Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինձ զարմացնում է ոմանց ցինիկ վարքագիծը». Նորայր Նորիկյան

Հունիս 12,2021 17:18

«Արդար Հայաստան» կուսակցության հունիսի 12-ի գրաֆիկով քարոզարշավն ընդգրկում է Արմավիր, Մեծամոր, Էջմիածին, Աշտարակ եւ Երեւան քաղաքները: Մասնավորապես Երեւանում  «Արդար Հայաստանը» 18:30-ից քայլերթ կունենա Ազատության պողոտայից մինչեւ Բարեկամություն մետրոյի կայարան:

«Արդար Հայաստան» կուսակցության նախագահ Նորայր Նորիկյանից հետաքրքրվեցինք, թե ինչպիսին է քարոզարշավն իր գնահատմամբ, ինչ տպավորություններ ունի:  Պարոն Նորիկյանն ասաց, որ  ընդհանուր առմամբ մարդկանց մոտ անորոշության զգացում կա, տագնապ՝ ապագայի, անվտանգային միջավայրի ու ստեղծված իրավիճակի վերաբերյալ. «Նաեւ տոտալ հուսալքություն կա գործող քաղաքական ուժի ու ընթացիկ կառավարման ու ընդհանրապես քաղաքական գործընթացի վերաբերյալ:

Բնականաբար, մենք ներկայացնում ենք մեր տեսակետները, դիրքորոշումները, փորձում հուսադրող տրամադրություն ձեւավորել մեր քաղաքացիների մոտ: Ես կարող եմ ընդամենն ասել, որ մեր պարագայում քարոզարշավը բավականին ակտիվ է, քաղաքացիների հետ կարողանում ենք ձեւավորել նորմալ, բարեկիրթ հաղորդակցության մթնոլորտ: Բարեբախտաբար որեւէ միջադեպ չի գրանցվել, ոստիկանության ներկայացուցիչները, օրինակ, այսօր ինձ ուղեկցել են եւ Էջմիածնում, եւ Արմավիրում, բավականին բարեկիրթ վերաբերմունքն են  դրսեւորել»:

Հարցրինք՝ իր տպավորությամբ չկողմնորոշված քաղաքացիները շա՞տ են, որ չգիտեն, թե ում  տալ իրենց ձայնը:

«Իմ կարծիքով, իրենք ոչ թե չկողմնորոշված են, այլ կողմնորոշված մարդկանց հետ գործ ունենք: Կողմնորոշվել են չմասնակցել ընտրություններին, հստակ կողմնորոշվել են, որ իրենց քաղաքական գործընթացը չի հետաքրքրում, քանի որ վստահության պակաս կա»,-ասաց Նորիկյանը:

Նա  նաեւ ցանկացավ ուշադրություն հրավիրել քարոզարշավի, այսպես ասած, տեխնիկական կողմի վրա. «Սա պետք է դաս լինի բոլոր քաղաքական ուժերի համար, որ ամռանը երբեք որեւէ տեսակի համապետական ընտրություններ չկազմակերպվեն, որովհետեւ  100 000-ավոր գյուղացիներ այս պահին գտնվում են գյուղատնտեսական աշխատանքների մեջ են, նրանք մի կողմից դուրս են մղված քաղաքական գործընթացներից, բայց նաեւ ուզում են մասնակից դառնալ»:

Նորայր Նորիկյանին հարցրինք, թե ինչպես է վերաբերվում քարոզարշավին հայհոյախառն եւ սպառնալից արտահայտություններին: «Պետության ղեկին հայտնվելու հավակնության  ունեցող որեւէ քաղաքական գործչի, առաջնորդի պատիվ չի բերում այդպիսի ցածր բառամթերքով հանրությանը ներկայանալը, ատելության, չարության մթնոլորտը որեւէ լավ բանի չի կարող բերել: Ավելին, այսպիսի թշնամական միջավայրում քարոզարշավ անցկացնելը չի բխելու հետընտրական պրոցեսներում քաղաքական ճգնաժամի հանգուցալուծմանը միտված գործունեություն իրականացնելուց, ընդհակառակը, սա եւս ձեր նշած չկողմնորոշված շերտին պետք է շատ լուրջ ուղերձ լինի, թե ինչպիսի քաղաքական միջավայրում կապրենք, եթե ժողովուրդը արհեստականորեն իրեն պարտադրված երկընտրանքի պայմաններում փորձի ընտրություն անել: Դրա համար ես կարծում եմ, քանի դեռ մենք չենք փոխել մեր քաղաքական միջավայրը, քանի դեռ  գլոբալ հարցերում հանրային համերաշխության մթնոլորտ չենք ձեւավորել, չենք հանգուցալուծելու քաղաքական ճգնաժամը:

«Արդար Հայաստանը» անթույլատրելի է համարում այդ տոնայնությամբ, շեշտադրությամբ հանրության առաջ հանդես գալը, սա անարգանք է հանրության եւ ժողովրդի նկատմամբ, սա խոսում է այդ տոնայնությամբ խոսող մարդկանց կողմից մեր ժողովրդի նկատմամբ  դրսեւորված հարգանքի բացակայության մասին: Այլ խնդիր է, որ սուր հակադությունները հնարավոր են, սուր քննադատություններն անհրաժեշտ են:

Ավելին, ինձ զարմացնում է որոշների այն ցինիկ վարքագիծը, որ որեւէ բարոյական իրավունք չունենալով խոսել կոռուպցիայից, կառավարման արդյունավետությունից, թալանից, կաշառակերությունից եւ այս դատական համակարգից, այսօր այնպիսի ճամարտակություններով են հանդես գալիս, իբր  չեն ունեցել հնարավորություն  ժամանակին բարելավելու պետության որակը,  պայքարելու կոռուպցիայի դեմ եւ կառավարման արդյունավետության  բարձրացման ուղղությամբ աշխատանքներ կատարել»,-ասաց մեր զրուցակիցը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 Լուսանկարը՝  «Արդար Հայաստանի» ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930