«Մեր տունը Հայաստանն է» քաղաքական ուժը նախընտրական քարոզարշավի շրջանակում հանդիպեց համակիրների եւ վստահված անձանց հետ: Հանդիպման ընթացքում ներկայացվեցին նաեւ քվեարկության եւ հաշվարկի վերահսկողության գործընթացի հետ կապված որոշ մանրամասներ:
«Նախընտրական սեղմ իբր քարոզարշավի համար հատկացված ժամանակի ընթացքում րոպեն ավելի քիչ վայրկյան ունի, քան սովորաբար»,- հավաքը սկսելուց առաջ ասաց «Մեր տունը Հայաստանն է» միասնական ցուցակի վարչապետի թեկնածու Տիգրան Ուրիխանյանը եւ խնդրեց զբաղեցնել տեղերը:
Նա ասաց, որ հանդիպման ձեւաչափն ունի յուրահատկություն եւ բացի նրանից, ինչ իրենք խոսում են քարոզչության ընթացքում ժողովրդին ներկայացնելու համար, թե ինչու պիտի մասնավորապես մարդիկ 10-րդ քվեաթերթիկը գցեն քվեատուփ, ամենից առաջ անհրաժեշտություն կա անդրադառնալու քարոզարշավի որակին եւ քվեարկության եւ հաշվարկի գործընթացին:
Տիգրան Ուրիխանյանը նշեց, որ հանդիպմանը հիմնականում իրենց միասնական ցուցակը կազմող կուսակցությունների եւ առանձին անհատների ու թիմերի կողմից ներկայացված, հիմնականում Երեւանում ձեւավորված վերահսկողական շտաբի ներկայացուցիչներն են եւ ակտիվի կազմը, որոնք կարեւոր առաքելություն ունեն:
Կարդացեք նաև
«Չնայած այն հանգամանքին, որ ընտրությունները, ընտրական գործընթացը, հաշվարկը, դրանից հետո ճշգրտումները ուղիղ ԿԸՀ-ի, ինչպես նաեւ պետական մի շարք պատկան մարմինների ու կառույցների պարտավորությունն են, բայց, ավաղ, մենք ապրում ենք այնպիսի իրականության մեջ, որ հասարակության զգալի մասը շարունակում է ունենալ ընտրական գործընթացի հանդեպ վերապահումներ: Մենք ինքներս էլ այդ վերապահումներն ունենք:
Ուստի մեզ վրա վերցրել ենք նույնիսկ մինչեւ ընտրությունները կատարել այնպիսի խոստում կամ առնվազն ապահովել այդ խոստման կատարումը մեր հնարավորությունների շրջանակներում, որ ամենեւին մեր պատասխանատվության տիրույթում չէ, բայց երկրին ու ժողովրդին անհրաժեշտ է: Այն է՝ ընտրությունների որակի, քվեարկության, հաշվարկի գործընթացի եւ ընտրողի քվեի իրական արտաբերման ապահովում, որի համար մեկտեղվել են մեր՝ ձեզ հետ ռեսուրսները»,-ասաց Ուրիխանյանը:
Նաեւ հավելեց. «Մեր տունը Հայաստանն է» միասնական ցուցակի ծառայությունները ընտրությունների որակն ապահովելու իմաստով մատուցվում են մրցապայքարին մասնակցող բոլոր քաղաքական ուժերի շահերի տեսանկյունից, մենք պատրաստակամություն ենք հայտնում աջակցել բոլորին եւ իհարկե, առաջին հերթին ՀՀ քաղաքացիներին»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ