Լրահոս
Օրվա լրահոսը

Դիմակայության հայկական պատ-5. «Հոկտեմբերի 27»

Հունիս 12,2021 14:00

Սկիզբը՝ «Առավոտի» 04.06.2021 համարում:

«Առավոտի» զրուցակիցն է ԳԽ եւ ԱԺ նախկին պատգամավոր, 2003-2007թթ. ՀՀ նախագահի խորհրդական Սեյրան Ավագյանը

– Միջազգային կառույցների եւ խոշոր տերությունների կողմից ի՞նչ վերաբերմունքի արժանացավ Հայաստանում իշխանափոխությունը:

– 1998թ. նախագահական եւ 1999թ. ԱԺ ընտրություններից հետո Հայաստանի, Արցախի եւ սփյուռքի պատուհաններից համազգային մի նոր ալիք, խաղաղության ափ հասնելու մեծ հույսեր, ճանապարհի խոչընդոտները եւ զրկանքները հաղթահարելու պատրաստակամություն, նպատակին հասնելու աներեր կամքի դրսեւորում էր երեւում:

1998թ. սեպտեմբերի 26-ին ՄԱԿ գլխավոր ասամբլեայի 53-րդ նստաշրջանում ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր ելույթում ընդգծում է. «Ներկայումս բանակցությունների գործընթացը հայտնվել է փակուղում: Հիմնական պատճառներն են` բանակցությունների գործընթացում ԼՂ ներկայացուցչության հստակորեն չորոշված կարգավիճակը, ԼՂ ընտրված ղեկավարության հետ անմիջական բանակցություններից Ադրբեջանի հրաժարվելը, ինչպես նաեւ այն փաստը, որ Ադրբեջանը շարունակում է իր նախապայմանները ԼՂ ապագա կարգավիճակի վերաբերյալ, ինչը պետք է որոշվի բուն բանակցությունների ընթացքում»:

Փաստորեն, վերջին երկու տարիների ընթացքում, հակամարտող կողմերի միջեւ անգամ մեկ հանդիպում չի եղել: 1999 թվականի օգոստոսի 21-ին Ժնեւի արվարձանում հանդիպում են նախագահներ Ռոբերտ Քոչարյանը եւ Հեյդար Ալիեւը: Բանակցությունները վերսկսվում են: 1999 թվականի սեպտեմբերի 21-ին անկախության տոնակատարության գիշերը ԱՄՆ է մեկնում ՀՀ վարչապես Վազգեն Սարգսյանը: Օրակարգում նրա հանդիպումն էր ԱՄՆ փոխնախագահի հետ: Պաշտոնական այցով Մոսկվա է մեկնում ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը:

– Ձեր կարծիքով՝ Հայաստանը շրջափակող հարեւան պետությունները ինչպե՞ս պիտի արձագանքեին այդ փոփոխություններին:

– Կարեւոր է նաեւ հասկանալ, թե Հայաստանի այս գործընթացները ինչ ազդեցություն են ունենում մեզ շրջափակող երկու հարեւանների վրա եւ ինչ է երեւում նրանց պատուհաններից: Անշուշտ արձանագրած պիտի լինեին, որ այն սպասելիքները, որ ունեին կախված ԼՂ հարցի հրատապ կարգավորման Հայաստանի նախաձեռնության հետ, մնացին անցյալում: Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը նոր թափ կստանա: Հայկական խաղաքարտը առաջիկայում շատ ակտիվ կխաղարկվի: Հայաստանում իշխանության ներսում եւ նրա շուրջ տեղի է ունեցել մեծ համախմբում եւ Հայաստան-Արցախ-սփյուռք ներդաշնակ գործունեությունը լուրջ իրավիճակ կարող է ստեղծել տարածաշրջանում: Պետք է սպասեին, որ հայերին կհաջողվի վերականգնել Ղարաբաղի հարցով բանակցությունները եւ բացառված չէ Մինսկի խմբի կողմից նոր մոտեցումների առաջադրումը: Հայաստանի նոր ղեկավարության բավականին հագեցած արտաքին օրակարգը, նրանց ընդունելությունները Մինսկի խմբի համանախագահ մեծ տերությունների ղեկավարության կողմից, ինչպես նաեւ Հայաստանի ղեկավարների սուր հարցադրումները միջազգային ասպարեզներում, նրանց ինքնավստահ կեցվածքը չէին կարող մեր հարեւանների սրտով լինել:

Խանդավառության այս մթնոլորտում, որեւէ բանական էակի մտքով անգամ չէր կարող անցնել, թե ինչ կարող էր լինել Հայաստանում ընդամենը 35 օր հետո՝ 1999թ. հոկտեմբերի 27-ին:

– Անցած տարիների ընթացքում տարբեր գնահատականներ են հնչել հոկտեմբերի 27-ի վերաբերյալ: Ո՞րն է Ձեր գնահատականը:

– Հազարամյակներ ապրած հինավուրց հայ ազգը անցնելով պատմության քառուղիներով, մեծ ու փոքր բազում փորձություններով, կառուցելով եւ վերակառուցելով դիմակայության ազգային պատը, դրանով պաշտպանել է իր ինքնությունը, հասել է մեր օրեր որպես հայ, եւ մարդկությանը բերելով ուրույն բարձր մշակույթ եւ բարոյական արժեքներ: Դարերի մեջ ենթարկվելով բազում ավերիչ հարվածների՝ դիմակայության ազգային այդ պատը, ինչպես մեր շատ եկեղեցիներ, վանքեր ու ճարտարապետական հոյակերտ կոթողներ, վերանորոգումների եւ ամրացումների կարիք ունեին: Անկախության ձեռքբերումով առաջացան լավ շանսեր իրականացնելու այն եւ դիմակայության հայկական պատին մի նոր որակ հաղորդելու:

Հոկտեմբերի 27-ին պաշտպանության այդ պատը պատմության իր ամենամեծ փորձություններից մեկը ապրեց: Ազգային ժողովի պատգամավորների, կառավարության անդամների, լրագրողների աչքի առաջ գնդակահարեցին ՀՀ ԱԺ նախագահին, ՀՀ վարչապետին, ԱԺ մի քանի պատգամավորների եւ կատարողներն էլ անձնագրով, անուն-ազգանունով հայեր էին եւ իրենց այնպես էին պահում ԱԺ դահլիճում, այնպես արտահայտվում, չեմ հասկանում, փորձում էին ապացուցել, որ իրենք ազգի փրկիչներն են: Պահանջում էին, որ հանրապետության նախագահը գա դահլիճ եւ լուծեն ազգի ճակատագիրը: Անհեթեթ ժողովրդահաճո ծրագրերից էին խոսում, երեւի հույս ունեին, որ նախագահը սպառնալիքի տակ իրենց կհանձնվի կառավարությունը: Բայց սա դեռ ամբողջը չէ: Պարզվում է, որ հայերից բաղկացած մի խումբ էլ, որ ուժային կառույցների բարձրաստիճան պաշտոնյաներ են, այս արհավիրքի պահին ժողով են անում ու պաշտոններ բաժանում:
Հանրապետության նախագահին պահանջ են ներկայացնում, որ իրենց անհապաղ նշանակի իրենց որոշած պաշտոններին: Այստեղ էլ մի բան չեմ կարողանում հասկանալ, բայց չէ՞ որ քաղաքական մեծամասնությունը, ում կառավարությունն եք ուզում դառնալ, ԱԺ դահլիճում պատանդ է, գուցե սկզբից արժեր նրանց, ԱԺ մյուս պատգամավորներին, կառավարության անդամներին, լրագրողներին ազատեիք: Չէ՞ որ դուք, որպես ուժային կառույցների պաշտոնյաներ, ի պաշտոնե առաջին հերթին այդ խնդիրն էիք պարտավոր լուծել:

Պատկերը ամբողջացնելու համար պիտի հիշեցնեմ, որ պաշտոնյաների մի խումբ էլ առանց համապատասխան հրամանի, զինտեխնիկա են հանել Երեւանի մատույցներ: Հասկանում եք, նրանք էլ բոլորի պես հայեր են: Այսպիսով, չկա վարչապետը, չկա ԱԺ նախագահը եւ տեղակալները, իշխանությանշարունակականությունը ապահովելու համար մնացել է միայն իշխանության մեկ թեւը` հանրապետության նախագահը: Հաջողվում է նաեւ կասկածների մեծ ալիքը ուղղորդել դեպի իշխանության այս թեւը: Մեկ օրվա մեջ երկիրը թաղվում է խորը մղձավանջի մեջ: Հոկտեմբերի 27-ը հայոց պետականությունը կանգնեցրեց «լինել թե չլինել» հարցի առաջ:

Կա երկու բան, որ ինձ թվում է, շատ է էժանացնում հոկտեմբերի 27-ի երեւույթը. երեւույթ` որը, իմ կարծիքով, մեր պատմության մեջ հավերժ է մնալու, որպես սեւ էջ, որպես ազգային ամոթ:

– Ի՞նչը ի նկատի ունեք:

– Մենք, որպես պետություն, այստեղ 2 իրարից տարբեր խնդիրներ ունեինք: Առաջինը, թերեւս, այն է, որ Հայաստանի Հանրապետությունը ենթարկվել է տեռորիստական հարձակման: Հայաստանի հասարակությունը համախմբվել է պետությանը սպառնացող վտանգը չեզոքացնելու համար: Մենք պետք է հոգ տանեինք, որ աշխարհը այսպես ընկալեր Հայաստանում տեղի ունեցածը: Հայաստանի շատ թե քիչ ծանրակշիռ քաղաքական ուժերը իրենց լուման պետք է ներդնեին պետության հեղինակությունը պատշաճ մակարդակում պահելու գործում եւ հասարակության միասնականությունը ապահովելու համար: Այնինչ, դեպքից անմիջապես հետո, շատ-շատերը մատնացույց էին անում երկրի ներսը: Կարծես դրանով համոզմունք էին հայտնում, որ նման նենգության ընդունակ են միայն հայերը: Մյուս կողմից՝ մի տեսակ ինքնախոստովանանք, կամ ընկալում կա այն իրողության, որ մենք բոլորովին երկրորդական դերում ենք մեր թշնամիների համար: Այսինքն՝ մենք այնքան չկա՞նք, որ մեր թշնամիների համար վտանգ ներկայացնենք ու նրանք այնպիսի նենգ ծրագրեր մշակեն մեր դեմ, մեծ ծախսեր անեն, ռիսկերի գնան, ջանք թափեն, որ մեր սպառնալիքների դեմն առնեն: Ասենք թե մեր պահվածքից, մեր կատարած քայլերից աշխարհը գա համոզման, որ Հայաստանում պարզապես իշխանության վերնախավում իրար են ուտում, իրար արյուն են թափում, իշխանության համար իրար են կոտորում: Միավորված ազգերի կազմակերպության (ՄԱԿ) լիիրավ անդամ որեւէ պետության պատի՞վ է բերում, արդյոք, երբ նրա մասին այսպիսի կարծիք է ձեւավորվում:

Երկրորդը, այս հարցով բարձր մակարդակով` միջազգային չափանիշներին համապատասխան արդարադատության կազմակերպումն է: Որեւէ ուշադրության արժանի փաստ չպիտի վրիպի արդարադատության աչքից եւ միաժամանակ այն քաղաքական շահարկման նյութ չպիտի լինի: Այնինչ հոկտեմբերի 27-ը մի շարք քաղաքական ուժերի կողմից, որպես դիվիդենդներ շահելու թեմա է օգտագործվում: Այդ դեպքերից արդեն անցել է համարյա 22 տարի: Սակայն ամեն մի քաղաքական շատ թե քիչ կարեւոր առիթների դեպքում, հարկի թե անհարկի, այս թեման քննարկման դաշտում է հայտնվում եւ 22 տարի շարունակ այդ բազմաթիվ ու բազմատեսակ արծարծումներում, այն, ինչ ասվել է, ներկայացվել է, քննվել է դատավարության ընթացքում, ոչ մի նոր բան ջրի երես դուրս չի գալիս: Լավ կլիներ, որ պայմանավորվածություն ձեռք բերվեր այն մասին, որ այս թեման հասարակական հարթակներ բարձրացնելուց առաջ հեղինակը իր նյութերը, նոր ի հայտ եկած փաստերը, հանգամանքները ներկայացներ դատաքննչական, ազգային անվտանգության մարմիններին եւ, եթե նրանք ներկայացված նյութերում որեւէ ծանրակշիռ, ուշադրության արժանի բան տեսնեն եւ վարույթ ընդունեն, այդ դեպքում մամուլում անդրադարձներն անհրաժեշտ կամ կարեւոր համարվի: Այլապես, թեմայի տեղի-անտեղի շարունակական արծարծումները որեւէ հայի համար պատիվ չի բերում: Վերջապես խոսքը ազգային ամոթին է վերաբերում: Եվ վերջապես, եթե այս թեմայով Հայաստանում իշխանափոխությունից հետո էլ ոչ մի նոր բան ի հայտ չի եկել, ուրեմն նրա հետ կապված նոր որեւէ բանի ի հայտ գալու հավանականությունը տարածաշրջանային լուրջ փոփոխությունների հետ կարելի է կապել:

Այստեղ մի կարեւոր հարց էլ կա, որին արժե անդրադառնալ: Ինչպես հայտնի է, ի վերջո ՀՀ ԱԺ-ի նախագահ դարձավ ՀԺԿ ներկայացուցիչը` Արմեն Խաչատրյանը, եթե չեմ սխալվում, միաձայն քվեարկությամբ եւ ՀԺԿ-ի առաջարկով: Վարչապետ առաջադրվեց Արամ Սարգսյանը` հանրապետության նախագահի առաջարկությամբ եւ Հանրապետական կուսակցության պաշտպանությամբ, հետագայում նրան այդ պաշտոնում փոխարինեց ՀՀԿ կուսակցության խմբակցության ղեկավար Անդրանիկ Մարգարյանը, որը դարձավ ՀՀ ամենաերկարակյաց վարչապետը: Հարցը, որն այդպես էլ չպարզաբանվեց, հետեւյալն է. նրանք, ովքեր իշխանության հարցում ուզում էին իրենց նախագծած լուծումը ստանալ, կանխատեսում էին, որ հանրապետության նախագահը այսպիսի լուծում կառաջադրի, այսպիսի կառավարություն կազմելու կողմնակիցը կլինի: Համոզվեցի՞ն, որ իրավիճակից բխող շատ ավելի լավ տարբերակ ստացվեց: Ի վերջո, ԱԺ ղեկավարությունը եւ կառավարությունը կազմվեց քաղաքական մեծամասնության կամքով: Կանխատեսո՞ւմ էին արդյոք, որ կազմավորված իշխանությունը՝ ՀՀ նախագահ, ՀՀ կառավարություն այս կազմով կարողանալու էին հաղթահարել երկրում առաջացած խորը ճգնաժամը, թե՞ համոզված էին, որ ձախողելու են:

– Որո՞նք էին ՀՀ երկրորդ նախագահ Ռ. Քոչարյանի ընդդիմախոսների սխալները:

– Կարեւորն այն չէ, թե ինչ էին կանխատեսում, կամ ինչում էին համոզված, այլ այն, որ երբեմնի բարձր պաշտոնյաների մի խումբ, տարիներ շարունակ, թիրախ վերցնելով հանրապետության երկրորդ նախագահին, կատարելագործված մեթոդաբանությամբ նրա նկատմամբ ատելություն սերմանելու, վարկաբեկելու հետեւողական աշխատանք տարան: Պիտի խոստովանենք, որ ինչ-որ տեղ էլ կարողացել են հաջողության հասնել: Հանրապետությունում ձեւավորվել է հասարակական որոշակի շերտ, որոնց ուղեղի ծալքերում այնքան խորն է նստեցվել այդ ատելությունը, որ այս մարդիկ տարբեր հարթակներում հնչեցված կարեւոր փաստարկները, ի հայտ եկած անվիճարկելի փաստերը իրենց լսածի հետ համադրելու, ծանր ու թեթեւ անելու, ճշմարտությունը գտնելու ընդունակությունից կարծես զրկված լինեն: Իրենք ճիշտ են եւ վերջ: Ոչինչ ոչ տեսնել եւ ոչ էլ լսել են ուզում:

Ամեն դեպքում շատ կարեւոր է, որ պետության իրավական, քրեական խնդիրների լուծումները փնտրվեն եւ ստանան իրավական հարթությունում, դրանց համար օրենքներով նախատեսված կարգերով ու կանոններով եւ քաղաքական խնդիրները` քաղաքական հարթությունում իրենց կարգով ու կանոնով, հենված քաղաքական գաղափարների վրա եւ հետապնդելով քաղաքական նպատակներ: Հավատացնում եմ, որ մենք էլ, ինչպես աշխարհի շատ քաղաքակիրթ ժողովուրդներ` անձի, հասարակական խմբերի, պետության առաջ կանգնած ամենադժվար խնդիրները, ինչպես աշխարհի շատ քաղաքակիրթ ժողովուրդներ, կարող ենք լուծել՝ պահպանելով այս կանոնները:
Շարադրվածն այն նվազագույն գիտելիքների եւ կուլտուրայի պահանջն է հասարակությունից եւ նրա վերնախավից՝ պետություն կառուցելու համար: Հայաստանը բարձր անուն է եւ ամեն մի հայ, ամեն մի Հայաստանի քաղաքացի այնպես պիտի ապրի, այնպես գործի, որ այն բարձր էլ մնա:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
11.06.2021

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930