Լրահոս
Օրվա լրահոսը

Կամքի առկայության դեպքում հաղորդակցությունները կապաշրջափակվեն. Օվերչուկ

Հունիս 12,2021 12:40

Կամքի առկայության դեպքում Անդրկովկասում կարող է ապաշրջափակվել տրանսպորտային հաղորդակցությունը, զարգանա առևտուրը, Հայաստանի և Ադրբեջանի տնտեսությունները ստանան զարգացման ամուր խթան:

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը՝ խոսելով այն մասին, թե ինչ ենթակառուցվածքային նախագծեր կարող են առաջիկայում իրականացվել Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտի ոլորտում:

Այդ կապակցությամբ նա հիշեցրել է, որ եռակողմ հայտարարության հիման վրա ստեղծվել է աշխատանքային խումբ երեք երկրների փոխվարչապետերի նախագահությամբ, որին հանձնարարվել է զբաղվել տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակմամբ:

«Հենց սկզբից գործընկերների հետ մենք պայմանավորվել ենք, որ ընտրում ենք ողջամտության վրա հիմնված մոտեցում: Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները շատ բարդ, բազմաշերտ են և գալիս են պատմության խորքերից»,- ասել է նա՝ մատնանշելով, որ այսօր ամենակարևորն է տարածաշրջանում ապահովել խաղաղություն, իսկ դրա համար անհրաժեշտ է խոսել միմյանց հետ և աշխատել ընդհանուր խաղաղ ապագա կերտելու վրա:

«Հեռակա կարգով բանակցությունները վարչապետերի մակարդակով սկսվել էին 2021թ. հունվարին, և իսկ բանակցությունների կլոր սեղանի շուրջ կողմերը նստեցին հունվարի 30-ին: Նախկինում երբևէ այդպիսի հարցերը այդքան առարկայական այդպիսի մակարդակով Հայաստանի և Ադրբեջանի միջև չէին քննարկվել: Մեր պետությունների ղեկավարների՝ 2021թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից և աշնան 44-օրյա պատերազմի ավարտից մինչև բանակցությունների սկիզբը անցել էր երկու ամսից մի փոքր ավելի ժամանակ»,- ասել է նա՝ նշելով, որ  պատմության մեջ քիչ են դեպքերը, երբ պատերազմող կողմերը այդքան կարճ ժամանակ հետո նստել են բանակցությունների սեղանի շուրջ՝ տրանսպորտային հաղորդակցություններն ապաշրջափակելու և երկու երկրների տնտեսությունների համար պայմաններ ստեղծելու առաջադրանքով:

Փոխվարչապետի խոսքով՝ այդ գործոնները վկայում են այն մասին, որ բանակցությունների ձևաչափը յուրահատուկ է և ցույց է տալիս մասնակիցների՝ լուծում գտնելու ձգտումը: «Նման մոտեցումը թույլ տվեց անցնել երկու երկրների միջև բոլոր հնարավոր երկաթուղային և ավտոճանապարհային երթուղիների քննարկմանը: Քննարկվում են Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի տարածքով տրանսպորտային հաղորդակցության հնարավորությունները: Ընդ որում, միաժամանակ լուծվում են Հայաստանից Ռուսաստանին Ադրբեջանի տարածքով, կամ Հայաստանից և Ռուսաստանից Նախիջևանով Իրան շարժելու խնդիրները: Բացի այդ, Հայաստանը կարող է հնարավորություն ստանալ օգտագործել Կասպից ծովի ադրբեջանական նավահանգիստները Կենտրոնական Ասիայի երկրներ և Կենտրոնական Ասիայի երկրներից Հայաստան բեռներ տեղափոխելու համար»,- ասել է նա:

Օվերչուկի խոսքով՝ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում առարկայական զրույց է ընթանում տարածաշրջանի ապաշրջափակման վերաբերյալ: Այդ առաջադրանքի լուծման բանալին Հայաստանի ապաշրջափակումն է:

«Ինչպես հայտնի է, Հայաստանը չունի ելք դեպի ծով: Հայաստանը շատ բարդ պատմական հարաբերություններ ունի Թուրքիայի և Ադրբեջանի հետ, նրա սահմաններն այդ երկրների հետ արգելափակված են: Հայաստանն ունի ցամաքային ճանապարհի ոչ մեծ հատված Իրանի հետ, բայց այնտեղ ռելիեֆը բարդ է, և ճանապարհներն էլ վատն են, ինչը խոչընդոտում է լիարժեք տրանսպորտային հաղորդակցությանը: Բացի այդ, Իրանն ինքն էլ իր վրա կրում է սահմանափակող միջոցառումներ, ինչը նույնպես ազդում է իրավիճակի վրա»,- ասել է Օվերչուկը:

Նա հիշեցրել է, որ արտաքին աշխարհի հետ տրանսպորտային հաղորդակցություն իրականացնելու հնարավորություն Հայաստանն ունի միայն Վրաստանի միջոցով, որտեղ կա ելք դեպի նավահանգիստներ և միջազգային Վերլին Լարս անցակետը, որը միակ ցամաքային ճանապարհն է դեպի Ռուսաստան: Այնուամենայնիվ, այդ ավտոճանապարհային հատվածն ունի սահմանափակ հնարավորությունները և տարվա մեջ մի քանի անգամ եղանակային պայմանների պատճառով փակ է լինում փոխադրամիջոցների համար:

Նման իրավիճակը, ըստ Ռուսաստանի փոխվարչապետի, խոչընդոտում է տնտեսական զարգացմանը, բացասական ազդեցություն է ունենում միգրացիոն գործընթացների վրա և թույլ չի տալիս Հայաստանին լիարժեք օգտագործել իր ներուժը և վերածվել բարգավաճող երկրի:

«Տրանսպորտային ապաշրջափակումը տարածաշրջանում կարևոր է Ռուսաստանի, ԵԱՏՄ-ի և բոլոր հարևան երկրների համար: Ընդ որում, Հայաստանը ոչ միայն կվերածվի միջազգային կարևորագույն տրանսպորտային հանգույցի, որը կկապի Պարսից ծոցի իրանական նավահանգիստները Սև ծովի, ինչպես նաև Բալթիկի ռուսական նավահանգիստների և Խաղաղ օվկիանոսի հետ, այլև կարող է զարգացնել սեփական արտադրությունը, քանի որ հասանելիություն կստանա սպառողական նոր շուկաների:

Օվերչուկը նշել է, որ աշխատանքային խմբի շրջանակում ուսումնասիրվել են Հայաստանն ու Ադրբեջանը կապող բոլոր հնարավոր երկաթուղային և ավտոճանապարհային երթուղիները: Գարնանը այդ երկրների սահմանամերձ շրջաններում աշխատել են Ռուսաստանի համապատասխան գերատեսչությունների մասնագետներ, որոնք գնահատել են երկրների միջև կոմերցիոն բեռնափոխադրումների իրականացման հնարավորությունները:

«Ցավոք, գրեթե բոլոր հնարավոր երթուղիներն անպիտան են, և տրանսպորտային հաղորդակցության վերականգնումը լուրջ ներդրումներ է պահանջում: Փորձագիտական աշխատանքների արդյունքների հիման վրա կողմերն ուղենշել են տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման հետագա քայլերը»,- ասել է նա:

Օվերչուկը նկատել է, որ ապաշրջափակման հարցում առաջ են գալիս նաև մի շարք իրավական խնդիրներ, քանի որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև չկան դիվանագիտական կապեր, անցակետեր, մաքսակետեր:

«Երբ այս բոլոր հարցերի լուծումները գտնվեն, իսկ Հայաստանն ու Ադրբեջանը որոշեն, որ պատրաստ են դրանք իրականացնել, կարող ենք անցնել ճանապարհների վերականգնմանը և դրանից հետո վերսկսենք տրանսպորտային հաղորդակցությունը: Կարևորը՝ տեսնել լավ ապագա,  իհարկե, կարևոր է, որպեսզի ոչ մեկ չձեռնարկի այնպիսի քայլեր, որոնք էլ ավելի կբարդացնեն այդ՝ առանց այն էլ բարդ հարաբերությունները»,- ասել է Օվերչուկը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930