«Շառլ Ազնավուրի Հայաստան այցի ժամանակ ճաշում էինք մեր տանը, մայրս այն ժամանակ դեռ ողջ էր։ Շառլ Ազնավուրը մորիցս երկու տարով մեծ էր։ Դիմելով մորս՝ ասաց՝ մայրիկ: Գիտեք մարդու տարիքը այն է, որը ինքն է զգում։ Ես հանդիպել եմ շատ երիտասարդ պառավների և շատ տարիքով երիտասարդների։ Մեզանից է կախված, մենք են մեր տարիքի տերը։ Այս առումով մեր թիմը առանձնանում է ոչ միայն տարիքային յուրահատկությամբ, այլ գործնական գիտելիքներով, կամքով»,- այսօր Հրազդանում նախընտրական հանրահավաքում հայտարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։
Նա հիշեցրեց` 2008 թվականին իրեն հարցազրույցներից մեկի ժամանակ հարցրել են՝ ի՞նչ է անելու նախագահի պաշտոնը հանձնելուց հետո, պատասխանել է․«Չգիտեմ ինչ եմ անելու, բայց հաստատ ամենաերիտասարդ թոշակառուն չեմ լինելու»։ Ապա Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց. «Հունիսի 20-ից հետո մենք ունենալու ենք երիտասարդ մի թոշակառու, որը պետք է պատասխան տա իր արածի ու չարածի համար։ Այն ժամանակ ես չէի մտածի, որ կարող եմ հետ գալ եւ հայտ ներկայացնել իշխանության գալու համար։ Այսօր ես պարտավոր եմ դա անել, ես տեսնում եմ այդ պահանջը ժողովրդի կողմից։ Ուժեղ Հայաստանը կերտողը դուք եք լինելու`իմ ղեկավարությամբ»:
Դաշինքի անդամ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության ղեկավար Վահե Հակոբյանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի`Հայ առաքելական եկեղեցու մասին այսօր արած հայտարարությանը`ասելով. «Մարդն, ով ծնկի է իջել ադրբեջանցիների առջեւ, այսօր սպառնաց հայկական եկեղեցուն ծնկի բերել. թույլ չենք տալու, չի կարողանալու, իրան մնացել է թպրտալ`ուղիղ 9 օր»:
Կարդացեք նաև
Նա նաեւ դիմեց դպրոցների տնօրեններին, համայնքների ղեկավարներին, ում իշխանական տարբեր շրջանակներից այս օրերին սպառում են. «Ժողովուրդ, հաչող շունը չի կծում, պետք չի դրանից վախենալ»:
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն էլ ասաց. «Թավշյա մանդատ տվեցիք՝ Արցախը տվեց, հիմա էլ պողպատե մանդատ է ուզում, հավանաբար, որ Հայաստանը տա: Ամսի 20-ին ժողովուրդը մի ապտակ է տալու եւ ճանապարհի տուն»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ