Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինին՝ Ռուսաստանի օրվա կապակցությամբ:
«Հարգելի Միխայիլ Վլադիմիրի,
Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և ՌԴ ժողովրդին՝ Ռուսաստանի օրվա առթիվ:
Ռուսաստանի բազմադարյա պետականության պատմության մեջ այս տոնը խորհրդանշում է երկրի քաղաքական և սոցիալ-տնտեսական ոլորտներում համակարգային վերափոխումները, միջազգային ասպարեզում Ռուսաստանի դերի ամրապնդման ուղղությամբ հետևողական աշխատանքը:
Կարդացեք նաև
Հայ-ռուսական դաշինքը, որը հիմնված է մեր երկրների ժողովուրդների բարեկամական և եղբայրական դարավոր հարաբերությունների վրա, անփոփոխ կերպով դրսևորվում է ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ միջազգային, տարածաշրջանային և ինտեգրացիոն միավորումների շրջանակում:
Համոզված եմ, որ համատեղ ջանքերն այսուհետ ևս ուղղված կլինեն միջպետական հարաբերությունների ողջ համալիրի ընդլայնմանը՝ նպաստելով մեր երկրների զարգացմանը, տարածաշրջանային կայունության և անվտանգության ապահովմանը:
Հարգելի Միխայիլ Վլադիմիրի,
Տոնական այս օրը մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն և նոր հաջողություններ Ձեր պետական գործունեության մեջ, իսկ Ռուսաստանի ժողովրդին՝ խաղաղություն և բարեկեցություն», – ասված է Նիկոլ Փաշինյանի ուղերձում:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ