Aravot.am-ը քաղաքացիներից ահազանգ ստացավ, որ Կինոյի տան հարևանությամբ գտնվող սրճարանի բանվորները քանդում են դեպի Կինոյի տան գլխավոր մուտք տանող թեքահարթակը, առանց որի հաշմանդամություն ունեցող անձանց համար մուտքը Կինոյի տան գլխավոր դահլիճ անմատչելի է լինելու:
Բանն այն է, որ Խանջյան եւ Արամի փողոցների անկյունում գտնվող սրճարանի պատուհաններից մեկն ընկնում է թեքահարթակի տակ, սակայն սրճարանը մուտք ունի նաեւ Արամի փողոցի կողմից: Ի դեպ, Կինոյի տան գլխավոր դահլիճը Հայաստանի ամենամեծ կինոդահլիճն է, եւ միջոցառումների ժամանակ այդ մուտքով շուրջ 500 մարդ է ներս մտնում: Քանի որ օրը կիրակի էր, սրճարանում միայն բանվորներ էին աշխատում, նրանից ոչինչ հնարավոր չեղավ պարզել, քանի որ զուտ իրենց հանձնարարված աշխատանքն էին կատարում։
Aravot.am-ը Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանից հետաքրքրվեց՝ արդյոք օրինակա՞ն են հարեւան սրճարանի գործողությունները, քաղաքապետարանը դրա համար տվե՞լ է թույլտվություն: Հակոբ Կարապետյանը պատասխանեց, որ նույն թեմայով էլի է ահազանգ ստացել եւ հարցը փոխանցել է դրանով զբաղվող գործընկերներին: Նա նաեւ խոստացավ կապվել մեզ հետ՝ մանրամասները պարզելուց հետո:
Կարդացեք նաև
Մեր տեղեկություններով սրճարանի հետ կապ ունի նաեւ դերասան Խորեն Լեւոնյանը, որի հետ կապ հաստատել չհաջողվեց, բայց պատրաստ ենք ներկայացնել նաեւ նրա տեսակետը խնդրի վերաբերյալ:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ