Ողջունելի իրականություն է, որ այսօր մեր կողքին ապրում են այնպիսի անհատներ, ովքեր ոչ միայն վերաբերմունքով և սեփական անձի տեսանկյունից են հետաքրքիր, այլ նաև՝ ստեղծագործությունների:
Կյանքում ամեն երևույթի պետք է սիրով մոտենալ, բայց առաջին հերթին հարկավոր է համարձակ և պատասխանատու քայլերով ամբողջացնել այդ սերը: Այս ամենը հարստացվում է Սոֆյա Սարգսյան գրողի գրական մտապատկերում, որն ավելի հզորանում և թև է առնում կյանքի բազմաբարդ ուղիներում: Ընթերցողի համար նոր դիտակետեր բացահայտող գրողն առաջին հերթին լավատեսական տրամադրությամբ է մոտենում ամեն երևույթի:
Սա ոչ միայն ստեղծագործական տեսանկյունից է խթան հանդիսանում ընթերցողների ընկալման համար, այլև հոգեբանական ուղեցույց է հանդիսանում՝ կյանքին նայելու դրակա՜ն հույզերով: Հետաքրքրական ու բովանդակալից ստեղծագործություններում հեղինակի վերաբերմունքը տարբեր երևույթների նկատմամբ իրապես զարմացնող է և ոգևորող: Եվ ինչպե՞ս կարող է հայրենիքի հանդեպ սերն ու նվիրումը Սոֆյա Սարգսյանի բանաստեղծության առանցք չհանդիսանալ.
Արցա՜խ դու, հարազա՜տ իմ ոստան,
Համբավդ բարի ու անչար է,
Իսկ միտքդ՝ դարավոր ու լուսե,
Զավակդ փառահեղ ու հանճար է:
Չքնաղակերտ բառերով գրողն իր երախտագիտությունն է հայտնում հայրենիքին, ինչպես նաև երազանքների բույլում առանձնահատուկ կարևորում է հայրենիքի մեծության գաղափարը:
Անցյալի ցավն ամենաանտանելին է նրա «Ցավս դար է ապրում» բանաստեղծության մեջ, սակայն Աստծո հետ երկխոսությունը դառնում է ամոքիչ ուժ, շուրթերի աղոթքը՝ գունավոր երաշխիք՝ ապագայի համար: Հավերժացնելով դարի դեպքերը՝ հեղինակը նրբորեն համեմատում է իր և ժողովրդի ցավը պատմության տարբեր ժամանակաշրջաններում: Թեկուզ հայը կրել է բազում վնասներ, բայց մնացել է կուռ ոգով, հաղթանակների հասնելու վճռականությամբ: Այո՜, մեր անցյալի դարերը լիքն են քաջության օրինակներով, միաժամանակ, թրծված հերոսների՜ արյամբ:
Արցախցի կնոջ և մոր կերպարին առանձնահատուկ մոտեցում է ցուցաբերում հեղինակը՝ գարնանաբույր բառերով արժևորելով կնոջ և մոր վեհ կոչումը:
Մայրը սուրբ է, մայրը՝ վես,
Մայրը սեր է սիրո մեջ,
Մայրը՝ կերոն, մայրը՝ լույս,
Մայրը հույս է լույսի մեջ:
Հեղինակն էլ լինելով հայ մայր, մորը համարում է երկրային պարգև և չքնաղ լուսատու՝ կրկին համեմատականներ անցկացնելով լավագույն երևույթների միջև: «Կին և…առեղծված» բանաստեղծության մեջ ևս հեղինակի գրիչը ողջ էությամբ է ծաղկում՝ արարելով կնոջ չքնաղակերտ կերպարը: Կինը Սոֆյա Սարգսյանի համար չքնաղ առեղծված է, հանելուկ, հանրագիտակ:
Ահավասիկ՝ «Մայրություն» բանաստեղծության վերջին քառատողը.
Արևի պես՝ ջերմ ու տաք,
Սիրո հնոց է ասես,
Գորովալից՝ հանց՝ կալյակ,
Հրեշտակ է բարետես:
Հեղինակը մոր կերպարընկալումն ընթերցողի համար ցանկանում է դարձնել գերագույն ու աստվածային և վառ ու սիրածոր փարոսի հետ է համեմատում մայրության բերկրալից իրողությունը:
Կարևոր եմ համարում նշել, որ նշված բանաստեղծություններն ու հատվածները զետեղված են Սոֆյա Սարգսյանի «Եղե՞լ է, թե՞ չի եղել» գրքի մեջ: Նրա ստեղծագործությունների գաղափարը հավերժությունն է ու մաքուր սերը: Գրողը նրբորեն հնարներ է գտնում գրելու այնպիսի թեմաների մասին, որոնք կարդալու ընթացքում սիրահարվում ես կյանքին՝ այլ տեսանկյունից նայելով շատ երևույթների:
Հեղինակի 5-րդ գրքից կարելի է առանձնացնել վերջին մասը, որը վերնագրված է այսպես՝ «Իմ պապերի պատմությունը. Նրանք Հայաստան են եկել Պարսկաստանից՝ 1828 թվականին»: Միխայել պապի հուշերից սկսած մինչև Գայլաձոր և … փոքրիկ Հունանի հերոսությունը. այս հերթականությամբ է հեղինակը շարադրում պատմությունը, սակայն տողատակերում այնքա՛ն թաքնված ցանկություններ ու սպասումներ կան, որոնք մենք ի զորու չենք իմանալ, որովհետև այն ելևէջում է կյանքի դաժան քառուղիներում կոփված մարդկանց ճակատագրեր, որոնց ուրույն հերոսապատումները մնացել են կյանքի պատերին դաջված:
Պատահական չէ, որ արդիական թեմաները Սոֆյա Սարգսյան մտավորականի ստեղծագործությունների մաս են կազմում: Հարազատ հիշողությունների գիրկն անցնելով՝ գրողի մտապատկերն ավելի է գունազարդվում, սակայն այնքա՛ն ծանոթ և հաճելի զգացողություններ են արթնանում, որոնք էլ դառնում են նրա ստեղծագործությունների հիմնական առանցքը: Ամուր հիմնաքար դնելով պատմվածքների կերպարանավորման հիմքում՝ մերօրյա տխուր և հաճախ քննարկվող թեմաներն ավելի մատչելի է ներկայացնում հեղինակը՝ առանց փնտրտուքների և բարդ կապակցությունների, միաժամանակ՝ հոգեբանորեն հագեցած և հարուստ արտահայտչամիջոցներով: Ճշմարիտ ստեղծագործության հիմքում, իհարկե, ամենաառաջնայինն ու կարևորն անկեղծությունն է: Սոֆյա Սարգսյանն իր ստեղծագործությունների միջոցով կյանք և սեր է սերմանում՝ ևս մեկ անգամ շեշտելով, որ կյանքը հետաքրքիր է՝ լի մարտահրավերներով, սակայն հաղթահարելի՜ է ամեն ինչ: Պետք է յուրաքանչյուր մարտահրավեր ծառայեցնել սեփական կյանքի փորձն ավելի համոզիչ ներկայացնելու և սերունդներին կյանքի արվեստի մասին պրակտիկ մի ամբողջություն փոխանցելու համար:
Արձակ բանաստեղծությունների շարքը սկսվում է գեղեցիկ աշնանային պատկերներով: Աշնանային մանրանկարից մինչև ծիածանոտ երազներ… հեղինակի հոգու գանձարանից ամեն ստեղծագործության հետ մի բուռ ջերմություն է փոխանցվում ընթերցողներին, միաժամանակ, տարվա գունագեղ եղանակ աշնան պատկերավոր նկարագրությունը մնում է բաց և ընկալելի բոլոր տարիքի գրականասերների համար, որովհետև գրականությունը սահմաններ չի ճանաչում, գրիչը բյուրեղացնում է գրողի հոգու գանձերը, բառեր է հավաքում երկրից ու երկնքից, միավորում ու կառուցում այն, ինչն այսօր կա:
Առանց հիացմունքի չես կարող ընթերցել «Մի պատառ մանկություն. ծաղկաշքերթ» ստեղծագործությունը, որն ուղղակի արարում է՝ բնության հրաշալիքների և բույսերի, ծաղիկների բուժական ազդեցությունների վերաբերյալ: Այն բժշկական տեղեկատու է ասես՝ հիասքանչ մեղեդայնությամբ ձևակերպված. «… Շնդեղ վարդագույն՝ թունավոր բույս է, նաև՝ դեղ ու ճար, թե հիվանդացար՝ կօգնի անպատճառ: Հրաշք պատատուկ, ինքը՝ բազմագույն, նուրբ է ու քնքուշ՝ իր տեսքի հանգույն: Թավշածաղիկ՝ զատկի խաղիկ, մեղվի տաղիկ, արևքուրիկ՝ համը՝ քաղցրիկ, տեղովը մեկ՝ հազար ու մի դեղի հատիկ: Թե քարքարոտ զառիթափում գտնես սուսամբար՝ համեմունքով կզարդարես ամեն մի ամբար: Տերեփուկը՝ հրաշք աստղիկ, չքնաղ է այնքան, որ բազմագույն երանգներից կապույտն է արքան…Կեչու սև սունկ՝ հաբեթասունկ, անչափ բուժիչ՝ որպես մասունք: Կատվախոտը՝ շատ օգտակար, սրտի համար բուժիչ դեղ, ճար, կատուն եթե հոտը քաշի, վայ թե տեղում շունչը փչի…»:
«… Լույսը մոտեցավ, մոտեցավ, ճառագեց ու… լուսապսակի մեջ հստակ ուրվագծվեց Հիսուս Քրիստոսի կերպարանքը: Աչքերը խաղա՛ղ-խաղաղ էին, նայվածքը՝ փաղաքուշ ու բարի: Իսկ հագուստը լու՛յս էր»,-գրել է Սոֆյա Սարգսյանը:
Կյանքը շարունակվում է անչա՛փ ուրախ, անչա՛փ տխուր…և անկեղծ, ոչ ոք չգիտի, բացի Աստծուց, թե երբ կավարտվի մեր կյանքը: Այդ իսկ պատճառով մեր ամեն մի օրն ապրենք այնպես, ինչպես՝ վերջինը, ամեն քայլ անենք այնպես, ինչպես՝ ամենավերջինը, և գնահատենք ու պահպանենք այն ամեն լավն ու հարկավորը, ինչ ունենք:
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ