Լրահոս
Օրվա լրահոսը

«Առնո Բաբաջանյան» համերգասրահը եւ Ֆիլհարմոնիան նոր փուլ են թեւակոխել

Հունիս 12,2021 13:00

«Առավոտը» 2020թ. վերջերին հանդիպել էր «Առնո Բաբաջանյան» համերգասրահի եւ Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի նորանշանակ տնօրեն Արտյոմ Նաղդյանի հետ։ Հարցազրույցի արդյունքում հրապարակվեց ««Առնո Բաբաջանյան» համերգասրահը կվերածնվի» հոդվածը։

Շուրջ 20 տարի մեզ հետ զրույցներում արվեստագետների գերակշիռ մասը հավաստիացրել է, որ դրսից եւ ներսից գեղեցիկ այս շենքը կորցրել է իր երբեմնի փառքը, փաստելով, որ այս համերգասրահում ժամանակին առաջին անգամ կայացել է Ալեքսանդր Սպենդիարյանի բեմելը պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ, հենց այս բեմում են ելույթ ունեցել այնպիսի անուններ, ինչպիսիք են Գոհար Գասպարյանը, Զառա Դոլուխանյանը, Պավել Լիսիցյանը, Դավիդ Օյստրախը, Լյուբով Օռլովան, Պավել Կոգանը, «Մետրոպոլիտեն-օպերայի» աստղեր Լուսի Ամարան, Լիլի Չուքասզյանը եւ այլք, հանդես են եկել մեր պետական կոլեկտիվները։

Հայաստան ժամանած զբոսաշրջիկներն ու հյուրերը մայրաքաղաքի Հանրապետության հրապարակից քայլելով դեպի Աբովյան փողոց, մշտապես հիացել են աջ կողմում գտնվող սեւ ու կարմիր տուֆերի համադրությամբ եւ յուրօրինակ ճարտարապետական ոճով 1900-ականների սկզբին կառուցված շենքով, որը 2003 թվականից կրում է «Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահ» անունը։ 1932-ից այստեղ գործում է Հայաստանի պետական ֆիլհարմոնիան։ Վերջինիս կազմում այսօր գործում են Մարո Մուրադյանի անվան «Ակունք» անսամբլը (ղեկավար՝ Արթուր Շահնազարյան), Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար՝ Նորայր Դավթյան), Հայաստանի գուսանական եւ ժողովրդական երգի պետական անսամբլը (գեղարվեստական ղեկավար՝ Գեւորգ Մանասյան), Ֆոլք-մոդեռն ժողգործիքների նվագախումբը (ղեկավար՝ Լեւոն Թեւանյան)։

Մի քանի ամիս է, ինչ մեզ հետ զրույցներում նույն արվեստագետները, որոնք ժամանակին նեղսրտում էին, թե «Առնո Բաբաջանյան» համերգասրահը կորցրել է իր երբեմնի փառքը՝ նկատի ունենալով անցկացվող միջոցառումների մակարդակը, հիմա արդեն գոհունակությամբ են խոսում անցկացվող բարձրարվեստ համերգների մասին, հատուկ շեշտում, թե նույնիսկ հայտագրերի դիզայնն է փոխվել, դարձել «մայրաքաղաքային»։ Պատկերացնո՞ւմ եք՝ նրանցից մեկ-երկուսը հայտնեցին դիզայներների անունները. Մարիամ Մալխասյան, Նոնա Ամիրխանյան:

Մեզ հետ հանդիպման ժամանակ Արտյոմ Նաղդյանը հայտնեց, որ Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակի առիթով տարին սկսել են նրա ծննդյան օրը՝ հունվարի 21-ին, այցելելով մաեստրոյի շիրիմին, որին հաջորդել է բացօթյա համերգը։ Առանց մանրամասնելու էլ ասաց, որ ծրագրել են աշնանը հանդես գալ մեծ նախագծով, ու թեեւ համագործակցում են ԿԳՄՍ նախարարության հետ, բայց փնտրում են հովանավորներ։ Հետաքրքրվեցինք՝ կոնկրետ վերջին ամիսներին «Բաբաջանյան» համերգասրահում ի՞նչ համերգներ են անցկացվել։

«Ակունք» ազգագրական անսամբլը հանդես եկավ «Հայացք» ծրագրով, ներկայացնելով Արեւմտյան Հայաստանի նահանգների մեր երաժշտությունը, երգն ու պարը։ Հանդիսատեսի շրջանում հետաքրքրություն է առաջացրել Ֆոլք-մոդեռն անսամբլի համերգը, Հայաստանի գուսանական եւ ժողովրդական երգի անսամբլի բեմելը եւ այլն»,- ասաց մեր զրուցակիցը։ Հարցին՝ բացի ֆիլհարմոնիայի կոլեկտիվներից, ովքե՞ր են հանդես եկել «Առնո Բաբաջանյան»-ում, պարոն Նաղդյանը պատասխանեց. «Կայացել է Ռուբեն Հախվերդյանի մենահամերգը, նույն օրը համերգասրահի վերաբացված ճեմասրահում կայացել է անվանի նկարիչ Հրանտ Թադեւոսյանի ցուցահանդեսը, Վահագն Հայրապետյանը մեր համերգասրահում ներկայացրել է իր նոր՝ «Էլեկտրոնիկ պլանետ» սոլո ծրագիրը։ Օրերս եւս մեկ շքեղ համերգ էր. բեմում էր Լեւոն Էսկենյանի ղեկավարած համաշխարհային ճանաչման արժանացած Գեորգի Գյուրջիեւի անունը կրող անսամբլը, որը գյուրջիեւյան երաժշտությունը տարածում է ողջ աշխարհում»։ Մենք էլ հավելենք, որ ծնունդով Գյումրիից Գեորգի Գյուրջիեւի ուսմունքի հետեւորդները 20-րդ դարում աշխարհի տարբեր երկրներում նրա անունը կրող դպրոցներ ու ինստիտուտներ են հիմնել, շարունակելով ուսումնասիրել ալեքսանդրապոլցի մեծ մտածողի աշխատությունները, որոնք մեծ ազդեցություն ունեն կրոնափիլիսոփայական տարբեր գաղափարախոսությունների կրողների վրա։

Պարոն Նաղդյանի հետ զրույցի ժամանակ հետաքրքրվեցինք մեզ հասած տեղեկությամբ, թե պետական ֆիլհարմոնիան ծրագրեր է իրականացնում նաեւ մարզերում։ Մեր զրուցակիցը նշեց, իր խոսքերով՝ արտագնա միջոցառումներից մեկ-երկուսը. «Ակունք» անսամբլը Թանգարանների միջազգային օրը հանդես եկավ Էջմիածնում, Համբարձման տոնին ընդառաջով Մասիս քաղաքի Սուրբ Թադեոս եկեղեցու բակում «Ակունք»-ն ու գուսանական եւ ժողովրդական երգի անսամբլները հանդես եկան միացյալ համերգով, Մասիսի Առնո Բաբաջանյանի անվան երաժշտական դպրոցում կազմակերպել էինք Կոմիտասի անվան ազգային քառյակի ելույթը՝ միայն բաբաջանյանական երաժշտությամբ, օրերս էլ՝ հունիսի 3-ին, Սուրբ Հովհաննես Մկրտչի տոնի օրը Լուսաշող գյուղում կայացավ «Ակունք» անսամբլի համերգը եւ այլն։ Երեւանի Սուրբ Աննա եկեղեցու բակում էլ կազմակերպել էինք համերգ Հայաստանի պետական կամերային երգչախմբի «Տաղարան» եւ Ֆոլք-մոդեռն անսամբլների մասնակցությամբ»։ Դիտարկմանը, թե նախորդ հանդիպման ժամանակ հավաստիացրել էր, թե «Բաբաջանյան» համերգասրահը «կդասականացվի», տնօրենը տեղեկացրեց, որ հունիսի 29-ին վոկալ երաժշտության համերգ է՝ Ազգային օպերային թատրոնի Երիտասարդական օպերային ծրագրի մեներգիչների մասնակցությամբ, ապա կկայանա անվանի թավջութակահարուհի ու մանկավարժ Մեդեա Աբրահամյանի հիշատակին նվիրված երեկո եւ այլն։

Զրույցի ընթացքում Արտյոմ Նաղդյանը հատուկ շեշտեց, որ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Հայաստանի պետական ֆիլհարմոնիան կազմակերպել եւ ապրիլի 30-ից անցկացնում է «Քո արվեստը դպրոցում» մշակութային կրթական ծրագիրը։ Հետո էլ մանրամասնեց. «Դրանք տեղի են ունենում ոչ միայն Երեւանի, այլեւ հանրապետության բոլոր մարզերում, մասնակցությամբ մշակույթի՝ բացառությամբ բոլոր ճյուղերի ներկայացուցիչների։ Արդեն կայացել է 12 հանդիպում, դրանց մեր արվեստագետները մասնակցում են սիրով եւ անվճար»։

Անդրադարձ եղավ Ազգային օպերային թատրոնում ֆիլհարմոնիայի կազմակերպած` անվանի կոմպոզիտոր Խաչատուր Ավետիսյանի ծննդյան 95-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյին, որտեղ ԱՄՆ-ից հրավիրված էր կոմպոզիտորի որդին՝ դիրիժոր Միքայել Ավետիսյանը։ «Առավոտը» ներկա էր այդ երեկոյին։ Ասենք, որ ավետիսյանական ստեղծագործություններին հարիր մեր պետական կոլեկտիվների ու մենակատարների մասնակցությամբ իսկապես շքեղ երեկո էր։ Զրույցից պարզ դարձավ, որ երեկոն ունենալու է, այսպես կոչված, շարունակություն. պետական ֆիլհարմոնիան նախաձեռնել է կոմպոզիտորին նվիրված ֆիլմի ստեղծման աշխատանքները։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.06.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930