Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Երկու փաստաբաններ դատարանին միջնորդել են հայցի ապահովման միջոց կիրառել Նիկոլ Փաշինյանի դեմ

Հունիս 12,2021 13:30

Մայիսի 25-ին ՀՀ վարչական դատարան են դիմել ՀՀ փաստաբանների պալատի անդամներ, փաստաբաններ Վահե Հովսեփյանն ու Վարդան Առաքելյանը:

«Առավոտի» զրուցակից փաստաբան Վահե Հովսեփյանը տեղեկացրեց, որ հայցապահանջն ընդդեմ «Ադրբեջանի նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահի միջեւ ստորագրման նախատեսվող հայտարարությունը, դրա հիմքում դրված եւ/կամ դրանից բխող փաստաթուղթը (փաստաթղթերը) ստորագրելուց ձեռնպահ մնալուն Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին պարտավորեցնելու պահանջի մասին է»:

Վ. Հովսեփյանը մեր զրույցի ժամանակ վկայակոչեց ՀՀ սահմանային իրավիճակով պայմանավորված վերջին զարգացումների մասին, լրատվական աղբյուրները, մայիսի 20-ի կառավարության նիստի ժամանակ վարչապետի պաշտոնակատարի հայտարարությունը. «այո, ես այդ թուղթը ստորագրելու եմ», իսկ մեր հարցին, թե՝ հանրության համար քննարկման առարկա է այն, թե արդյոք պաշտոնակատարը որեւէ փաստաթուղթ, միջազգային պայմանագիր ստորագրելու իրավասություն ունի՞, մանավանդ որ, հայցադիմումում անդրադարձ կա նրա կարգավիճակի լեգիտիմությանը, պատասխանեց. «Գտնում ենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատարն իրավասու չէ ստորագրել եւ չպետք է ստորագրի նշված փաստաթուղթը, քանի որ այն հակասում է Հայաստանի Հանրապետության ազգային եւ պետական շահերին, ՀՀ Սահմանադրությանը, «Միջազգային պայմանագրերի մասին», «Հանրաքվեի մասին», «Պետական սահմանի մասին» ՀՀ օրենքներին եւ խախտում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիների, այդ թվում՝ մեր՝ հայցվորներիս, ստորեւ վկայակոչվող իրավունքները, հետեւաբար դատական կարգով պետք է պարտավորեցնել ՀՀ վարչապետի պաշտոնակատարին ձեռնպահ մնալ Ադրբեջանի նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահի միջեւ ստորագրման նախատեսվող հայտարարությունը, դրա հիմքում դրված եւ/կամ դրանից փաստաթուղթը (փաստաթղթերը) ստորագրելուց, հետեւյալ նկատառումներով։

1.ՀՀ Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչապետի հրաժարական ներկայացնելու կամ վարչապետի պաշտոնը թափուր մնալու այլ դեպքերում կառավարության հրաժարականն ընդունվելուց հետո` յոթնօրյա ժամկետում, Ազգային ժողովի խմբակցություններն իրավունք ունեն առաջադրելու վարչապետի թեկնածուներ:

Սահմանադրական նշված նորմից հետեւում է, որ սահմանադիրը վարչապետի պաշտոնը թափուր մնալու դեպք է դիտել նաեւ վարչապետի հրաժարականը, հետեւաբար, վարչապետի հրաժարականի դեպքում, վերջինիս պաշտոնը համարվում է թափուր, ուստի նա չի կարող շարունակել վարչապետի լիազորությունների ժամանակավոր կատարումը:

Նշվածից բխում է, որ Փաշինյանը չունի որեւէ իրավասություն հանդես գալու որպես վարչապետի պաշտոնակատար, հետեւաբար եւ՝ Հայաստանի Հանրապետության անունից ստորագրել որեւէ փաստաթուղթ կամ կայացնել որեւէ որոշում։ Հատկանշական է, որ այդ ամենի մասին հայտարարել է հենց Փաշինյանը 2018թ. ապրիլյան իշխանափոխության օրերին, ելույթ ունենալով կողմնակիցների առջեւ, հայտարարելով հետեւյալը. «Այսօր իրավաբանները, վերլուծելով Հայաստանի օրենսդրությունը, արձանագրել են, որ վարչապետի հրաժարականի պարագայում չի՛ կարող լինել վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար»։ Իսկ այսօր նա իր համար հորինել է վարչապետի պաշտոնակատարի կարգավիճակ, որը ոչ այլ ինչ է, քան նրա կողմից իշխանության յուրացում»։

«Առավոտի» հարցին, թե հայցադիմումում Դուք նշե՞լ եք փաստաթղթերի ստորագրման ընթացակարգերի, բացառող հանգամանքների մասին, Վահե Հովսեփյանը պատասխանեց. «Չնայած վկայակոչված փաստարկն ինքնին բավարար է, որպեսզի դատարանն արգելի վարչապետի պաշտոնակատարին ստորագրել խնդրո առարկա փաստաթուղթը, սակայն առկա են նշված փաստաթղթի ստորագրումը բացառող մի շարք հանգամանքներ եւս։ Այսպես. ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի համաձայն. «1. Ազգային ժողովը վավերացնում, կասեցնում կամ չեղյալ է հայտարարում այն միջազգային պայմանագրերը՝

1) որոնք վերաբերում են մարդու եւ քաղաքացու հիմնական իրավունքներին եւ ազատություններին, ինչպես նաեւ պարտականություններին.
2) որոնք ունեն քաղաքական կամ ռազմական բնույթ.
3) որոնք նախատեսում են Հայաստանի Հանրապետության անդամակցություն միջազգային կազմակերպությանը.
4) որոնք Հայաստանի Հանրապետության համար նախատեսում են ֆինանսական կամ գույքային պարտավորություններ.
5) որոնց կիրառումը նախատեսում է օրենքի փոփոխություն կամ նոր օրենքի ընդունում, կամ որոնք պարունակում են օրենքին հակասող նորմեր.
6) որոնք ուղղակիորեն նախատեսում են վավերացում.
7) որոնք պարունակում են օրենքի կարգավորմանը ենթակա հարցեր:

2. Ազգային ժողովը, կառավարության առաջարկությամբ, միջազգային պայմանագրերը վավերացնում, կասեցնում եւ չեղյալ է հայտարարում օրենքով՝ պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ:

3. Սահմանադրությանը հակասող միջազգային պայմանագրերը չեն կարող վավերացվել»։

Զրուցակիցս վկայակոչեց նաեւ «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասը, համաձայն որի՝ միջազգային պայմանագրի կնքման (դրան միանալու) առաջարկությունը վարչապետին է ներկայացնում իրավասու մարմինը՝ հիմնավորելով դրա կնքման (դրան միանալու) նպատակահարմարությունը եւ կցելով Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության եզրակացությունը միջազգային պայմանագրի կնքման (դրան միանալու) արտաքին քաղաքական նպատակահարմարության մասին կամ կարգավորման ենթակա հարաբերությունները իրավաբանական պարտադիր ուժ չունեցող միջազգային բնույթի այլ փաստաթղթով կնքելու նպատակահարմարության մասին:

ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն էլ՝ «Միջազգային պայմանագրի կնքման, բազմակողմ միջազգային պայմանագրին միանալու առաջարկության կապակցությամբ վարչապետի հանձնարարականի հիման վրա այդ հանձնարարականով այլ ժամկետ սահմանված չլինելու դեպքում իրավասու մարմինը 15 աշխատանքային օրվա ընթացքում միջազգային պայմանագրի նախագծի հայերեն եւ օտար լեզուներով տեքստը, բազմակողմ միջազգային պայմանագրի դեպքում դրա տեքստը եւ հայերեն թարգմանությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության եւ շահագրգիռ այլ մարմինների քննարկմանը՝ կցելով միջազգային պայմանագրի կնքման (դրան միանալու) հիմնավորում:

2. Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը, արդարադատության նախարարությունը, այլ շահագրգիռ մարմինները տրամադրում են եզրակացություններ միջազգային պայմանագրի ստորագրման կամ միանալու արտաքին քաղաքական նպատակահարմարության եւ Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականությանը եւ ստանձնած միջազգային պարտավորություններին դրա համապատասխանության մասին, ինչպես նաեւ անհրաժեշտության դեպքում՝ միջազգային պայմանագրի կնքման, ուժի մեջ մտնելու, կատարման, փոփոխման, գործողության երկարաձգման եւ կասեցման առնչությամբ, միջազգային պայմանագիրը վավերացման ենթակա դարձնող հիմքերի առկայության մասին»: Ըստ որում, այս ընթացակարգերից հետո այն ուղարկվում է ՍԴ՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու համար, ապա ԱԺ:

Փաստաբանները մայիսի 25-ին ՀՀ վարչական դատարան էին ներկայացրել նաեւ միջնորդություն՝ հայցի ապահովման միջոց ձեռնարկելու մասին, եւ նշել նաեւ կատարման ժամկետը՝ մայիսի 31: Մինչդեռ մենք զրուցում էինք հունիսի 8-ին:

Հայցադիմումում նշված էր. «Գտնում ենք, որ մինչ սույն գործի քննության ավարտը, որպես հայցի ապահովման միջոց, պետք է կիրառել հայցվորի պահանջի ժամանակավոր բավարարում կամ դատավարության մասնակցին որոշակի գործողություն կատարելն արգելող հայցի ապահովման միջոցը եւ արգելել ՀՀ վարչապետի պաշտոնակատարին մինչ սույն գործի քննության ավարտը (գործն ըստ էության լուծող, օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայությունը) ստորագրել Ադրբեջանի նախագահի, Հայաստանի Հանրապետության վարչապետի եւ Ռուսաստանի Դաշնության նախագահի միջեւ ստորագրման նախատեսվող հայտարարությունը, դրա հիմքում դրված եւ/կամ դրանից բխող փաստաթուղթը (փաստաթղթերը), քանի որ նման միջոցներ չձեռնարկելը կարող է անհնարին դարձնել կամ դժվարացնել դատական ակտի կատարումը։ Այսպես, խնդրո առարկա փաստաթղթի բովանդակությունից հետեւում է, որ դրանում ներառված կողմերը մինչեւ 2021 թվականի մայիսի 31-ը պետք է ստեղծեն համատեղ դելիմիտացիայի հարցերով Հանձնաժողով՝ Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ, որին հաջորդելու է դեմարկացիայի գործընթացը: Այնուհետեւ Ադրբեջանի եւ Հայաստանի Հանրապետությունների կառավարությունները մինչեւ 2021 թվականի մայիսի 31-ը Հանձնաժողովի շրջանակներում ստեղծելու են ազգային պատվիրակություններ:

Նշվածից բխում է, որ Հայաստանի Հանրապետության ազգային եւ պետական շահերին հակասող եւ մեր իրավունքները խախտող խնդրո առարկա փաստաթուղթը պետք է ստորագրվի մինչեւ 2021 թվականի մայիսի 31-ը, այնինչ սույն գործի քննությունը իրապես մինչեւ 2021 թվականի մայիսի 31-ը չի կարող ավարտվել։ Իսկ խնդրո առարկա փաստաթղթի ստորագրումը հղի է Հայաստան պետության եւ Հայաստանի պետականության համար անդառնալի կորուստներով եւ վտանգներով, որոնք եւ հանգեցնելու են հայ ժողովրդի, նաեւ մեր՝ հայցադիմումում վկայակոչված իրավունքների խախտմանը։ Հետեւաբար վերը նշված հայցի ապահովման միջոցներից որեւէ մեկը չձեռնարկվելու պարագայում կհանգենք մի իրավիճակի, երբ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը չի ունենա կատարում»:

Դատարանից վարույթ ընդունելու կամ չընդունելու մասին կողմը դեռ որեւէ պատասխան չէր ստացել:

Հարցազրույցը՝
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
11.06.2021

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930