Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր հիմնական դաշնակիցը Ռուսաստանն է, եւ դա վերանայման ենթակա չէ». Գագիկ Ծառուկյան

Հունիս 11,2021 22:07

«Մեր առաջնային խնդիրը պիտի լինի մեր անվտանգությունն ապահովել` սահմանների, ժողովրդի, բայց առաջին հերթին դրա լուծումը Ռուսաստանի հետ է, որ մեր զինվորը ռուս զինվորի հետ ուս-ուսի տված սահմանը պահի: Միայն այդ դեպքում ապահով կլինի, ժողովուրդը վստահ կլինի»,- այսօր Եղեգնաձորում, նախընտրական քարոզարշավի ժամանակ հայտարարեց ԲՀԿ նախագահ, կուսակցության վարչապետի թեկնածու Գագիկ Ծառուկյանը:

Ըստ նրա, 44-օրյա պատերազմը  ցույց տվեց, որ Ռուսաստանը միակ պետությունն էր, որն առաջին օրից աջակցություն է ցուցաբերել Հայաստանին: Նրա մատուցմամբ, Ռուսաստանը այսօր էլ սատարում է Հայաստանին, քանի որ այդ երկրի սահմանապահները հայ զինվորականների հետ միասին ապահովում են մեր հանրապետության սահմանների անվտանգությունը, ինչպես դա նախքան պատերազմն էր. «Մեր հիմնական դաշնակիցը Ռուսաստանն է, եւ դա վերանայման ենթակա չէ: Մեր հարաբերություններն ունեն բազմադարյա պատմություն: Մենք եղբայրացել ենք, եղել ենք մտերիմ եւ այժմ պատրաստ ենք շարունակել այդ հարաբերությունները»: Գագիկ Ծառուկյանը վստահեցնում է, որ ՌԴ-ում էլ պատրաստ են Հայաստանի հետ շարունակել եւ ընդլայնել համագործակցությունը:

Խոսելով Հայաստանում տնտեսության զարգացման մասին, Գագիկ Ծառուկյանը կարեւորեց արդյունաբերության եւ գյուղատնտեսության զարգացումը: Նա առաջնային խնդիր է համարում գյուղնախարարության վերաբացումը: Գագիկ Ծառուկյանը խոսեց նաեւ գյուղատնտեսական եւ առողջապահական վարկերը մարելու իրենց ծրագրից:

Ըստ Գագիկ Ծառուկյանի, Հայաստանից մասնագետներն են արտագաղթել, երկրում  դժվար է գտնել անգամ նորմալ որակավորված զոդող եւ էլեկտրիկ. «Այդ մարդիկ հեռացել են, որովհետեւ նրանք չեն կարող աշխատանք գտնել: Աշխատանք չկա, եւ այդ մարդիկ ի վիճակի չեն ապահովել իրենց ընտանիքները: Արդյունքում նրանք մեկնել են արտագնա աշխատանքի: Հավաստիացնում եմ ձեզ, այժմ մեր երկրում մասնագետներ չկան: Եթե անգամ դուք շատ ցանկանաք գտնել, ապա չեք կարողանա: Նրանց մատների վրա կարելի է հաշվել, այն էլ խոսքը հիմնականում վերաբերում է երիտասարդ մարդկանց, որոնք միայն վերջերս են վարպետացել»:

Գագիկ Ծառուկյանը խոսեց նաեւ առողջապահությունից. «Եթե պետպատվերը 15 տարի նայելով չի արդարացնում, ժողովուրդը դժգոհ է, արդյունքի չի հասնում, նպատակին չի հասնում, ուրեմն գումարը տրամադրեք, հիվանդանոցները թող անվճար լինեն: Ամեն հիվանդանոցին, եթե մեկ միլիոն դոլար տրամադրեն, համ բժիշկների աշխատավարձը լավ կլինի` 500-1000 դոլար կլինի, որով մնացած ամեն ինչն էլ, կոմունալներն էլ կփակեն, թող լինի 30- 50 հիվանդանոց»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930