Լրահոս
Օրվա լրահոսը

Քոչարյանը դիմեց սպիտակցիներին. «Այսօր Հայաստանն ավերակների են վերածում այս կառավարությունը, այսօրվա իշխող քաղաքական թիմը»

Հունիս 12,2021 14:10

«Հայաստան» դաշինքը Լոռու մարզում քարոզարշավը սկսեց Սպիտակ քաղաքից:

Դաշինքի առաջնորդ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ներկաներին հիշեցրեց, թե աղետի գոտում ինչպիսի աշխատանքներ է իրականացրել իր նախագահության տարիներին. «Իմ հիշողությունը լավն է, հիշում եմ յուրաքանչյուր շենք Սպիտակում, նույնիսկ հիշում եմ շինարարների դեմքերը, կարող է անունները չհիշեմ, բայց նույնիսկ դեմքերն եմ հիշում, թե ով որ շենքն էր կառուցում: Եվ այդ աշխատանքների, ծավալների ավելացնելու դրդիչ ուժն իմ համար եղել է հետեւյալը՝ բա հաջորդ անգամ, որ գամ, մարդկանց աչքերին ո՞նց եմ նայելու: Եթե հարցնեն, դու ղեկավար ես, դու ի՞նչ ես արել մեր բնակավայրի համար, ի՞նչ եմ ասելու: Նամուսի, թասիբի, պատասխանատվության հարց էր ուղղակի իմ համար: Եվ այն ժամանակ գումարները երկրում շատ ավելի քիչ էին, բայց աշխատողի վրա միշտ փող է գալիս, հնարավորություն էր բացվում: Եվ այդպես էլ եղավ, մեր աշխատանքը խրախուսեց բազմաթիվ մարդկանց՝ եւ՛ սփյուռքում, եւ՛ նույնիսկ ոչ հայերին: Կառուցեցինք աղետի գոտում նոր թաղամասեր, նոր շենքեր, մշակույթի տներ: Վերականգնեցինք»,- ասաց Քոչարյանն ու հարց ուղղեց ներկաներին. «Հիմա իմ մոտ շատ բնական հարց է առաջանում՝ եթե 3 տարի Սպիտակ քաղաքում ոչինչ չի արվել կառավարության կողմից, ի՞նչ երեսով են իրենք գալիս ձեր մոտ, կազմակերպում հանրահավաք այս նույն հրապարակում, եւ դիմում ձեզ՝ ձեր վստահության քվեն ստանալու համար: Մեկը կարող է ինձ բացատրել ի՞նչ խղճով: Բա դուք պատրա՞ստ եք ձայն տալ այդ մարդկանց»:

Հարցին հետեւեց հավաքվածների բացասական պատասխանը: Որից հետո Քոչարյանը խոստացավ. «Հիմա ասում եմ ձեզ, որ դուք տեսնելու եք ամսի 20-ից հետո մի կառավարություն, որի համար նամուսի, թասիբի հարց է լինելու ամեն անգամ այստեղ գալուց պարզերես նայել ձեր աչքերին եւ ասել՝ այ սա ենք արել, սա ենք արել, սա ենք արել»,- խոստացավ Քոչարյանն ու հավելեց, որ այսօրվա կառավարությունը կործանում է Հայաստանը. «Այսօր Հայաստանն ավերակների են վերածում այս կառավարությունը, այսօրվա իշխող քաղաքական թիմը: Մենք գալիս ենք իշխանության մեկ նպատակով՝ վերականգնել երկրի անվտանգությունը, պաշտպանել երկրի սահմանները եւ ապահովել տնտեսական վերել Հայաստանի համար: Կանխել արտագաղթը, ստեղծել աշխատատեղեր եւ ապահովել ձեզ բոլորիդ բարեկեցիկ կյանքով»:

Հանդիպման ավարտին դաշինքի ներկայացուցիչները հանրահավաքի մասնակիցների հետ միասին երթով շարժվեցին դեպի 1988-ի երկրաշարժի զոհերի հուշարձան:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930