Արմավիրի նախկին քաղաքապետ, «Պատիվ ունեմ» դաշինքի ընտրացուցակի 16-րդ համարը զբաղեցնող Ռուբեն Խլղաթյանին ձերբակալելու որոշումը բողոքարկվել է: «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց նրա փաստաբան Արսեն Սարդարյանը:
Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանը բռնվել է 9.000.000 ՀՀ դրամ ընտրակաշառքի գումարի փոխանցման պահին։
Դատախազության տվյալներով`դեպքը տեղի է ունեցել Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղում։ Արմավիր քաղաքի նախկին քաղաքապետը Ջանֆիդա գյուղի բնակիչ Գ.Պ.-ին այդ նպատակով 9 մլն ՀՀ դրամ գումար է փոխանցել` գյուղի բնակիչներին բաժանելու համար։
Պատգամավորի թեկնածուն չի ընդունում իրեն առաջադրված կասկածանքը, փաստաբաններն այն քաղաքական հետապնդում են որակում: Նրա նկատմամբ քրեական հետապնդում նախաձեռնելու համար գլխավոր դատախազությունը պետք է դիմի Կենտրոնական ընտրական հանձնաժողովին: ԿԸՀ-ի որոշումից հետո նոր հայտնի կլինիին մեղադրանք առաջադրվելու է, թե՝ ոչ:
Կարդացեք նաև
«Ռուբեն Խլղաթյանը ընդհանրապես որեւէ առնչություն չունի իրեն առաջադրված կասկածանքի հետ, այն անհիմն է, որեւէ փաստական տվյալի վրա չհիմնված»,- մեր զրույցում ասաց Սարդարյանը՝ հավելելով. «Սա քաղաքական հետպնդումից բացի ուրիշ ոչինչի չի կարող լինել: Մենք համոզված ենք, որ ինքն անմեղ եւ վաղ թե ուշ բացահայտվելու է, որ առանց որեւէ հիմքի անձին դրեցին նման շոուի ենթարկեցին եւ դրանով փորձեցին իմ վստահորդի քարոզարշավին խոչընդոտել: Իրականում ես գտնում եմ, որ մեր հասարակությունը ունի լայն մակարդակի գիտակցություն եւ հասկանում է, ինչ է տեղի ունեցել եւ հուսով եմ, որ Ռուբեն Խլղաթյանի քաղաքական գործունեությանը սա չի խոչընդոտի»:
– Պարոն Սարդարյան, ձեր վստահորդը կասկածանքի շուրջ ցուցմունք տվե՞լ է:
– Քանի որ մենք հասկացանք, որ քաղաքական հետապնդում է իրականացվում, բնականաբար հրաժարվեցինք համագործակցել վարույթն իրականացնող մարմնի հետ: Հրատապ ձերբակալումը, պաշտպաններին ներս չթողնել, (միայն ՄԻՊ-ի միջամտությամբ կարողացանք ներս մտնել), այս երեւույթները առաջացրեց մեր մոտ լուրջ կասկածներ. փաստաբանների խորհուրդներին հետեւելով պարոն Խլղաթյանը այս պահին հրաժարվել է ցուցմունք տալ: Հնարավոր է, որ մեր դիրքորոշումը հետագայում փոխվի, եթե մենք նկատենք օբյեկտիվություն:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» թերթի այս համարում