Գյումրու թիվ 1 պոլիկլինիկայի տնօրեն Այվազ Սուքիասյանին ազատել են աշխատանքից։ Նա Aravot.am-ի հետ զրույցում պնդեց, որ պատճառը իր քաղաքական կողմնորոշումն է․ «Հայաստան» դաշինքին աջակցելն է։
«Ես դիմում էին ներկայացրել արձակուրդ գնալու, երեք տարի արձակուրդ չեմ գնացել, գերհոգնած վիճակում եմ, ասացի՝ արձակուրդ վերցնեմ, մի քանի օր հանգստանամ։
Ամսի 8-ին՝ ժամը 12․30-13․00-ի սահմաններում, զանգահարեց Շիրակի մարզպետարանի կադրերի բաժնի ղեկավարը, թե ձեզ հետ կապված որոշում կա, շատ շտապ եկեք։ Մտածեցի արձակուրդն են ձևակերպել, գնացի, ձեռքս տվեցին աշխատանքից ազատման որոշումը։ Ես չվերցրեցի։
Որոշման մեջ «ՓԲԸ-ների մասին» օրենքի կետեր էին, համաձայն որի՝ խորհուրդը կամ բաժնետերերի ժողովը ցանկացած պահի կարող է ազատել աշխատանքից։
Կարդացեք նաև
Դա առաջին կետն էր, մյուս կետը՝ազատել աշխատանքից ՀՀ օրենքով սահմանված այլ հիմքերով, թե հիմա այլ հիմքը որն է, նույնիսկ իրավաբանները չգիտեն, զրուցել եմ իրենց հետ։ Նրանք ասում էին հակասահմանադրական կետեր են դրանք։
Ինձ նախապես չեն ծանուցել, պայմանագրով առնվազն 10 օր առաջ պիտի ծանուցեին ազատման մասին, բայց այդ հաշվարկ կա, ըստ ստաժի՝ ծանուցման ժամկետ կա։
Ես զանգահարել եմ մարզպետին, բանավոր հարցրել եմ՝ ինչի՞ համար, ասաց՝ ուղղակի էդպես է պետք, օգտվել եմ «ՓԲԸ-ների մասին» օրենքի կետից», -ասաց Այվազ Սուքիասյանը։
Մեր զրուցակիցն ասաց, որ երբևէ չի թաքցրել «Հայաստան դաշինքի»-ի համակիր լինելը, այս մասին բոլորն են իմացել, քանի որ բացահայտ ցուցադրել է իր դիրքորոշումը, բայց և երբևէ պոլիկլինիկայի կոլեկտիվում քարոզարշավ չի իրականացրել, որ պատճառաբանեին, թե քարոզարշավ ես արել, դրա համար ազատում ենք։
«Իմ շրջապատում բոլորն էլ գիտեին, որ ես «Հայաստան» դաշինքի աջակիցն եմ։ Ես անկուսակցական եմ, որպես հայրենասեր մարդ՝ այս իշխանություններին չեմ ընդունում»։
Հինգ տարի շարունակ պոլիկլինիկան գլխավորած Այվազ Սուքիասյանն իրավաբանական խորհրդատվություն է ստանում, չի բացառվում, որ բողոքարկի մարզպետի որոշումը։
«Խայտառակ անգրագետ որոշում է, այս որոշումը տեսնելիս նույնիսկ սկսնակ փաստաբանների ծիծաղն է եկել։ Դուք լավ գիտեք՝ տարբեր մարզպետների ու նախարարների օրոք ինչեր եմ քաշել, որ բուժհիմնարկը չփակեն․ պոլիկլինիկայի շենքի հետ կապված խնդիր կար, չլուծվեց, կյանքի գնով, ատամներով պահեցինք, փայփայեցինք պոլիկլինիկան, որ չփակվի։
«Եթե քաղաքական հայացքների պատճառով մարդ եք ազատում, այդ դեպքում, երևի թե, Գյումրու 80-90 տոկոսին պիտի ազատեք, փոխեք։ Ով էլ վախենում է արտահայտվի, բայց ես շփվում եմ, գիտեմ, բոլորն էլ ուրիշ համակիրներն ունեն, բայց ոչ հաստատ այս իշխանություններին», – ասաց Այվազ Սուքիասյանը։
Մենք կլսենք նաև Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանի պարզաբանումները։
Հ․Գ․ Ի դեպ, ահազանգեր ենք ստանում նաև կրթական հաստատություններից, որ քաղաքական հայացքների համար պատրաստվում են պաշտոնանկ անել մի քանի դպրոցների տնօրենների, որոնց մեջ կան նաև դաշնակցականներ։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Այվազ Սուքիասյանի լուսանկարը՝ shantnews.am-ի: