Լրահոս
Օրվա լրահոսը

Սպասվում են «տուրբուլենտ» ամիսներ

Հունիս 12,2021 10:00

Եկեք երեւակայական տարբերակներ չքննարկենք եւ արձանագրենք, որ կա այս ընտրությունների ելքի երկու տարբերակ.

1/ անկառավարելի վիճակի խորացում, պետական կառույցների աշխատանքի հետագա կազմալուծում, որը շատ արագ կբերի նոր պայթյունի եւ նոր կորուստների,

2/ հին՝ 2018 թվականից առաջ գոյություն ունեցող համակարգի ռեստավրացիայի փորձ, որը մի փոքր ավելի դանդաղ, բայց դարձյալ կբերի նոր պայթյունի եւ նոր կորուստների: Մի դեպքում (եթե վերարտադրվի Փաշինյանը) գործընթացը կտեւի ամիսներ, մյուս դեպքում (եթե իշխանության գա Քոչարյանը) նույնը կկատարվի 1-1,5 տարում:

Ինչպես է դրանից հնարավոր խուսափել: Առաջարկվում է տեխնոկրատ, ոչ քաղաքական կառավարության գաղափարը. դա իսկապես կարող է լուծում լինել մեր իրավիճակում՝ կրքերը հանգստացնելու առումով: Բայց, ցավոք, այդ գաղափարն անիրագործելի է. դրա համար չեն իրենց ճղում Փաշինյանն ու Քոչարյանը, որ իշխանությունը տան ինչ-որ մեկին: Նրանք տանջվում են, որպեսզի իշխեն, եւ այդ իշխանությունն օգտագործելով իրար ոչնչացնեն: Նման մտադրություններ ունեցող լիդերներով կայունության հասնելն անհնարին է: Բայց ոչ մի այլ քաղաքական ուժ, բացի այս երկուսից, իշխանություն դառնալու շանսեր չունի:

Ո՞րն է Փաշինյանի քաղաքականության առանցքը: Եթե մի բառով բնութագրենք՝ դա սկանդալն է, վարչապետի ներկայիս պաշտոնակատարը հմուտ սկանդալիստ է՝ այդ իրավիճակում նա իրեն զգում է՝ ինչպես ձուկը ջրում, որովհետեւ դա հնարավորություն է ստեղծում «շշպռելու», «պորտը տեղը դնելու» (բացարձակապես կարեւոր չէ, թե ում): Իր այդ բնավորության պատճառով նա փչացրել է հարաբերությունները բյուրոկրատիայի, դիվանագետների, մտավորականների, զինվորականների, հոգեւորականների, կուսակցությունների, անգամ իր թիմի մի մասի հետ: Այդ քաղաքականության արդյունքները բոլորիս աչքի առաջ են: Որպես հենարան մնացել են այն իմքայլականները, որոնք իրենց շեֆին մոտ բառապաշարով «քլնգում են» նախկիններին, ինչպես նաեւ ձեռք ու ոտք համբուրող ընտրազանգվածը: Դա հեղհեղուկ հիմք է, որի վրա հնարավոր չէ կայուն համակարգ կառուցել:

Եթե մեկ բառով բնութագրելու լինենք Քոչարյանի քաղաքական դիմանկարը, ապա դա կլինի «բռնաճնշում» բառը: Երկրորդ նախագահն իր իշխանության օրոք ձգտում էր բոլորին իր բռունցքի մեջ պահել, ամեն ինչ «կարգավորում էր»՝ իր պատկերացումներին համապատասխան, այդ թվում՝ ով, երբ եւ որքան պետք է «մուծվի»: Օլիգարխների սափրագլուխները մարդկանց քացու տակ էին գցում նույնպես խիստ կանոնակարգված ձեւով: Նախագահին սխալ բարեւելը կարող էր մահացու հետեւանքներ ունենալ: Վերականգնել այդ համակարգը գործնականում անհնար է: Կլինի թե՛ նույն բյուրոկրատիայի եւ մտավորականության մի մասի, եւ թե՛ տասնյակ հազարավոր այլ քաղաքացիների դիմադրությունը:

Այնպես որ՝ ընտրությունների երկու հնարավոր արդյունքների դեպքում էլ առաջարկում եմ տրամադրվել առնվազն մի քանի ամսվա «տուրբուլենտ» վիճակին:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (5)

Պատասխանել

  1. Armen says:

    Իսկ ինչպե՞ս ստեղծել տեխնոկրատների, ոչ քաղաքական կառավարություն՝ հարցեր շատ կան, այդ դեպքում նույնպես պետք է ընտրել վարչապետ՝ ու՞մ: Ի վերջո թերևս նոր վարչապետը պետք է կազմավորի իր թիմը…..

  2. հակ համբարձումեան says:

    կը ներէք պարոն Աբրահամյան, բայց դուք ձեզի կը հակասէք. մէկ կողմէն
    “Վերականգնել այդ համակարգը գործնականում անհնար է:”, միւս կողմէն “2018 թվականից առաջ գոյություն ունեցող համակարգի ռեստավրացիայի (վերահաստատմա՞ն) փորձ…բռնաճնշու՛մ”. եթէ գիտէք որ անհնար է՝ ինչպէ՞ս ձեր հին վախերը կը վերապրիք։

    իսկ “տեխնոկրատ, ոչ քաղաքական կառավարության գաղափարը” հայաստանի այս վիճակին մէջ, երբ բուն խնդիրներէն մէկը գաղաբարի պակասն է՝ ամէնէ անհեթեթ եւ մակերեսային առաջարկն է.

  3. ominac says:

    Վերջապէս 30 տարի մինչեւ մէկ ղեկավարը դարձաւ որ իր ժողովուրդը չի գողցաւ, դուք կը կարծեք որ մենք այդ երկար ճամբան կը մոռնանք եւ ինչ որ տեխնիկական պատճառներով ուրիշ մէկը կընտրենք։ Ճիշտ է որ այս մարդը կեանքին մէջ գոալիցիա չէ կազմած, եւ կրնայ ըլլալ ինքնագլուխ աշխատիլը միակ բանն է որ գիտէ, միւս կողմէն այդ պատճառ չէ որ խումբ մը խորամանկ մարդկանց յանձնենք երկիրը յուսալով որ աւելի լաւ ինչ որ բան մը ըլլայ։ Իր օրով իմ ստացածս, այսինքն իմ անձնական սահմանիս պաշտպանութիւնը կամ պահակութիւնը ինծի համար ամենէն կարեւոր բանն է։ Ես գիտեմ որ ինչքան սպասեցի որ այս վիճակը իրականանայ, ինչ որ արցախով, շուստրի քաղաքագէտներով եւ ոչ ալ մտաւորականներու կարծիքներով կը փոխարինեմ այն։ Վստահ եմ որ այս մարկանց ըսածը ինչ որ չափով տեղին է, բայց նիկոլին ներկայութիւնէն ինչ որ ես օգտուեցայ անհամեմատելիէ ձեր մտահոգութիւններուն հետ, Ես նիկոլը կը տեսնեմ որպէս իմ անձնական սահմաններուս պահակը, միակ անձը որ ըսաւ պիտի պահէ ինծի, այսինքն պետութիւն ըսուածը կռնակէս հեռու պիտի պահէ եւ ըսածը ըրաւ։ Հիմա եթէ այս մարդը կողմնակի ուրիշ ոչ պիտանի գոյներով կուգայ, տէ թող գայ, այս մարդը ինծի բան մը տուաւ ուր ձեր բոլոր նշածները երկրորդական են։

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930