Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ կլիներ մեր 3 նախկին նախագահների կեցվածքը 2020 թ․-ի նոյեմբերի 9-ին․ «Ազգ»

Հունիս 12,2021 09:50

Պատմաբանները սովորաբար չեն սիրում «եթե»-ները, քանի որ դրանք՝ այդ «եթե»-ները, չեն կարող փոխել պատմության ընթացքը, իրողությունները: Սակայն նույնիսկ ամենախիստ պատմաբանները չեն կարող ժխտել, որ «եթե»-ները եթե չեն կարող փոխել պատմական իրողությունից որեւէ բան, այնուամենայնիվ կարող են օգնել ավելի լավ հասկանալ պատմական իրադարձությունները, հասարակության մեջ առաջացած անոմալիաները, անհատի դերը դրանց մեջ, նույնիսկ՝ նույն երեւույթի նկատմամբ տարբեր անհատականությունների հակազդեցության տարբերությունները՝ համեմատական կարգով:

Նկատի ունենալով մեր ժողովրդի անհատապաշտությունը եւ մեր երկրում ստեղծված ծանր վիճակը, մանավանդ արտահերթ ընտրությունների սեմին, ավելորդ չէր լինի դիտարկել մեր 3+1 լիդերների հավանական հակազդեցությունը միեւնույն օրհասական կացության դիմաց, պայմանականորեն որպես կուլմինացիոն կետ ընտրելով 2020 նոյեմբերի 9 թվականը, այսինքն կապիտուլյացիոն թղթի ստորագրման օրը:

Արդ, ի՞նչ կլիներ մեր 3 նախկին նախագահների կեցվածքը, հակազդեցությունը այդ օրհասական պահին:

3-րդ նախագահը, ինչպես օրերս խոստովանեց, քաջ գիտակցելով ստեղծված կացության բոլոր հետեւանքները, այդ կամ նման որեւէ թուղթ ստորագրելու փոխարեն ինքնասպան կլիներ:

2-րդ նախագահը, նման բան ստորագրելու փոխարեն հրահանգ կտար հեռահար հրթիռներով կործանել թշնամի երկրի ամենազգայուն կետերը, առաջին հերթին՝ նավթագազային գլխավոր հանգույցները, գեթ ժամանակավորապես ձախողության մատնելու համար թշնամական ծրագրերը:

1-ին նախագահը մերժելով կմերժեր նման որեւէ փաստաթուղթ՝ ընդառաջ ներկայացնելով իր հրաժարականը: Հրաժարականն այդ, վստահ եմ, շարադրված կլիներ գեղեցկագույն հայերենով, «նկատի ունենալով» բառերով սկսվող մի քանի պարբերություններով եւ կավարտվեր «Բարին ընդ ձեզ»-ի փոխարեն «Տէր ընդ ձեզ», գուցեեւ՝ «Արիւն ձեր՝ ի գլուխ ձեր» հրաժեշտի խոսքերով:

Ինչպես տեսնում ենք, նրանցից ոչ մեկը, անկախաբար մեկը մյուսից, չէր գնա նման քայլի, դեռեւս չխոսելով երկիրը նման կացության չմատնելու համար նրանց կանխարգելիչ հավանական աշխատանքների մասին: Նրանք երեքն էլ իրենց թերություններով ու սխալներով հանդերձ հայրենասեր, պետականապաշտ առաջնորդներ են՝ ի տարբերություն, ի հակադրություն ներկայիս զոռով պաշտոնավարողի՝ +4-ի: Վերջինը, «թավիշ» լինի նրա անունը, թե «թաղիք» կամ այլ բան, ոչ միայն հայրենասեր չէ, այլեւ մարդասեր եւ ազգասեր չէ, ոչ միայն կրթված չէ, այլեւ անկիրթ է, բարդույթավորված եւ արկածախնդիր: Նոյեմբերի 9-ի նվաստացուցիչ փաստաթղթի մեջ նա տեսավ իր վերապրելու հույսը, իր՝ այսպես կոչված քաղաքական գոյատեւումի հնարավորությունը, որի շարունակումը նա այժմ ձգտում է ապահովել խորհրդարանական ընտրություններով, հենվելով տգետ եւ ատելավառ ամբոխին արյունահեղության մղելու իր սատանայական կարողության վրա: Հիշեք ի՛նչ է ասել Վանո Սիրադեղյանը 2-րդ անգամ հեղափոխություն անողների մասին՝ վրա է տալիս իր անձը, ընտանիքը, ապա իր հայրենիքը: Իսկ 3-րդ անգա՞մ…

Հակոբ ԱՎԵՏԻՔՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930