Լրահոս
Օրվա լրահոսը

«Էրդողանի այցը Շուշի սադրիչ բնույթի է եւ ուղղված է ՀՀ-ի, Արցախի, Իրանի, ՌԴ-ի շահերին»․ Վարդան Ոսկանյան

Հունիս 12,2021 13:10

«Ակնհայտ է, որ Ադրբեջանում զգալի աճել է թուրքական դերակատարումը, եւ հիմա կարող ենք վստահաբար պնդել, որ Հարավային Կովկասում գործ ունենք թուրքական արբանյակի գործակալ տերության հետ»,-լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանը։

Նրա խոսքով․ «Ադրբեջանում շատ խնդիրներ լուծվում են ոչ միայն Ալիեւի կամքի համաձայն, այլեւ Էրդողանի միջամտությամբ»։ Այս համատեքստում, ըստ Վարդան Ոսկանյանի, հունիսի 15-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Բաքու, այնուհետեւ՝ Շուշի, սադրիչ բնույթ ունի, որը որոշակիորեն ազդում է տարածաշրջանում այլ խաղացողների շահերի վրա․ «Շուշի այցն ունի սադրիչ բնույթ եւ ուղղված է ՀՀ-ի, Արցախի, Իրանի, ՌԴ-ի շահերին, որովհետեւ Արցախից բռնազավթված Շուշիում Էրդողանի եւ Բաքվի բռնապետերի հանդիպումը ոչ միայն հայկական կողմին է թիրախավորում, այլեւ մյուս խաղացողներին։ Ընդ որում, ինչ-որ պայմանագրի ստորագրման մասին տեղեկություն կա, բայց դեռ պարզ չէ, թե ինչ է դա։ Առցանց հարթակում քննարկումներ կան, որ ռազմական բաղադրիչ կարող է լինել, ինչը չի կարող չանհանգստացնել հայկական կողմին ու դաշնակից ՌԴ-ին, բարեկամ Իրանին։ Այս զարգացումների համատեքստում ՀՀ-ում, ցավալիորեն, չկա ԱԳՆ, իսկ իրեն իշխանություն համարող վարչախումբը զբաղված է պոպուլիզմով»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930