Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկական կողմը պետք է գերեվարի հակառակորդի զինվորների՝ հետագայում մեր տղաների հետ փոխանակելու համար. Արշակ Սադոյան

Հունիս 11,2021 19:10

Երկրում ստեղծված ճգնաժամի հետեւանքով Հայաստանը չի կարող ՀԱՊԿ-ի վրա հույս դնել: Այս կարծիքին է «Ազատ հայրենիք» նախընտրական դաշինքի ներկայացուցիչ Արշակ Սադոյանը: Նա այսօր «Տեսակետ» ակումբում ասաց, որ պետք է հայացքն ուղղել այն ուժերի կողմը, որոնք շահագրգռված են տարածաշրջանում խաղաղության հաստատմանը. «Մինսկի խմբի համանախագահներից երկուսը հստակ հայանպաստ դիրք գրավեցին՝ պահանջում են ե՛ւ գերիների վերադարձը ե՛ւ սահմաններից դուրս գալ: Պետք է այդ հիմքերն ուժեղացնելով՝ գնալ պահանջները խստացնելուն»:

Արշակ Սադոյանը կարծում է, որ  Հայաստանում առկա լարվածության պայմաններում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը բոլորովին տեղին չէ: Ըստ նրա նման քաղաքական գործընթացների գնալուց առաջ նախ՝ պետք էր երկրում հանդարտեցնել կրքերը. «Երկրին պետք է կայունություն: Դա է թիվ մեկ խնդիրը: Նրանք, որոնք դեմ են անձնական շահերով առաջնորդվող, խիստ աղքատիկ ժառանգություն թողած նախկիներին, ովքեր դեմ են ապաշնորհ նորերին, առաջարկում ենք միավորվել, որի նպատակը կլինի հետեւյալը: Մեկ ու կես տարի անցումային ժամանակահատվածում երկիրը ոտքի կանգնեցնելը»:

Սադոյանը կարծում է՝ աննախադեպ ծավալի աշխատանք պետք է կատարվի՝ հաշվի առնելով  պատերազմի կորուստները, որոնք թե՛ նյութական են, թե՛ մարդկային: Իսկ որպես առաջնահերթություն, տեսնում է անվտանգային համակարգն ամուր հիմքերի վրա դնելը: Եվ այդ ամենին զուգահեռ կարգի բերել տնտեսությունը. «Որքա՞ն կարելի է մի քանի անգամ հետ մնալ զարգացած երկրներից: Մենք հասկանում ենք, որ այդ բոլոր խնդիրները միայն հայաստանաբնակ ուժերով հնարավոր չէ անել, մենք հիմքում դրեցինք Սփյուռքի ներուժի օգտագործումը: Առաջարկում ենք ստեղծել նպատակային գործունեության կազմակերպություն, որի մայրաքաղաք-կենտրոն կլինի Հայաստանը»:

Սադոյանը կարծում է, որ Հայաստանի սուվերեն տարածք ներխուժած ադրբեջանցիներին հակադարձելու համար հայկական կողմը պետք է գերեվարի հակառակորդի զինվորներին՝ հետագայում մեր տղաների հետ փոխանակելու համար:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930