Այսօր Տավուշի մարզում քարոզարշավի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի ու իր հարաբերություններին. «Ի՞նչ եղավ ու ինչո՞ւ այդպես եղավ: Ես վարչապետ եմ դարձել, Օնիկը եղել է ԳՇ պետի առաջին տեղակալ՝ գեներալ-մայորի կոչումով: Հետագայում իմ միջնորդությամբ իրեն շնորհվել է գեներալ-լեյտենանտի կոչում եւ պատերազմի ժամանակ իմ նախաձեռնությամբ շնորհվել է գեներալ-գնդապետի կոչում: Երբ որ ես Օնիկին միջնորդել եմ նշանակել ԳՇ պետ, մենակ մի խոսակցություն եմ ունեցել, մի բան եմ ասել՝ Օնիկ, ես գիտես մենակ մի բանից եմ այս պատմության մեջ վախենում: Ասել եմ՝ իմ կարծիքով դու նախկին իշխանությունների հետ ահագին ամուր կապեր ունես: Ինքն էլ ասել է՝ չէ, այդտեղ խնդիր չունես, մի անհանգստացի ու ես նշանակել եմ: Նույնիսկ իմ քաղաքական մերձավորները կնեղանան, երբեմն համոզված եմ նաեւ՝ նեղացել են, ես Օնիկին վստահել եմ հարազատ ախպոր նման: Ես իր ասածները երբեք կասկածի տակ չեմ դրել: Նույնիսկ ինքը, երբ նշանակված էր, հուլիսյան մարտերի ժամանակ Ազգային անվտանգության ծառայությունն ինձ մի դրվագի մասին ասեց, ասեց՝ այսպիսի դրվագ է եղել, ինքը քեզ սխալ է զեկուցել: Ես ասեցի՝ բացառվա՛ծ է, չեմ հավատում, որ ինքը ինձ սխալ բան զեկուցած լինի: Խոսեցինք իր հետ, ասեցի՝ ես քեզ եմ հավատում, քե՛զ եմ հավատալու:
Այդպես եղել է մինչեւ պատերազմն ավարտվելուց հետո: Պատերազմի ընթացքում էլի եղել են դրվագներ, երբ որ Արցախից նույնիսկ մեր գործընկերներն եկել են, ասել են՝ գիտես ինչ, այս դրվագն այսպես է: Ես զանգել եմ, ասել եմ՝ Օնիկ ջան, այսպիսի բան են ասում, ի՞նչ ես ասում: Մենք եկել ենք եզրակացության, որ պատերազմի դրվագներով ես պետք է լսեմ իր ասածը: Ես համաձայնել եմ դրա հետ, որովհետեւ ինքն է ԶՈՒ անմիջական ղեկավարը: Նոյեմբերի 20-ին Օնիկ Գասպարյանը գնում է Սյունիքի մարզ, հանդիպում է ունենում որոշ շրջանակների հետ, ինչ-ինչ պատճառով ճանապարհին հեռախոսային խոսակցություն է ունենում Սերժ Սարգսյանի հետ, նրա հետ հեռախոսային խոսակցության մեջ իմ մասին ասում են ամենավերջին բառերը, հետո պայմանավորվում են, որ պետք է իրար հետ հանդիպեն, հետո այդ իրիկունը Օնիկն ասում է՝ ուզում եմ գամ մոտդ: Մենք հանդիպում ենք Կոնդի առանձնատանը:
Ինքը ինձ ասում է՝ որոշում կայացրու՝ հրաժարական տուր: Ես իրեն պատասխանում եմ՝ Օնիկ ջան, քանի՞ օր չես քնել, ասում է՝ 4-5 օր երեւի: Ասում եմ՝ խնդրում եմ, այս խոսակցությունը մոռանանք, գնա քնի, հանգստացի: Հետո կանչում եմ իրեն, ասում եմ՝ Օնիկ, տես, ես քեզ անվերապահորեն վստահել եմ, ուզում եմ էլի անվերապահորեն վստահել, մենք իրար գիտենք արմատներից: Ես քեզ խոստանում եմ, որ ես կմոռանամ այդ պատմությունը, որ եկել ես, ինձ ասում ես՝ հրաժարական տուր: Հետո զգում եմ, որ քաղաքական ազդեցություններ կան ԳՇ-ի նկատմամբ, որից հետո ի հայտ են գալիս դրվագներ, որից ես համոզվում եմ, որ իրոք, շատ բաներ ինձ ճիշտ չի զեկուցվել ու ճիշտ չզեկուցվելու արդյունքում ի հայտ են գալիս խնդիրներ»:
Փաշինյանն ասաց, որ քայլ առ քայլ ԳՇ-ն անցել է ընդդիմության շարքերը. «Որպեսզի պատկերացնեք, թե ինչքան անվերապահ եմ վստահել Օնիկ Գասպարյանին, ասեմ՝ երբ որ ինքը ինձ ասել է, որ Տիրան Խաչատրյանին պետք է տալ Ազգային հերոսի կոչում, որովհետեւ ինքը այնտեղ միջոցներ է ձեռնարկում, որպեսզի հակագրոհ կազմակերպի, դա պետք է քաջալերվի եւ այլն, դա չեմ էլ քննարկել: Ասել եմ՝ եթե դա է այսօր պետք, որ ռազմի դաշտում հաջողություն ունենանք, ես քո ասածով դա կանեմ: Եվ այսօր Տիրան Խաչատրյանը վեր է կենում, իմ հասցեին ամենավերջին բաներն է ասում: Թող Տիրան Խաչատրյանը իրեն տված Ազգային հերոսի կոչումից հրաժարվի, որովհետեւ եթե արժանապատիվ սպա է ու համարում է, որ այն մարդը, որն իրեն հերոսի կոչում տալու որոշումը, միջնորդությունը ստորագրել է ու այդ մարդը ոչ մի բան չի հասկանում, ուրեմն ինքը պետք է հրաժարվի այդ կոչումից: Մենք կհավատանք, որ ինքը ոչ թե անձնական ինչ-որ բաներ ունի, այլ՝ պետական մտածումներ»:
Կարդացեք նաև
Տիրան Խաչատրյանը արձագանքել է Փաշինյանի ասածին՝ նշելով՝ «Ամեն ապուշի ասածին չեմ արձագանքելու»:
Փաշինյանն ասաց, որ լուրեր են տարածվում, որ ինքը նոյեմբերի 9-ի երեկոյան թուղթը ստորագրելիս Բարխուդարլու, Խրեմլու, այդ բոլոր փաթեթները միասին վերցրած ուզել է ստորագրի ու Օնիկ Գասպարյանը թույլ չի տվել. «Իրականությունը լրիվ հակառակն է: 10 մարդու ներկայությամբ Օնիկն ասել է, որ պետք է ստորագրել: Ես չեմ մեղադրել իրեն, որովհետեւ համարել եմ, որ ինքը մարդ է, որը պատերազմին մասնակցել է, ոտքը կորցրել է: Չեմ մեղադրել, որովհետեւ այդ պահին ինքը կարող է այդպես է մտածել: Ես մեղադրում եմ, որ ինքը հիմա հետահայաց հակառակ լուրերն է տարածում, խի՞: Եթե մեկը իրավունք ուներ ասեր՝ ստորագրի, դա ի՛նքն էր, որովհետեւ ինքն է այստեղ այն տարիներին պատերազմին մասնակցել ու ոտքը կորցրել: Եթե իր գնահատականն այդ էր, չեմ ասել իրեն՝ ո՞նց, ինչի՞ ես նման բան ասում: Ես ասել եմ՝ ոչ, դա բացառված է, ես չեմ ստորագրի: Միջոցներ ենք ձեռնարկել, այդ մասն էլ, ուրիշ մասերն էլ դուրս են եկել: Ասել եմ՝ ձեռներս կկտրեմ, ինչ ուզում է լինի՝ այդ թուղթը չեմ ստորագրի»:
Հիմա Փաշինյանը կասկածում է, որ Օնիկ Գասպարյան իրեն մղել է ստորագրելու, որովհետեւ մտածել է՝ ինչքան վատը լինի այդ փաստաթուղթը, այնքան ավելի մեծ հնարավորություն կա, որ դա քաղաքական պայթյուն կառաջացնի ու կքշի, կտանի իրենց կառավարությանն ու Փաշինյանին. «Ես հիմա եմ հետահայաց մտածում: Մի այդպիսի դրվագ էլ Շուշիի հետ կապված կա»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ