Լրահոս
Օրվա լրահոսը

Նրանք չեն ապրում… ընդամենը շնչում են…

Հունիս 12,2021 12:30

Գոնե հայերս տեղյակ ենք, որ հայ մայրերը միշտ էլ հպարտորեն են իրենց զավակներին ճանապարհել բանակ՝ հայոց հողը եւ իրենց ընտանիքներին պատվով պաշտպանելու համար, ինչը եղավ նաեւ Արցախյան վերջին պատերազմի ժամանակ: Նրանք քաջատեղյակ էին նաեւ, որ ամեն վայրկյան կարող էր վերսկսել հայ-ադրբեջանական պատերազմը եւ իրենց որդիները պետք է սրբորեն պաշտպանեին իրենց հայրենիքը ու նրանցից ոմանք կարող էին նաեւ զոհվել:

Իհարկե, մոր համար ավելի դաժան բան, քան իր մատղաշ որդին կարող է զոհվել պատերազմում, դժվար է նշել, որը նրա համար լիովին անհաշտվելի իրողություն է, սակայն դա է պատերազմի կանոնը եւ այն շրջանցել հնարավոր չէ: Բայց որեւէ մոր մտքով չէր կարող անցնել այն, ինչ իրականում տեղի ունեցավ այս պատերազմում: Դավաճանությունների շարունակվող շղթա, պատերազմի կառավարման զրո մակարդակ՝ կրախ, պատերազմ վարելու հետ կապված անհեթեթ եւ անիմաստ քայլեր, …, որը բնականորեն բերեց 5000 զոհերի, մի քանի հազարի անհետ կորածների ու գերիների:

Դավաճանները մեր ազգի սեւ ու ամոթալի կետերն են, որոնք հայտնվում եւ ակնթարթորեն՝ խարազանվելով վերանում են հողագնդի վրայից ու հանգրվանում իրենց բնօրրանում՝ սատանայի գրկում: Ցավոք, այդպիսիք կան եւ միշտ էլ լինելու են եւ հենց իրենց կողքին էլ ավելի է իմաստավորվում մեր մայրերի ոտքի վրա ամուր կանգնելն ու ապրելու շարունակությունը:

Որեւէ մեկը չէր կարող կանխագուշակել նման նվաստացուցիչ, ամոթալի ու անտրամաբանական հետեւանք, որը, ցավոք, դարձավ իրականություն: Հայոց Մեծ եղեռնից հետո սա դարձավ երկրորդ ազգային սուգը: Որ մարդկային եւ տարածքային կորուստներն աներեւակայելի ու անգին են, դա բոլորին է հասկանալի, սակայն այն տիեզերական վիշտը, որը մխրճվեց հազարավոր հայ ընտանիքների հոգիներից ներս, անկարելի էր նման բան երեւակայելը: Այս պարագայում սա բացարձակ անարդար վիշտ է, որն իհարկե չափազանց դժվարացնում է զոհերի հարազատների դիմակայելն այդ վշտին:

Հասկանալի է, որ մեր հերոս նահատակների մայրերի (նաեւ հայրերի) կյանքը շարունակվում է, սակայն իրականում նրանք չեն ապրում, ուղղակի ընդամենը շնչում են… Իհարկե, ժամանակի ընթացքում նրանց վիշտը որոշ չափով կթեթեւանա, սակայն մինչեւ մահ նրանց կյանքի առանցքը դա է լինելու…

Հայոց որդեկորույս մայրեր, ձեր վիշտն անսահման է, քանզի ձեր զավակների որոշ մասը զոհվել է դավաճանների սխալների արդյունքում, սակայն կա ձեզ մխիթարող ամենամեծ ուժը. նրանք զոհվել են հայրենիքի համար, որից ավելի մեծ հպարտություն չկա եւ չի լինելու……
Ձեր ապրելը նաեւ լիովին իմաստավորված է, քանզի դուք այն նվիրաբերում եք ձեր նահատակ զավակներին…

Որդեկորույս մայր, թերեւս դա ամենամեծ վիշտն է աշխարհում… Սակայն այդ վշտին եւս պետք է կարողանալ դիմակայել, քանզի նպատակը չափազանց մեծ է. նրանք զոհվել են հանուն հայրենիքի, պետության եւ պետականության…

Որքան էլ դժվար է, այնուամենայնիվ, ուզում եմ դիմել մեր անմահ, հերոս առյուծների մայրերին: Սուրբ մայրեր, ձեր վշտն անսահման է, բայց դուք պարտադրված եք դիմակայել եւ շարունակ աղոթել ձեր նահատակված զավակների ու դուստրերի հոգիների համար, քանզի միայն այդպես ձեր զավակների հոգիները հանգիստ կննջեն, որը ձեր հոգուն եւս կբերի փոքր-ինչ խաղաղություն: Հասկանալի է, որ հետագա կյանքը ձեզ համար լոկ տառապանք է լինելու, սակայն դուք պետք է հանուն ձեր եւ նահատակված, եւ մնացած երեխաների շատ ամուր լինեք եւ ձեր մշտական աղոթքներով խաղաղ պահեք ձեր նահատակված գանձերի հոգիները…

Այսքան ծով վշտի հետ ձեզ մխիթարող շատ մեծ խորհուրդ կա. միայն ձեր հերոս զավակների միջոցով է ազատագրվելու Արցախ երկիրը եւ մեր սուրբ հայրենիքի ու մեր պետականության հավերժ գոյատեւումը կերտելու են այդ առյուծ հերոսները…

Աշխարհիս վրա բոլոր մարդիկ մահկանացուներ են եւ հազար երանի ձեզ, որ ձեր արգանդը երկնել է նման առյուծ զավակներ, ովքեր իրենց արյամբ գրում են Հայոց պատմությունը եւ սրբորեն պահպանում այն…

Մի՞թե ավելի մեծ հպարտություն կա մոր համար, քան այն, որ հենց ձեր զավակների արյամբ է հարատեւելու Հայոց պետությունը…
Վստահ եղեք, որ նրանց հոգիները երկնքից մշտապես հետեւում են ձեզ… Ամուր պահեք ձեզ, որպեսզի նրանք վշտից երկրորդ անգամ չմահանան…

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
Հայաստանի Ճարտարագիտական ակադեմիայի թղթակից անդամ

«Առավոտ» օրաթերթ
11.06.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930