Լրահոս
Օրվա լրահոսը

Դատական համակարգը ճնշման տակ է. նախաքննական մարմինը դատավոր է փնտրում Արմավիրի նախկին քաղաքապետի գործով ապօրինությունները դակելու համար. «Փաստինֆո»

Հունիս 11,2021 18:50

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Արմավիրի նախկին քաղաքապետ Ռուբեն Խլղաթյանի ձերբակալման որոշման դեմ բողոքի քննարկումը ձգձգվում է, թեեւ ենթադրում է հրատապ քննություն։

Դատավորները գտնվում են ուժեղ ճնշման տակ, որոնց առաջ պահանջ է դրվել կալանավորել Արմավիրի նախկին քաղաքապետին՝ անկախ հիմքերի բացակայությունից։ Նախաքննական մարմինը փորձում է գտնել «հարմար» դատավոր, որը պատրաստ է դակել իրենց միջնորդությունները։

«Փաստինֆո»-ն ավելի վաղ տեղեկացրել է, որ ձերբակալելու որոշման դեմ փաստաբանի բողոքը մակագրվել է մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արթուր Ադամյանին, սակայն քննությունն այդպես էլ տեղի չի ունեցել, քանի որ քննիչը դատավորին ինքնաբացարկ հայտնելու մասին միջնորդություն է ներկայացրել՝ կասկածելով, որ դատավորը կարող է ինքնուրույնություն ցուցաբերել։

Փաստաբան Արսեն Սարդարյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, որ քննիչն ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել՝ նշելով, որ դատարանը դեռևս գտնվում է խորհրդակցական սենյակում, սպասում են դատարանի որոշմանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ Ռուբեն Խլղաթյանը ձերբակալվել է երեկ՝ 22.25-ի սահմաններում, մինչև այդ փաստացի՝ արգելանքի են վերցրել 17.30-ին, սակայն վարույթ իրականացնող մարմնի ներկայացուցիչներն արձանագրել են 18։30-ին։ Խլղաթյանը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 34-154.2-րդ հոդվածի երկրորդ մասի կասկածանքով՝ ընտրակաշառք բաժանելու փորձի կասկածանքով։

Փաստաբան Արսեն Սարդարյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնեց, որ Խլղաթյանին մեղադրանք չի առաջադրվել։ Ըստ նրա՝ առերեւույթ կասկածանքն անհիմն է, որևէ փաստական տվյալ չկա և չի կարող լինել, որովհետև իր վստահորդն անմեղ է և նրա նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։ Հարցին՝ արդյո՞ք Խլղաթյանի դեմ ցուցմունք կա, փաստաբանը նշեց, որ, եթե այդպիսին լինի, կլինի կեղծ ցուցմունք, բայց նման տեղեկություն չունեն։

Փաստաբանն ընդգծեց, որ կասկածանքը որևէ փաստական տվյալով ամրագրված չէ և քննությունն ի սկզբանե ցույց է տվել ուղղորդվածությունը, ավելին, նույնիսկ փաստաբանների՝ մուտք գործելը եղել է ՄԻՊ-ի միջնորդությամբ, իսկ ձերբակալությունը եղել է ինքնանպատակ։

Նրա գնահատմամբ՝ նման իրավական ամենաթողությունը փաստում է քաղաքական հետապնդման մասին։ Նշենք, որ Խլղաթյանը հանդիսանում է «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ՝ առաջադրվելով որպես պատգամավորության թեկնածու։

Իզաբել ՍԱՀԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930