«Տավուշի մարզում ադրբեջանական հողեր կան… Բարխուդարլու, Խեյրիմլի, Սոֆուլու, Ոսկեպար…». իմքայլական Վահե Ղալումյանը Ադրբեջանի հետ խաղաղության մասին խոսելով՝ լրագրողների հետ զրույցում այսպիսի հավաստիացում էր արել:
Այսօր Տավուշի մարզի Բերդավան համայնքում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ՔՊ-ի քարոզարշավի ժամանակ անդրադարձավ Տավուշից հող հանձնելու թեմային. «Ո՞րն է մեր պատկերացումը, որ պետք է լուծենք: Պատկերացումն այն է, որ մենք պետք է ֆիքսենք, մենք էլ խնդիր ունենք, այնպես չի, որ միակողմանի խնդիր է: Մեր տեսլականն այն է, որ այն, ինչը մեր կանտրոլի տակ է, պետք է շարունակի մնալ մեր կանտրոլի տակ:
Բայց մյուս կողմից դուք գիտեք, որ ե՛ւ Նոյեմբերյանի, ե՛ւ Իջեւանի հատվածում, ե՛ւ Բերդի հատվածում կան հազարավոր հեկտարներով Հայաստանի գյուղերին պատկանող հողեր, որ պատերազմից հետո գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ: Այս թեմաները պետք է չթաքցնենք, որ կարողանանք մեր իրավունքները պատշաճ պաշտպանենք: Օրինակ, Բերքաբեր գյուղի ամբողջ վարելահողերի 90%-ը Ադրբեջանի հսկողության տակ է ու այդ գյուղը, ըստ էության, վարելահող չունի: Այսպես տասնյակ գյուղեր հայ-ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով կան: Մենակ Տավուշի մարզից հազարավոր հեկտարներով հողեր գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ, դուք գիտե՞ք դրա մասին: Ձեր գյուղից ինչքա՞ն տարածքներ կան, որ Ադրբեջանի վերահսկողության ներքո են»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ