Լրահոս
Օրվա լրահոսը

Շուրջ 5000 զոհ ու 12000 վիրավոր տալուց ավելի ազդեցիկ կոմպրոմա՞տ կա. Վահե Հովհաննիսյան

Հունիս 12,2021 11:56

Ողջ հասարակությամբ սպասում ենք Նիկոլի դեմ կոմպրոմատին։  Մեծից փոքր, խելոքից՝ անխելք։ Սա դարձել է ազգային նպատակի պես մի բան, որն իրականում շատ հուսահատեցնող է։

Հուսահատեցնող է՝ մտածել, որ այսքանից հետո մեզ դեռ ինչ-որ «կոմպրոմատ» է պետք, որը կազդի ընտրության արդյունքների վրա, կկանխորոշի դրանք։

  • Արցախի 75 տոկոսը կորցնելուց հետո,
  • Շուշին կորցնելուց հետո,
  • Դադիվանքը, Ղազանչեցոցը կորցնելուց հետո

էլ ի՞նչ կոմպրոմատ ենք ուզում։ Ով ում որտեղ ի՞նչ արեց, ում հետ քնեց կամ արթնացա՞վ։

Ուրեմն դա ավելի՞ ազդեցիկ է, քան այն, որ ադրբեջանցիները մտել են Սյունիք ու Սևանա լճի վերևում՝ ՀՀ պետական սահմանից ներս, հենց այս պահին նստած են։

Շուրջ 5000 զոհ ու 12000 վիրավոր տալուց ավելի ազդեցիկ կոմպրոմա՞տ կա։

Իսկ Բաքվում այս պահին դատվող մեր տղերքի կադրերից ավելի սարսռեցնող կոմպրոմատ կա՞։

Հոկտեմբերի 19-ից պատերազմը չդադարեցնելու և դրանից հետո ամեն օր 100 նոր զոհ տալու փաստը կոմպրոմատ չէ՞։

Հինգ օր է՝ քննարկում ենք, թե ինչ կտարածվի՝ սրա կամ նրա քնե՞լը, թե՞ մի այլ «ցնցող» բան։ Ու չենք հասկանում, որ արդեն 8 ամիս է՝ Ալիևն է «քնում» բոլորիս հետ՝ «երբ ուզի, որքան ուզի» խաղի կանոնով։

Եթե այսքանից հետո Նիկոլին մերժելը պետք է լինի ինչ-որ մասնավոր կոմպրոմատի հաշվին, ապա դա հետագա վերելքի քիչ հույս է տալիս։

Մեր աչքի առաջ Նիկոլը հենց այս պահին պլանավորում է ներքին բախումներ, անթաքույց իրականացնում է դրանց քարոզն ու նախապատրաստական աշխատանքները, սա պարզ տեսնում են իրավապահները, ուժայինները, նրա թիմակիցները, Անվտանգության Խորհրդի անդամները, միջազգային հանրությունը, ու այսքանով հանդերձ՝ չենք կարողանում նրա ձեռքը բռնել։ Էլի սպասում ենք դրա իրականացմանը, որ փաստը տեսնենք ու նոր ասենք՝ բայց ո՞նց այսպիսի բան եղավ։ Սա ուրեմն կոմպրոմատ չէ՞, սա ընդվզման պատճառ չէ՞, սա ուրեմն ուղղակի նրան չընտրելու փաստարկ չէ՞։

Մի ողջ ազգի ու պետության ջարդուփշուր եղած երազանքները, անվտանգությունն ու արժանապատվությունը փոխանակում ենք ինչ-որ անճաշակ սերիալային «կոմպրոմատի» հե՞տ։ Պիտի դադարենք թույլ տալ, որ Նիկոլը մեզ ազգովի վերածի մի մեծ, էժան կոմպրոմատի։ Քաղաքացին, ընտրողը պիտի վերջապես սկսի տեսնել մեր կյանքում տիրող այն հսկա, իրական ու դաժան կոմպրոմատը, որի պարագայում որևէ իշխանություն ոչ թե չէր վերընտրվի, այլև մտքով անգամ չէր անցկացնի կրկին առաջադրվել։

 

Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՆԱԽԱԳԾԵՐ ԽՈՒՄԲ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930