«Մեր դաշինքը միակն է, որը հանդես է գալիս Հայաստանում ժողովրդավարության պաշտպանության դիրքերից, մեր դաշինքը միակն է, որը գիտակցում է, որ պետությանը թիկունք է անհրաժեշտ եւ մենք հանդես ենք գալիս պետության թիկունքը պաշտպանելու դիրքերից»,-այսօր Արարատի մարզի Արարատ քաղաքում նախընտրական քարոզարշավի ժամանակ ասաց «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք»-ի առաջնորդ Արման Բաբաջանյանը։
«Մենք ձեր աջակցության կարիքն ունենք, որպեսզի այդ թիկունքը ավելի ամուր դարձնենք, ավելի պինդ դարձնենք եւ մեր պետության թիկունքը մերկ չթողնենք այն պահին, երբ ներքին եւ արտաքին թշնամին թիրախավորել են մեր սրբազան պետականությունը, որին պիտի ստորադաս լիներ ամեն ինչ։ Այսօր հասել ենք նրան, որ էդ Քոչարյան կոչվածը ազատություն մուրալու փոխարեն, Ազատության հրապարակից մեզ հաթաթա է տալիս։ Այսօր հասել ենք նրան, որ ուժեղ Հայաստանի մասին մեզ պատկերացում եւ սեփական ընկալումներ են փոխանցում մարդիկ, ում ուսերին սպանությունների, կեղեքումների, թալանի, բանդիտիզմի բազմաթիվ էպիզոդներ են»,-ասաց Արման Բաբաջանյանը։
Դաշինքի գլխավոր առաքելությունն է, ըստ Բաբաջանյանի, նաեւ ուժի մասին թյուր պատկերացումները հիմնահատակ չեզոքացնել․ «Ուժեղ չի նշանակում մարդասպան, ուժեղ չի նշանակում բանդիտ, ուժեղ չի նշանակում հանցագործ։ Ի՞նչ պիտի անենք մենք ՝ ուժեղի մասին այս թյուր պատկերացումները հիմնահատակ ոչնչացնելու համար, գողապետության որջ համարվող ձեր մարզից պիտի հիմնահատակ քոքահան անենք։ Պիտի ասենք, որ մեզ հնարավոր չէ զրկել արժանապատվությունից, հնարավոր չէ զրկել թասիբից եւ այս յենիչերները, այս թուրքերը պիտի ռադ լինեն մեր երկրից։ Կունենա՞նք այդ վճռականությունը»։ Բաբաջանյանի այս խոսքերը հավանեցին նախընտրական հանդիպման եկած մարդիկ, նրանք բացականչեցին՝ այո, այո, միանշանակ։
Կարդացեք նաև
«Ուրեմն գնում ենք առաջ, գնում ենք ի գործ՝ 24 ժամ աշխատելու երդմամբ, իրար հետ ձեռք ձեռքի տված, ուխտ ենք անում սրբազան ու պայծառ ապագա ու երկիր կառուցելու համար»,-կոչ արեց Արման Բաբաջանյանը։ Հավաքվածները բացականչեցին՝ Փաշինյանի հետ միասին, Սերժն ու Ռոբը՝ միասին։
«Ուրեմն բոլորս ի գործ եւ դեպի հաղթանակ»,-այսպես ամփոփեց իր ելույթը Բաբաջանյանը։ Քաղաքացիները ծափահարություններով արձագանքեցին․ «Բռավո, հաղթանակ»։
Դաշինքի քարոզարշավի մասին մանրամասները՝ տեսանյութում:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ