«Ազգի քաղաքականապես ակտիվ հատվածի ջախջախիչ մեծամասնությունը «Ազգային-ժողովրդավարական բեւեռ»-ի աջակից եւ հետեւորդ է»,-այսօր Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքում ասաց բեւեռի ներկայացուցիչ Վարուժան Ավետիսյանը:
Նա ներկայացրեց բեւեռի ղեկավար կազմին:
Կարդացեք նաև
Բեւեռի խորհրդի անդամ Վահրամ Մարտիրոսյանն ասաց, որ իրենց թիմում մոտիվացված մարդիկ են, որոնք ոչ մի շահ չեն հետապնդում, այլ՝ անշահախնդիր ուզում են ծառայել հայրենիքին՝ այն ավելի լավ դարձնելու:
Վահրամ Մարտիրոսյանն ասաց, որ իրենց ծրագրերը մրցակից չունեն եւ այնպիսի ծրագիր, ինչպիսին Բեւեռինն է, որեւէ քաղաքական ուժ չունի: Ապա մեջբերեց ծրագրից խոստումներ՝ ճանապարհներ ու ջրանցքներ են կառուցելու, հայապահպանության հարցը նոր մակարդակի են բարձրացնելու, որպեսզի սփյուռքի հայերին որպես հայ պահպանեն:
Ըստ պարոն Մարտիրոսյանի, գիտեն՝ ինչպես հարստացնել քաղաքացիներին ու ուսուցիչներին: Նրանց աշխատավարձերն էլ ոչ թե 10-20 տոկոս են բարձրացնելու այլ աշխատավարձի գոյացման նոր մեխանիզմ են սահմանելու: Հարստացնելու են բժիշկներին, անգամ՝ բանվորներին: Հոգ են տանելու ներքին եւ արտաքին անվտանգության համար, լուծելու են երկրի առաջ ծառացած անվտանգության մարտահրավերները:
Բեւեռի անդամները նաեւ խոստացան՝ իշխանության գալու դեպքում իջեցնելու են վարկային տոկոսադրույքները, քանի որ կա այդ հնարավորությունը: Ըստ Վահրամ Մարտիրոսյանի, վարկերը լինելու են ոչ թե 10-15-16 տոկոս այլ, ինչպես զարգացած երկրներում է՝ 3-4 տոկոս. «Այդ էժան ֆինասական միջոցները Եվրոպայում, ԱՄՆ-ում կան, եւ մենք բերելու ենք էժան փողը Հայաստան: Փոխելու ենք հարկերի տուրքերի նկատմամբ մոտեցումը: Հարուստները վճարելու են ավելի շատ չունեվորները՝ ավելի քիչ»:
Բեւեռի անդամները նաեւ խոստացան ստեղծել 100-հազարավոր աշխատատեղեր, եւ մարդիկ կապրեն բարեկեցիկ:
«Պետք է գիտակցել, որ Ռուսաստանը թուլացել է եւ հեռանում է տարածաշրջանից: Ռուսաստանը հրաժարվել է մեզնից, դավաճանել է մեզ եւ, հեռանալով, իր տեղը զիջում է Թուրքիային եւ մեզ հանձնում նրան»,-իր ելույթում ասաց բեւեռի խորհրդի անդամ Վահե Գասպարյանը: Նրա խոսքով, Ռուսաստանը մտածում է՝ մի օր կուժեղանա եւ կվերադառնա. «Բայց նրան չի հետաքրքրում որ այդ ընթացքում հայն ու Հայաստանը կվերանան Թուրքական ծովում»:
Վահե Գասպարյանի խոսքով, պետք է ամեն ինչ անել, որ հեռացող Ռուսաստանին փոխարինեն Ֆրանսիան եւ ԱՄՆ-ն. «Ռուսաստանի՝ Հայաստանի գործակալները, որոնք 30 տարի կառավարում են երկիրը, այնքան են թուլացրել երկիրը, որ առանց հզոր դաշնակցի չենք կարող ոտքի կանգնել»:
Ըստ նրա, եթե ուզում ենք հայրենիք ունենալ եւ ապրել մեր հայրենիքում՝ պետք է սեղմենք Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի մեկնած ձեռքը:
«Մեր իրական դաշնակիցների՝ Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի աջակցությամբ առոչինչ ենք դարձնելու այդ փաստաթուղթը եւ վերադարձնելու ենք մեր գերիներին, ինչը առաջնային հարց է»,-ասաց Վահե Գասպարյանը՝ նշելով, այդ երկրները ցանկանում են Հայաստանը դարձնել հարավ-հյուսիս նախագծի բաղկացուցիչ մաս, եւ, եթե հապաղենք եւ օդում թողնենք նրանց մեկնած ձեռքը Ադրբեջանը չի հապաղելու եւ ինքն է դառնալու այդ նախագծի մաս:
Նրա խոսքով, Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի հետ մեր դաշնակցությունը միայն ռազմական անվտանգություն չէ: Ասաց, որ Սյունիքը վերածելու են անառիկ ամրոցի, բոլոր սահմանամերձ բնակիչներին զինելու են, 18 տարեկան տղաներին առաջնագծից հանելու են, ներդնելու ենք նոր անվտանգային համակարգ:
«Սասնա ծռերն են դատվում, բայց փոխարենը հանցագործները, երկիրը թալանածներն ազատության մեջ են»,-ասաց Վահե Գասպարյանը: Նրա խոսքով՝ իշխանության գալու դեպքում պատժելու են հանցագործներին եւ վերադարձնելու են թալանածը:
Քաղաքական 26 ուժերին բաժանեց երեք խմբի՝ «կրեմլահաճո խմբեր», որոնք ցանկանում են պահպանել գաղութատիրական համակարգը, որպեսզի շարունակեն երկրի թալանը, հաջորդ խումբը ազգայնականներ են, որոնք, ըստ Վահե Գասպարյանի, գտնում են, որ պետք է հույսները մենք մեր վրա դնենք եւ արեւմուտքի հետ դաշնակցություն անելը սխալ է. «Հայաստանն այս վիճակում ի վիճակի չէ լուծել իր առջեւ ծառացած ծանրագույն խնդիրները: Իսրայելի նման հզոր պետությունը նույնիսկ ապավինեց ԱՄՆ-ի օգնությանը: Մենք ասում ենք, որ դաշնակիցների օգնությամբ կգնեք զենք, կզինենք մեր բանակը, եւ ապավինելով մեր բազկին, մենք մեր հողը կպաշտպանենք»:
Երրորդ խումբն, ըստ պարոն Գասպարյանի, Ազգային-ժողովրդավարական բեւեռն է, որը ոչ թե արեւմտամետ է, ոչ թե ռուսամետ է, այլ՝ պետականամետ է:
Բեւեռն իր հանրահավաքն ավարտեց երթով:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ