Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես հիշեցի չինական հայտնի կապիկներին». Տիգրան Խզմալյանը՝ նախկին երեք իշխող ուժերի և Նիկոլ Փաշինյանի մասին

Հունիս 11,2021 18:57

«ՀՀ-ն երևի պատմության մեջ միակ երկիրն է, որտեղ ընտրություններին մասնակցում են միանգամից բոլոր՝ մեր դեպքում չորս նախկին ու ներկա իշխանությունները: Սա աննախադեպ է»,- Aravot.am-ի հետ զրույցում այսպիսի կարծիք հայտնեց «Հայաստանի եվրոպական կուսակցության» նախագահ, ԱԺ պատգամավորի թեկնածու Տիգրան Խզմալյանը:

Հիշեցնենք՝ Հայաստանի եվրոպական կուսակցությունը մասնակցում է հունիսի 20-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններին:

Նրա համոզմամբ՝ սրանք «վերջին ընտրություններն են ՀՀ պատմության մեջ, որոնք թելադրված են Կրեմլի և ԿԳԲ-ի կողմից»:
Մեր հարցին՝ ընտրողների հետ շփումներն ի՞նչ են ցույց տալիս՝ ինչպիսի՞ն են տրամադրությունները Ձեր ուժի հետ կապված, և արդյոք նախկին երեք նախագահների և ներկայիս վարչապետի թեկնածուի հակամարտությունը չի՞ խանգարում իրենց, Տիգրան Խզմալյանը պատասխանեց. «Ես հիշեցի չինական հայտնի կապիկներին, որոնցից մեկը փակում է աչքերը, որ չտեսնի չարիքը, մյուսը փակում է ականջները, որ չլսի չարիքը, երրորդը բերանն է փակում, որ չարտաբերի այդ չարիքը: Մեր աչքի առաջ հայկական եռյակ է կամ անգամ քառյակ, որոնք արտաբերում, արտադրում, արտահանում են չարիք»:

Տիգրան Խզմալյանի հավաստմամբ՝ նրանք բոլորն էլ ծառայում են Կրեմլին. «Միանշանակ է, որ նրանք բոլոր Կրեմլի խամաճիկներն են»:

Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ ակնկալիքով են մասնակցում ընտրություններին, մանավանդ սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ այդ ուժերը բավականին բարձր հորիզոնականներ են զբաղեցնում, նա պատասխանեց. «Սոցիոլոգիական հարցումներին լուրջ վերաբերվել պետք չէ. դրանց մեջ անգամ չկա մեր անունը, հասկանում ենք՝ ով է պատվիրել: Մենք շատ պարզ օրակարգ և առաջարկ ենք անում հասարակությանը. Հայաստանը Եվրոպա է և վերջ: Պետք է դուրս գալ ՀԱՊԿ-ից, ԵԱՏՄ-ից, մուտք գործել ԵՄ և ՆԱՏՕ, որը կարելի է անվանել արմենթըր, եվրաինտեգրում, որը մենք անվանում ենք երկրի եվրոռեմոնտ»:

Տիգրան Խզմալյանն ասաց՝ իրենց այս ընտրություններին բավական է մուտք գործել խորհրդարան, հաջորդին՝ կհաղթեն: Իսկ մասնակից մյուս ուժերի մասին ասաց. «Բաքվի 26 կոմիսարները, որոնք իրենց կուսակցություններ են անվանում, իրականում ռուսակցություններ են: Հավատում եմ իմ ժողովրդի բանականությանը, որ նա երեսուն արծաթով չի ծախի իր ձայնը, խիղճը և իր երեխաների ապագան ռուս-թուրքական դավաճաններին»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930