Լույս է տեսել լրագրող Ալեքսանդր Թովմասյանի հերթական չորրորդ գիրքը:
Մինչ այս «Голос Армении» լրագրողի՝ նախկին երեք նախագահների պաշտոնավարման ժամանակաշրջանը ներկայացնող երեք գրքերն էին լույս տեսել: Իրավական թեմաներ լուսաբանող բազմափորձ լրագրողն, ինչպես նախորդներում, այս գրքում նույնպես ձեռնպահ է մնացել կողմ դառնալ, նա ներկայացնում է Հայաստանում, Արցախում այն ժամանակագրությունը, երբ կարող ես իմանալ, թե ինչ է տեղի ունեցել ամեն օր 1988-ից հետո՝ չորս ղեկավարների օրոք:
Համաձայնեք՝ դժվար է, մանավանդ, նախորդ երկու նախագահների՝ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի գործունեության ժամանակաշրջանում, երբ դեռ համացանցը եւ առցանց հնարավորությունները գրեթե բացակայում էին, երբ հեղինակն ամենօրյա լույս տեսնող տպագիր մամուլից է քաղվածքներ հանել:
Առաջին նախագահի պաշտոնավարման ժամանակաշրջանը ներկայացնելիս, հեղինակը փոքրիկ մեջբերում-գրառումներ է կատարել նաեւ իր օրագրությունից, իսկ օգտագործվել են այնպիսի լրատվամիջոցներից ծաղկաքաղեր, որոնք այսօր գոյություն չունեն, եւ պատմության գիրկն են անցել. «Պրավդա», «Իզվեստիա», «Կոմունիստ», «Հայրենիքի ձայն», «Երեկոյան Երեւան»…
Հեղինակն իր առաջին քայլը մամուլում կատարել է 1971թ.-ին, ճիշտ նույն տարում էլ ավարտել է ԵՊՀ-ն: Նա աշխատում է «Գոլոսում» 1995թ.-ից: «Ես ունեմ քաղաքական գնահատականներ, սակայն այս գրքրում, իմ կարծիքով, գնահատելին այն է, որ ես չեմ թելադրում իմ կարծիքը, իմ համակրանքները»,-«Առավոտի» հետ զրույցում ասում է Ալեքսանդր Թովմասյանը:
Այս գիրքն առաջին հերթին պատմաբաններին է պետք:
Հանրագիտարանային աշխատանքը 100 օրինակից է, նախորդ ռուսալեզու գրքերը, որոնք նույնպես լույս են տեսել հեղինակի միջոցներով, բաժանվել են գրադարաններում, ուղարկվել Արցախ:
Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
10.06.2021