Լրահոս
Օրվա լրահոսը

Գրականագետ․ «Ընտրական շուկա» են նետվել բոլոր նրանք, ովքեր չեն ալարում․ «Փաստ»

Հունիս 12,2021 10:10

ԵՊՀ հայ գրականության պատմության ամբիոնի դասախոս, գրականագետ Սերժ Սրապիոնյանն ասում է՝ այս օրերին հասարակական տրամադրությունները ոչ թե բնական, այլ հետևանքային վիճակում են:

«Այն ամբողջ մրուրը, որ լցվեց հասարակության գիտակցության մեջ, խաթարեց նրա գիտակցական կյանքի բնականոն ընթացքը: Սկսեցինք մեր ընտանիքներում անգամ, քաղաքական տարբեր մտածողության դրսևորումներ ունենալով, չհասկանալ իրար: Ես և իմ միջավայրի սթափ մարդիկ ոչ թե 2018 թվականից, այլ 2016-2017 թվականներից, երբ սև քայլարշավ սկսվեց Ապրիլ յան պատերազմի հերոսների հասցեին, հասկանում էինք, որ Հայաստանի գլխին մեծ աղետ է պատրաստվում:

Դերակատարներին չգիտեինք, դերակատարները երևացին 2018 թվականին՝ Չալոյի հետ միասին: Զգուշացրեցինք այդ մասին մեր ժողովրդին: Եթե իմ՝ որպես Հայաստանի քաղաքացու և մարդու, որը մի քանի գիրք է կարդացել և Հայաստանի պատմությանը մասամբ ծանոթ է, կարծիքը հարցնեիք, կասեի՝ եթե Հայաստանի ժողովրդի ուղեղը թունավորված չլիներ, ընտրություններ չպետք է լինեին: Պետք է լիներ հանցագործի վտարում, հանցագործը պետք է դատվեր, իսկ հանցագործը նա է, ով բռնազավթել է վարչապետի աթոռը: Այնուհետև պետք է ձևավորվեր ժամանակավոր կառավարություն: Այն հնարավորինս կմեղմացներ այս դրածոյի հարվածի թափը հայ ժողովրդի կառավարական համակարգին և կառավարական մտածողությանը, մեղմելուց հետո նոր սթափ կգնայինք ընտրությունների:

Հիմա տեսեք՝ ի՞նչ է կատարվում: Պայմանական տերմին եմ ասում՝ «ընտրական շուկա» են նետվել բոլոր նրանք, ովքեր չեն ալարում: Մարդիկ կան, որոնց կուսակցությունը բաղկացած է իրենցից, իրենց սիրուհուց և կնոջից, և նրանք հավակնում են դառնալ վարչապետ: Այսքան էժանացվեցին պետական կարևորագույն պաշտոնները, իսկ դա որևէ երկրի որևէ դրական բան չի բերել»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Սրապիոնյանը:

Ընդգծում է՝ ունի քաղաքական հստակ դիրքորոշում, իր համար ակնհայտ է, թե ով կարող է երկիրը դուրս բերել այս աղետալի վիճակից: «Արդարանալու ոչինչ չունեմ, չեմ էլ ասում, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ինձ համար իդեալական քաղաքական գործիչ չէ: Ասում եմ՝ ճակատագրի բերումով, Նիկոլ Փաշինյանի համառ ջանքերի շնորհիվ հրապարակում նա մնաց այն միակ անհատականությունը, որն իր ապրած կյանքով, գործողություններով, իր կենսագրությամբ ի զորու է այս ավերածությունների, փլատակների մեջ դնել մեր գալիք ուժեղ պետականության հիմքը: Շատերի, մասնավորապես նրանց, ովքեր Նիկոլին համարում են աղետ, հայրենասիրության, քաղաքական մտածողության վրա չեմ կասկածում, բայց ես հավատում եմ Ռոբերտ Քոչարյանի ուժին: Ինչո՞ւ:

Տեսել եմ նրա պետական գործունեությունը: Նրա քաղաքականություն վարելու ընթացքում առանձին իրողություններից նույնիսկ բավարարված չեմ եղել, բայց տեսել եմ կամք, խելք, նվիրում, հայկական ընտանիքի հայր, տեսել եմ նրա ակնածանքն իր մոր նկատմամբ: Չեմ հիշում, որ նրա երեխաներից որևէ մեկն աղբարկղները քրքրողի հագուստն իբրև նորաբանություն մատուցելու նպատակով անճոռնի նկարներ տարածեր: Որովհետև նրանք Քոչարյանի երեխաներն են, նրանք և՛ չէին անի, և՛ չէին համարձակվի այդ բանն անել: Ի վերջո, ընտանիքը հասարակության փոքր մակետն է, և այդ փոքր մակետն արտացոլում է հասարակության նկատմամբ մտածողությունը: Ռոբերտ Քոչարյանն իմ հուսահատության ու նաև հոռետեսության ժամանակների ցրողն է: Եթե նա հաջողի, հաջողում է մեր երկիրն ու ժողովուրդը»:

Լուսինե ԱՌԱՔԵԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930