի դաստիարակ եւ մաքսային բրոքեր:
«Հայոց արծիվներ. Միասնական Հայաստան կուսակցությունը» չաշխատողների թվով ռեկորդակիր է, այստեղ մեծամասնությունը` 69 հոգի չի աշխատում: Հայաստանի Եվրոպական կուսակցության ցուցակի կեսից ավելին, տվյալ պարագայում` 52-ը չի աշխատում:
«Հայաստան» դաշինքի ցուցակում 20-ը չեն աշխատում, Ազգային-ժողովրդավարական բեւեռ կուսակցության ցուցակի կեսը՝ 58 հոգի, եւս աշխատանք չունի:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
11.06.2021