Լրահոս
Օրվա լրահոսը

Էսսե՝ հաջորդ մահով ապրելու մասին

Հունիս 12,2021 14:40

Մաս 1-ին

Ժամանակ կար, եբր ես հավ էի պահում. հենց այնպես, հավեսի համար: Ինը ածանից ի՞նչ եկամուտ ակնկալես: Նրանք, ավելի շուտ, իմ այգու շունչն էին, իմ այգու անմեղությունն ու խորհուրդը:

Արդյոք ի՞նչ  է պատկերացնում քաղաքակիրթ մարդը հավ տեսնելիս, եթե ոչ՝ այն թռչնամիսը, որն առատորեն վաճառում են սուպերմարկետներում: Սակայն չշեղվենք:

Իմ թռչուններից յուրաքանչյուրն առանձնահատուկ էր զուտ իրեն բնորոշ բնավորությամբ, նրանք զանգված չէին, այլ օյինբազ աշխատասերներ՝ զուտ անհատական նախասիրություններով: Այն բանից հետո, երբ նրանք ինձ իբրև կերակրող տեր ճանաչեցին, ձևավորվեցին նուրբ փոխհարաբերություններ, որոնք տիրոջ հանդեպ վստահությամբ էին պայմանավորված, և այս վստահության դրսևորումը նրանց մտերմիկ վարքագիծն էր: Ես իսկապես սիրում էի նրանց ընկերակցությունը, որովհետև ողջունում էին իմ հայտնությունն ամեն անգամ՝ երբ դուրս էի գալիս, որպեսզի փաղաքշեմ իմ այգու հոգսերը: Մի քիչ խելառ էին, մի քիչ օյինբազ և աշխատում էին զօր ու գիշեր՝ ի վերուստ տրված բնազդներին ականջալուր, բնավ չհասկանալով, թե քաղաքակիրթ մարդն ինչ է պատկերացնում թռչուն տեսնելիս: Ահա այսպես, օրեր շարունակ, ես սուրճ էի խմում իմ այգում՝ վայելելով բացարձակ այն խաղաղությունը, որ շուրջս պտտվող փետրավորներն էին տարածում: Բայց հետո, հավերից մեկը հայտնաբերեց սեփական ձուն կոտրելու և միջուկն ուտելու գաղտնիքը: Սա տարածված երևույթ է, և եթե երամում հայտնվում է նման մեկը, նրան անպատճառ մորթում են, որպեսզի մյուսներ չվարակվեն ախտավոր այդ սովորությամբ: Դատապարտյալ հավն առանձնացնելով, ես դեռ մի քանի օր ելք էի որոնում, որովհետև ձեռքս չէր բարձրանում իմ պահած շնչավորի վրա: Բայց՝ ճար չկար: Մանրակրկիտ սրեցի կացինը, որպեսզի գլուխը թռցնեմ մեն մի հարվածով, որպեսզի անակնկա՛լ դարձնեմ մահը և անակնկալո՛վ մեռցնեմ՝ մահից հեռու պահելով: Ուշ երեկոյան, երբ մնացած ութ ածաններն արդեն բնում էին, դատապարտյալ հավը տարա աչքից հեռու մի տեղ ու վիզը հարմարացրի նախապես պատրաստված կոճղին: Ինձ ապշեցրեց այդ արարածի հնազանդությունը: Նա չէր թպրտում, մկանները չէին պրկվել, իսկ վարքագիծը հագեցած էր հեզ խաղաղությամբ: Հարվածս ճշգրիտ էր: Ես տեսա, թե մի ակնթարթում ինչպես փակվեց նրա կապտավուն կոպը, թե ջլերն ու մսաթելերը ինչպես կախվեցին արյուն շատրվանող վզից, և թե ինչպես թռավ գլուխը՝ փուչ պարկ հիշեցնելով: Մարմինը ցմքեց, փոքրացավ ափիս տակ: Եվ՝ ոչ մի ձայն: Բայց անչափ իրական, անչափ պերճախոս ու ողբերգական էր նրա մարմնում ամփոփ հառաչանքը, որից խելագարվել կարելի էր:

Վե՛րջ:

Ես շփվեցի մահվան հետ, և մահն ինձ աստված դարձրեց:

Այլևս հստակ հասկացել էի, որ կատարյալ իշխանություն ունեմ իմ կենդանիների վրա: Կարող էի ցավ պատճառել նրանց, կարող էի բանտարկել ու սպանել սովամահությամբ, կարող էի ծաղրել ու ստորացնել ձվատվությունը խթանող այն հաբերով, որոնք թռչնաբուծարաններում են օգտագործում՝ որպեսզի քաղաքակիրթ մարդն ամեն օր հավկիթ ունենա նախաճաշի իր սեղանիկին: Խիղճս չէր տանջում, ահա խոստովանում եմ անկեղծորեն, և առանձնապես ոչինչ չէր փոխվել իրականության մեջ, բայց գիտակցության հեռավոր ու մութ ինչ-որ խոռոչում ես այնուամենայնիվ որոնում էի ոտնաձայներ: Եվ ես ոտնաձայների ճանապարհով պիտի անցնեի՝ վաղվա արևածագը դիմավորելու համար, իմ այգում աշխատելու և իմ թռչուններին ցորեն շնորհելու համար: Բայց ես աստված էի այլևս և անսահմանափակ իշխանություն ունենալու գիտակցությունը շփոթեցնում էր ինձ:

Երկվությո՛ւն:

Հիմա գիտեի, որ իմ թևավորների հետ սիրառատ փոխհարաբերություններ ունենալու համար հետայսու պիտի բացառեմ մահը, քանզի մահն է բոլոր փոխհարաբերությունների վերջակետը: Չկա կարեկցանք, չկա սեր, չկա քո իշխանության տակ գտնվողին բարձրացնելու պատրաստակամություն, չկա եզակի այն կամեցողությունը, որից անձնազոհության աղբյուրներ կարող են բխել, և ընդհանրապես ոչինչ չկա՝ երբ դու մահն ես սահմանում իբրև աստվածային քո իշխանության գագաթնակետ: Ահա հենց այս պատճառով, աշխարհի արարումից ի վեր Աստված փոխհարաբերություններ չունի իր պատկերով արարված ադամորդու հետ: Եվ երբե՛ք, երբեք  և ոչ մի հավիտենության մեջ Աստված փոխհարաբերություններ չի կարող կառուցել մարդկանց հետ, քանի դեռ մահկանացու է մարդը:

Ես հասկացա, որ առաջվա պես չեմ կարող սիրել իմ այգում բնակվող թևավորներին, առաջվա պես չեմ կարող արարել նրանց վաղվա օրը, առաջվա պես չեմ կարող գութ բաժանել և նրանց սերը հավաքել՝ հավկիթը բնից վերցնելիս, եթե մտքիս մեջ նրանց երբևէ մորթելու որոշումն ունեմ: Ուստի և՝ Աստված կամավոր մեռավ այն բանից հետո, երբ մահկանացու դարձրեց իր պատկերով մարդու հավիտենությունը:

Սա ճշմարտություն է, որից չես կարող խուսափել, և տիեզերական այս աքսիոման անխուսափելիորեն ծնում է մեկ այլ ճշմարտություն, որն անխուսափելիորեն առնչվում է մեզ և մեր ապագա հայրենիքին: Այսօր վարչապետության թեկնածուներ են Նիկոլ Փաշինյանն ու Ռոբերտ Քոչարյանը, որն իր հետևից, անշո՛ւշտ, կբերի Սերժ Սարգսյանին՝ եթե հաջողություն ունենա: Բայց այս մարդիկ չեն կարող հավուր պատշաճի փոխհարաբերություններ ունենալ իրենց ժողովրդի հետ, որովհետև նրանք երեքն էլ մահ են կամեցել իրենց ժողովրդին. Նիկոլը՝ քառասունչորսօրյա ցեղասպանությամբ, Սերժը՝ քառօրյա ցեղասպանությամբ, և Ռոբերտը՝ մարտիմեկյան ջարդարարությամբ:

Այս ամենը ի մտի ունենալով, խորհուրդ ունեմ ապագա վարչապետի, ապագա պատգամավորների և մեր պետության բախտանիվը պտտող այլոց համար:

Աստծուց մի աղերսեք այն երկիրը, որ չեք կարող խոստովանել:

Մաս 2-րդ

Տարօրինա՜կ, տարօրինա՜կ իմ քաղաք:

Ե՞րբ էր սա…

Թերևս ամեն տան մոտ դագաղ կար, բայց ոչ ոք չէր մահացել, թերևս ամեն դռան վրա մեխ կար, իսկ դարբնի աշխատանքով կուռ այդ երկաթից փշեպսակներ էին կախված, սակայն ոչ ոք չէր զոհաբերվել առ այս ու չէր համտեսել մահն ի Գողգոթա: Եվ միակը, միակ նահատակը Մունետիկն էր, որ պատռել էր ձայնալարերը բոթ բղավելիս, որ թքել էր բոթն իբրև արյուն, իսկ ծիծեռնակները հատել էին նրա լռությունը՝ մկրատաձև թռիչքներ կատարելով:

Ես կշռեցի հասարակությունն, ու հասարակությունը թեթև գտնվեց:

Տեսա, թե մարդիկ ինչպես են ծաղրում Իմաստությունն ու խղճացի նրանց:

Մեծագույն անակնկալը ոչ երբեք ասված բառն է, որ կարող է դառնալ գույժ կամ ավետիս: Եվ մարդն անպաշտպան է հատկապես չեռ երբեք չկատարված գործողության առջև, դեռ ցմրուր չպարպված սիրո և գնդակահարության պատի տակ կանգնած երեխայի առջև:

Մարդն Աստծո մահն է, իր իսկ մեծագույն անակնկալը, որ բացահայտվում է սոսկ մահվան ժամին:

Ես տեսա տխրության աչքերն իմ քաղաքում՝ երբ նախիրն էին տանում սպանդանոց, և հասկացա, որ աշխարհի արարումից ի վեր կատարյալ են եղել սոսկ այն աղոթքները, որոնք բառաչել է մարդն իր ունայնության պահին:

Ես տեսա պատերազմը՝ երբ այլևս ոչ ոք չէր վերադառնում մարտադաշտից, և հասկացա, որ հայրենիքը սգավոր այն կինն է, ով մարտադաշտ է վերադառնում պատերազմից հետո:

Ասո՛ւմ եմ ձեզ. Աստծուց մի աղերսեք այն երկիրը, որ չեք կարող խոստովանել:

Սմբատ ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930